«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը կրկին շեշտեց Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական նոր պայմանագրի ստորագրման անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց քարոզարշավի շրջանակում Սյունիքում քաղաքացիների հետ հադիպմանը:
Ծառուկյանը վստահեցրեց՝ իր ուզածն է այս վիճակից դուրս գալ, ունենալ հզոր, զարգացող պետություն: «Սա միայն դատարկ խոսքերով չի լինում: Մարդիկ պետք է տիրապետեն, կազմակերպեն, բոլոր ոլորտներում աշխատանք տանեն»,- նշեց նա:
Այնուհետև Ծառուկյանը խոսեց Սյունիքի մարզից՝ նկատելով, որ սյունեցիների առաջնային խնդիրն այսօր սահմանային անվտանգությունն ապահովելն է:
«Անվտանգություն ապահովելու համար ամենակարևորը մենք պետք է մեր բարեկամ երկրի՝ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական փաստաթուղթ ստորագրենք, որ հայ զինվորը ռուս զինվորի հետ սահմանը պահի, որ մեր սյունեցին հանգիստ քնի, լարված չլինի»,- շեշտեց Ծառուկյանն ու հավելեց՝ այդ դեպքում ճանճ չի կարող անցնել սահմանով:
Նա հավելեց՝ Ադրբեջանն այսօր միայնակ չի պայքարում Հայաստանի հետ, նրա կողքին կանգնած է Թուրքիան: «Դրա համար էլ մեր կողքին պետք է լինի մեր բարեկամ երկիրը՝ Ռուսաստանը»,- նշեց Ծառուկյանը:
Այնուհետև նա կրկին խոսեց վարկերի խնդրից: Ծառուկյանը հիշեցրեց ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու իր՝ ավելի վաղ արած հայտարարության մասին, խոսեց սոցիալ-տնտեսական և այլ խնդիրներից, դրանց լուծման տարբերակներից:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: