ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵ՞Տ, ԹԵ՞ ԱՌԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ներկայացրել էր, թե անվտանգության հարցերի կարգավորումն ինչպես են տեսնում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերից ՔՊ-ն, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները: Այս անգամ կանդրադառնանք արտաքին քաղաքականության ոլորտին: Այսպիսով, ՔՊ ծրագրում հատուկ ընդգծված է այս հատվածը. «Հայաստանը կարեւորում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների ամբողջական կյանքի կոչումը, ինչը կարող է խթան հանդիսանալ տարածաշրջանային կայունության եւ երկարատեւ խաղաղության հաստատման համար: Սրան կարելի է հասնել միայն բոլոր կողմերի կառուցողական ջանքերի եւ համապատասխան միջավայրի ձեւավորման միջոցով»։ Նախընտրական ծրագրում լայն անդրադարձ է կատարված տարբեր երկրների հետ հարաբերությունների զարգացման տեսլականին, սակայն միայն ցանկությունների մակարդակով է նշված, թե բարելավելու են, բայց թե ինչպես, ոչ մի քայլ նշված չէ: «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ծրագրում հանդիպում ենք այսպիսի բովանդակության. «Արտաքին քաղաքականության նպատակը միջազգային եւ անդրազգային հնարավոր բոլոր հարթակներում եւ եղանակներով Հայաստանի եւ հայության ազգային, պետական շահերն առաջ մղելն է»: Ծրագրում անդրադարձ կա հայ-ռուսական հարաբերությունների, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ հնարավորություններին եւ Իրանի ու Վրաստանի հետ հարաբերություններին: Իսկ, ահա, «Հայաստան» դաշինքում կարդում ենք. «Հայաստանը կարող է դառնալ կոմունիկացիաների հատման տարածաշրջանային կենտրոն, տարանցիկ երկիր, որը կկապի Սեւ Ծովի եւ Պարսից ծոցի երկրները, ինչպես նաեւ վերականգնվող նոր Մետաքսի ճանապարհը»:

 

 

Նիկոլ Փաշինյանը ե՛ւ պաշտոնակատար է, ե՛ւ ոչ: Հունիսի 7-ի որոշմամբ Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետի պաշտոնակատար գտնվում է արձակուրդում՝ մինչեւ հունիսի 18-ը ներառյալ, եւ նրան արձակուրդում գտնվելու ժամանակ պետք է փոխարինի Տիգրան Ավինյանը: Մի քանի օր թերեւս այդպես էր, վարչապետի որոշումներ  բաժնում Տիգրան Ավինյանի անունն էր՝ որպես ԺՊ. կառավարության նիստը եւս նա էր վարում: Սակայն Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական primeminister կայքում հունիսի 10-ի ամսաթվով մի հաղորդագրություն է տեղադրված, որում նշվում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը»: Նկատենք՝ տեքստի մեջ վարչապետի պաշտոնակատար  է ներկայացված, սակայն փաստ է՝ նա արձակուրդում է, եւ ի պաշտոնե նրանց պետք է ընդուներ Ավինյանը: Իսկ, ահա, մյուս զավեշտալի իրավիճակն այն է, որ այս պատվիրակությանը ընդունել են նաեւ ԱԳՆ-ում, սակայն այդ կառույցում ո՛չ նախարար ունենք, ո՛չ պաշտոնակատար, եւ դա է պատճառը, որ նշված է՝ պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԱԳՆ-ում՝ առանց կոնկրետացնելու, թե ում հետ:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ զենքի առուվաճառքի բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի ազատ արձակումն ամենեւին պատահական չէր: Նախ նշենք, որ Դավիթ Գալստյանը կալանքի տակ էր փետրվարի 2-ից եւ ազատ արձակվեց մայիսի 17-ին, նրան մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության նախարարությանը 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկերի փոխարեն 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր մատակարարելու համար, որը էապես զիջել է մարտավարական հատկանիշներով: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ այդ զենքի գնման պայմանագիրը եւ այն հանձնաժողովը, որը զբաղվել է գնման գործընթացի կազմակերպչական հարցերով, ստեղծված է եղել հենց Արտակ Դավթյանի՝ Զինված ուժերի շտաբի պետ եղած ժամանակ, եւ այդ է պատճառը, որ նա կալանքից ազատվեց այն ժամանակ, երբ վերջինս վերանշանակվեց: Բանն այն է, որ եթե Պատրոն Դավոն կրկին կալանավորվեր, ապա նրա հետ միասին պետք է պատասխանատվության ենթարկվեր նաեւ Արտակ Դավթյանը, քանի որ այդ դեպքերը հենց իր պաշտոնավարման ժամանակ են եղել. նրանք համագործակցել են:

 

 

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ԱՊՀ երկրներից Հայաստանը մարդասիրական օգնություն չի ստացել: Հայաստանին մարդասիրական օգնություն չի ուղարկվել նաեւ Ռուսաստանից, մինչդեռ նախորդ տարվա հունվար-մարտ ամիսներին ՌԴ-ից ՀՀ ստացվել էր 5900 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Ուկրաինայից ո՛չ անցյալ տարվա հունվար-ապրիլ ամիսներին է մարդասիրական օգնություն եկել Հայաստան, ո՛չ էլ այս տարվա նույն ժամանակահատվածում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները ընդհանուր հաշվով փոքր-ինչ ավելացել են: Անցյալ տարվա հունվար-ապրիլ ամիսներին, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 8 մլն 84 հազար 300 դոլար, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ստացվել է 9 մլն 549 հազար 500 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Մեզ հայտնի դարձավ նաեւ, թե որ երկրներն են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին: Դրանց թվում են Եվրամիության անդամ շատ երկրներ: Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 534 հազար 900 դոլարի չափով օգնություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ զգալի պակասել է՝ 991 հազար 100 դոլարի չափով:

 

 

 




Լրահոս