Քարոզարշավ, օր 9․ ընտրությունների օրը մոտենում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական ուժերը շարունակում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավները։ Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անց են կացվելու հունիսի 20-ին:

«Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ եւ մյուս առաջնորդների մասնակցությամբ եղել են Արարատի մարզում։ Դաշինքի ներկայացուցիչները հանդիպում ունեցան բնակիչների հետ 14։00-ին՝ Մասիս քաղաքում, ապա 16։00-ին՝ Ավշարում, 17։00-ին՝ Արարատում, 18։00-ին՝ Վեդիում։ Ժամը 19։30-ին հանրահավաք անցկացվեց Արտաշատի թատրոնամերձ հրապարակում։ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանն ակնհայտ է համարում, որ ընտրություններում առաջատար դիրքերում պայքարում է երկու ուժ՝ վստահեցնելով՝ հենց իրենց ուժն է, որ ունի փորձ ու գիտելիքներ: Նա առաջարկեց ճիշտ ընտրություն կատարելու համար զգացմունքային մասը մի կողմ դնելով՝ փորձել հասկանալ, թե որ թիմն իրենից ինչ է ներկայացնում: «Այս իշխանությունը  իշխանության գալուց խոստացել է խաղաղություն, մենք ստացանք պատերազմ, զոհեր, տարածքային հսկայական կորուստներ: Եվ այս իշխանությունը չի ընդունում, որ այս ամենի մեջ որևէ մեղք ունի: Այս իշխանությունը խոստացել է թռիչքաձև տնտեսական աճ, ստացանք թռիչքաձև անկում, գործազրկության աճ, արտագաղթ, աղքատության աճ….»,-ասաց Քոչարյանն ու իշխանությանը մեղադրեց նաև կոռուպցիոն գործարքների մեջ:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 9-րդ օրը մեկնարկեց Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Դավիթ Անհաղթի անվան զբոսայգու սկզբնամասում ժամը 11:00-ին։ Քարոզարշավի շրջանակում քաղաքացիների հետ շփումից ԼՀԿ-ն նկատել է՝ մարդկանց համար լրջագույն խնդիրներ են շարունակում մնալ անվտանգությունն ու տնտեսական հարցերը: Անի Սամսոնյանն ասաց, որ մարզերում մարդիկ հիմնականում բողոքում են գյուղատնտեսական ոլորտի խնդիրներից, նրանք բողոքում են, որ չկա Գյուղատնտեսության նախարարություն: «Մենք այնքան պայքար էինք մղում, որ չփակեն նախարարությունը: Հիմա բոլորը խոսում են նախարարությունը բացելու մասին: Այն ժամանակ, երբ մենք խորհրդարանում կռիվ էինք տալիս, ոչ մեկը չէր մտածում աջակցել ԼՀԿ-ին»,- ասաց Սամսոնյանն ու հավելեց, որ գյուղացիները բողոքում են, որ բերքը ցանելու, շուկայում իրացնելու խնդիրներ կան:

«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի ներկայացուցիչները վաղ առավոտից առանձին խմբերով շրջայցեր կատարեցին Երեւանի տարբեր վարչական շրջաններում։ Դաշինքի անդամների մի մասն էլ ժամը 15։00-ին այցելեց Կոտայքի մարզ՝ քաղաք Աբովյան։ 19։00-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ Հայկ Բժշկյանի (Գայ) արձանի մոտ հավաք իրականացրեցին։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ժամը 07։30-ին Հանրապետության հրապարակից ավտոերթ սկսեց դեպի Սյունիքի մարզ։ Ժամը 11։00-ին նրանք եղան Սիսիանում, 12։00-ին՝ Գորիսում, 16։00-ին՝ Ագարակում, 16։30-ին՝ Մեղրիում, 17։30-ին՝ Քաջարանում, իսկ 19։00-ին՝ Կապանում։ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գորիսում բնակիչների հետ հանդիպմանը շնորհակալություն հայտնեց արցախցիներին ցուցաբերած աջակցության համար: Նա նշեց, որ ամեն քաղաքացի, հյուրանոցի կամ հյուրատների սեփականատերեր իրենց դռներն են բացել պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիների համար, հերոսաբար կանգնած են եղել Գորիսի բժիշկներն ու շտապ օգնության ծառայության վարորդները: «Մեր դիրքորշումն աներկբա է, և այն պաշտպանում են մեր մյուս գործընկերները ևս: Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան մեր սահմաններից: Այլ կարծիք լինել չի կարող: Մենք սերտորեն աշխատում ենք ՌԴ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների հետ: Ռուսաստանյան սահմանապահները կտեղակայվեն սահմանի երկայնքով մոտ մեկ տասնյակ սահմանային կետերում, որից հետո կլինի զինված ուժերի ետքաշում մշտական տեղակայման վայրեր: Այնուհետև նախատեսված է միջազգային հովանու ներքո սահմանի դեմարկացիա, դելիմիտացիա Սոթք-Խոզնավար հատվածում: Գորիս-Մեղրի հատվածի սահմանային պահպանության խնդիրների առնչությամբ էլ ասեմ, որ Կառավարությունը 2,5 մլրդ դրամ է հատկացրել, որպեսզի սահմանապահ ուղեկալներ կառուցվեն և սահմանայաին պահպանությունը լինի բարձր մակարդակով:  Առաջիկայում այս սահմանային հատվածը կլինի լիարժեք վիճակում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Ազատ հայրենիք» դաշինքը հունիսի 15-ին եղավ Վայց Ձորի մարզում։ Ժամը 12։00-ին նրանք կլինեն Եղեգնաձորում, ապա 13։00-ին՝ Վայքում, իսկ 15։00-ին՝ Ջերմուկում։ Ժամը 20։00-ին կուսակցության ներկայացուցիչները հանդես եկան մամուլի ասուլիսով՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանի քաղաքային այգում։

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը ժամը 13։00-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հաղթանակ թաղամասում գտնվող Նորիկ Խաչատրյանի անվան թիվ 113 միջնակարգ դպրոցում հանդիպում ունեցավ բնակիչների հետ։

«Միասնական Հայրենիք» կուսակցությունը հունիսի 15-ին հանդես եկավ մամուլի ասուլիսով, որը տեղի կունենա ժամը 12։00-ին։ Բանախոսը՝ կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանն էր։

Հավելենք, որ քարոզարշավը կտևի մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն: Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու:

Ն․Հ․




Լրահոս