Տավուշի մարզում, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի հարազատ Իջեւան քաղաքում նրա եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական շանսերը մեծ չեն, քանի որ մարզի բնակիչները համոզվել են Նիկոլ Փաշինյանի խոստումների սուտ լինելու մեջ։ 2018թ․ ապրիլին Իջեւան քաղաքում կայացած մեծ հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ այլեււս խնամի-ծանոթ -բարեկամ սկզբունքով Հայաստանում պաշտոնների չեն նշանակվելու, տարբերակում չեն դնելու, թե ով է արցախցի, գյումրեցի, իջեւանցի։ Սակայն կյանքը ցույց տվեց հակառակը, բոլոր կարեւոր պաշտոններին նշանակվեցին Նիկոլ Փաշինյանի դասընկերները, հայրենակիցները, մանկության ընկերները։
Հիմա ՝ հունիսի 20-ի ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը նրանց եւ նրանց հարազատների եւ ընկերների քվեերին է ապավինում, հատկապես՝ Տավուշի մարզպետ, իր հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանի եւ նրա շրջապատի քվեներին։ 2019թ. սեպտեմբերի 12-ին Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը։ Նա 2021թ․ ապրիլի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեց Տավուշի մարզպետ։
Հայկ Ղալումյանի եղբայր, Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր Վահե Ղալումյանը Տավուշի մարզից ԱԺ պատգամավոր է, վերջերս էլ ընտրվեց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
2019 թվականից առ այսօր չի հաջողվում Իջեւան խոշորացվող համայնքում ընտրություններ անցկացնել, դրանք տարբեր պատճառաբանություններով հետաձգվում են։ Մինչեւ կորոնովիրուսի համավարակը նախապես հայտարարված ընտրությունները հետաձգվեցին, որի պատճառը Իջեւանում ծառահատումների դեմ իրականացված բողոքի զանգվածային ակցիաներից հետո Նիկոլ Փաշինյանի վարկանիշի կտրուկ անկումն էր, ինչը կասկածի տակ էր դնում Հայկ Ղալումյանի համայնքի ղեկավար ընտրվելը։Ներկայումս Իջեւանի համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է 2015-ից Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը։ Տավուշի մարզում, բացի Իջեւանից, բոլոր տարածաշրջաններում համայնքները խոշորացված են, առկա են խոշորացված Բերդ, Դիլիջան, Նոյեմբերյան, Կողբ եւ Այրում համայնքները։
Մանրամասները՝ տեսանյութում
Ոսկան Սարգսյան