Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Բաքվից Էրդողանը տիկնոջ հետ ուղևորվել է Ֆիզուլի, որտեղ նրանց դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Երկու նախագահները Ֆիզուլիից միասին մեկնել են Շուշի: Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ստորագրում են «Ղարաբաղում վերականգնման ծրագրերի համաձայնությունը»:
Նախօրեին Էրդողանը Բրյուսելում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո մեկնաբանել է Անդրկովկասի տարածաշրջանի զարգացումները և մասնավորապես, ասել է, թե «արդարությունը Լեռնային Ղարաբաղում թեպետ 30 տարվա ուշացումով հաղթել է»: Էրդողանի փոխանցմամբ, «այժմ բացվել են նոր դարաշրջանի դռները, թշնամությունը կփոխարինվի խաղաղությամբ»:
Իսկ Վաղը Ժնևում կայանալիք բանակցություններին Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներն այլ հարցերի շարքում կքննարկեն նաև ղարաբաղյան խնդիրը: Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:
«Դեսերտին էլ թողել են տարածաշրջանային խնդիրները` Մերձավոր Արևելքը, Սիրիան, Լիբիան, իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, կարգավորում Աֆղանստանում, Կորեական թերակղզում, Լեռնային Ղարաբաղում և իհարկե Ուկրաինան», – ՏԱՍՍ-ին ասել է նա: Միացյալ Նահանգները և Ռուսաստանը Ֆրանսիայի հետ մեկտեղյա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ են, և պարբերաբար հայտարարում են, որ պետք է վերսկսել բանակցությունները համապարփակ կարգավորման հասնելու համար:
Հիշեցնենք, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել էր, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցությունները պետք է շարունակել Մինսկի խմբի շրջանակներում, սակայն դրանք ավելի ճիշտ կլինի վերսկսել 2-3 տարի հետո:
Մանրամասները՝ տեսանյութում