ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտարարագրեր․ որոնք են «ամենահարուստ» և «ամենաաղքատ» քաղաքական ուժերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մնացել է 8 օր, քաղաքական ուժերը շարունակում են քարոզարշավը։ Այս պահին պայքարի մեջ է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն եւ 4 դաշինք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ոչ միայն հրապարակվել են ընտրացուցակները, այլ նաեւ քաղաքական ուժերի հայտարարագրերը, որոնցից կարելի է իմանալ նրանց դրամական միջոցների, եկամուտների,  անշարժ եւ շարժական գույքի մասին։ Այսպիսով, ArmLur.am-ն ուսումնասիրել է քաղաքական ուժերի ներկայացրած հայտարարագրերը եւ կներկայացնի «ամենաաղքատ» եւ «ամենահարուստ» ուժերին։

Հայտարարագրերից պարզ է դառնում, որ «ամենահարուստ» քաղաքական ուժը «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներն են։ Ինչպես հայտնի է, «Հայաստան» դաշինքի մեջ է մտնում «Վերածնվող Հայաստան» և «Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները։ ՀՅԴ-ն հայտարարագրել է 75 միավոր անշարժ գույք Երևանում և մարզերում, ունի 720 հազար դրամ դրամական միջոց, իսկ կամուտները կազմում են 27 մլն 823 հազար դրամ, որոնք ստացվել են կուսակցության անդամավճարներից, իսկ 4 մլն 303 հազար դրամ էլ ստացվել է Կենտրոնական գանձապետարանից որպես բյուջետային ֆինանսավորում, մնացածը եկամուտներն էլ ստացվել են վարձակալության գումարներից։ Իսկ  «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը վարձակալության իրավունքով տնօրինում է 1 հասարակական տարածք Գյումրի քաղաքում։

«Պատիվ ունեմ» դաշինքի կազմում են Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ «Հայրենիք» կուսակցության հայտարարագրում նշված է 1 գույք՝ անհատույց օգտագործման իրավունքով եւ  3 միավոր գույք՝ վարձակալության հիմունքներով։ ՀՀԿ-ն 78 միավոր անշարժ գույք է հայտարարագրել, որի մեջ մտնում են շենք շինություններ, հողատարածքներ և ավտոկայանատեղիներ։ ՀՀԿ-ի առկա դրամական միջոցները կազմում են 2 մլն 784 հազար դրամ, եկամուտներ՝ շուրջ 211 մլն դրամ, որից 5 մլն 208 հազարը՝ բյուջետային ֆինանսավորում, 205 մլն 061 հազար դրամը՝ անդամակցության վճարներ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարագրել է 22 մլն 240 հազար դրամ դրամական միջոցներ։ Եկամուտները կազմել են  68 մլն 914 հազար դրամ, որից ՝ 29 մլն 910 հազարը կուսակցության անդամավճարներից և նվիրատվություններից, 39 մլն դրամ ՔՊ-ն ստացել է որպես բյուջետային ֆինանսավորում։ «Հայ ազգային կոնգրեսը» ունի 1 շինություն՝ Երևանի Սարյան փողոցիում, 297,04 քմ մակերեսով։ Կուսակցությունը 506 հազար 482 դրամ դրամական միջոցներ է հայտարարագրել։ Եկամուտները կազմել են շուրջ 11,5 մլն դրամ, որն առաջացել է անդամակցության վճարներից և նվիրատվություններից։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը անշարժ կամ շարժական գույք չի հայտարարագրել։ Կուսակցության դրամական միջոցները կազմում են 573 հազար դրամ։ Եկամուտները՝ 9 մլն 150 հազար դրամ, որը ստացվել է ՀՀ պետբյուջեից։  «Հանրապետություն» կուսակցությունը որևէ գույք կամ ավտոմեքենա չի հայտարարագրել։ Կուսակցության դրամական միջոցները կազմում էն 1 մլն 30 հազար դրամ, եկամուտները՝ 1 մլն դրամ, որոնք առաջացել են անդամավճարներից։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը  հայտարարագրել է 5 շինություն՝ վարձակալության հիմունքներով։ Կուսակցությունը ունի 32 մլն 499 հազար դրամ դրամական միջոց, եկամուտները կազմում են շուրջ 61,9 մլն դրամ, որից 756 հազար դրամը ստացվել է ՀՀ բյուջեից որպես ֆինանսավորում, մնացածը՝ անդամության վճարներ, նվիրատվություն։

«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունն ունի 1 մլն 322 հազար դրամ։ Կուսակցության եկամուտները կազմել են 10 մլն 474 հազար դրամ, որը ձևավորվել է նվիրատվությունների միջոցով։ «Հայաստանի դեմոկրատական» կուսակցությունը որևէ անշարժ կամ շարժական գույք չի հայտարարագրել։ Կուսակցությունը ներկայացրել է 1 մլն 565 հազար դրամ դրամական միջոց, եկամուտները կազմում են 3 մլն 685 հազար դրամ, որն առաջացել է անդամավճարներից։ Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի հայտարարագրում որպես եկամտի աղբյուր նշված է նվիրատվությունը՝ 50 հազար դրամ և վարձակալությամբ շահագործվող գույք՝ Երևանում։

Հետաքրքիր է, որ  8 ուժ առհասարակ որևէ դրամական միջոց, եկամուտ, անշարժ կամ շարժական գույք չունի եւ նրանց հայտարարագրերը դատարկ են։ Դրանք են՝ «Արդար Հայաստան» , «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն, «Միասնական հայրենիք» ն, «Համահայկական ազգային պետականություն» , «Հայոց հայրենիք», «5165 ազգային դեմոկրատական», «Ազգային-ժողովրդավարական բևեռ», «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունները։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս