Գողականների մեծ մասը չեզոք դիրք է բռնել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրական գործընթացներում քրեական հեղինակությունները, «գողականները» միշտ կարեւոր դերակատարում են ունեցել։ Նրանք, որպես կանոն, իշխանություններին են աջակցել, բայց այս անգամ, մեր տեղեկություններով, որոշել են հնարավորինս չեզոք դիրք բռնել։

Համենայնդեպս, քրեական աշխարհի ծանրակշիռ հատվածը որոշել է չմիջամտել նախընտրական գործընթացին՝ որեւէ ուժի օգտին չաշխատել։ Կան մի քանիսը, օրինակ, Չաղ Ռուստամ անունով Ռուստամ Ստեփանյանն ու իր բանդան, իրենց իշխանական հովանավորի՝ Հայկ Սարգսյանի ղեկավարությամբ, ակտիվորեն աշխատում են ՔՊ-ի օգտին։

Դոն Պիպոյի եղբայրն է մահացել, նա 40 օր սուգ է պահելու, Վստրեչի Ապերը գնացել է իր հայրական Քաղսի եւ ասել է, որ ոչ մի բանի չի խառնվելու։ Որոշ տեղեկություններով՝ Փաշինյանի օգտին են աշխատում նորատուսցի Արա եւ Ալիկ Բանդուրյան եղբայրները, որոնց եւս համակարգում է Հայկ Սարգսյանը։ Մեզ պատմեցին, որ այս օրերին իշխանությունը հանցավոր աշխարհի բոլոր այն ներկայացուցիչներին, որոնք տարբեր պատճառներով գտնվում էին արտերկրում, եւ նրանց մուտքն արգելված էր Հայաստան, թույլ է տվել վերադառնալ հայրենիք, որ աջակցեն իրենց։

Օրեր առաջ էլ ոստիկանություն են հրավիրվել քրեական ու թաղային մի շարք հեղինակություններ, որոնց առաջարկվել է աջակցել Փաշինյանին։ Նրանց մեծ մասը, սակայն, մերժել է առաջարկը։ Ուժայիններն ասել են՝ այդ դեպքում գոնե խոստացեք, որ Քոչարյանին էլ չեք աջակցելու։ Ոմանք համաձայնել են, ոմանք ասել են՝ ընդդիմադիր ուժերի մեջ ընկերներ ունենք, պետք է օգնենք նրանց, իսկ մի փոքր մասն էլ համարում է, որ «սա հայրենիքի հարց է, ոչ թե քաղաքականության»՝ չեն կարող մի կողմ քաշվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս