Այս արատավոր երևույթը խիստ մտահոգիչ է. Արման Թաթոյանը՝ ընտրությունների վերաբերյալ կարծիք արտահայտող քաղաքացիներին ծաղրելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել.

Նախընտրական քարոզարշավի արատավոր ու խիստ մտահոգիչ երևույթներից է այն, որ տարբեր քաղաքական ուժերի կողմնակիցներ պատրաստում ու տարածում են իրենց հակառակորդ ուժերի աջակից կամ նրանց օգտին կարծիք արտահայտող քաղաքացիների լուսանկարներ և տեսանյութեր՝ վիրավորանքներով, հայհոյանքներով ու նվաստացնող արտահայտություններով: Խոսքը մեր հայրենակից իրական մարդկանց մասին է:

Ընդ որում, ընտրությունների վերաբերյալ կարծիք արտահայտելու համար մարդկանց լուսանկարների ու տեսանյութերի վրա արվում են վիրավորական ու հայհոյանքի գրառումներ՝ նաև օգտագործելով նրանց ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկությունները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ սոցիալական մեդիայի տիրույթում նշված լուսանկարներն ու տեսանյութերը ստանում են արագ տարածում, արժանանում են ծաղրանքի, ուղեկցվում են ավելի խորքային վիրավորանքներով, հայհոյանքներով ու ատելության խոսքով՝ նվաստացնելով մարդկանց արժանապատվությունը: Հետո էլ այդ գրառումներ անողներին քննադատում են մյուս ուժերի կողմնակիցները նույն արտահայտություններով («ժեխ», «զոմբի», «ծախված», «ոհմակ», «բորենի» և այլն):

Վիճակն ավելի են բորբոքում կեղծ էջերի ու օգտահաշիվների գրառումները, որոնք առավել ագրեսիվ են ու անգամ առանձնանում են անօրինական արարքների, այդ թվում՝ բռնության կոչերով:

Այս բացարձակ արատավոր երևույթը նախևառաջ կոպտորեն խախտում է այն մարդկանց իրավունքները, որոնց լուսանկարներն ու տեսանյութերը ծաղրող, վիրավորանքի ու հայհոյանքի նկարներով համացանցում տարածվում են:

Պետք է նկատի ունենալ կարծիքի ազատ արտահայտման, մասնավոր և ընտանեկան կյանքի, արժանապատվության և արժանապատիվ վերաբերմունքի իրավունքները յուրաքանչյուր մարդու համար երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ և պետք է հարգվեն:

Դրանից բացի, այս արատավոր երևույթը խիստ մտահոգիչ է, քանի որ վկայում է հասարակության բևեռացման, ինչպես նաև անհանդուրժողականության անթույլատրելի բարձր մակարդակի մասին:

Ուստի, կոչ եմ անում դադարեցնել այս արատավոր երևույթը, իսկ նախընտրական քարոզարշավի բոլոր մասնակից քաղաքական ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն, այդ թվում՝ իրենց կողմնակիցներին կոչ անելով զերծ մնալ վիրավորանքից և հայհոյանքից, ինչպես նաև ատելության ու արժանապատվությունը նվաստացնող խոսքից։

Այս ընտրությունների գլխավոր խնդիրներից է վերականգնել երկրում համերաշխություննն ու ապահովել իրավունքի գերակայության հաստատումը, այլ ոչ թե առավել խորացնել բևեռացումն ու անհանդուրժողականությունը։




Լրահոս