Այսօրվա հայհոյանքներն ու սուր դիմակայությունը դեռ ծաղիկներն են․ բախումներ են լինելու․ Լևոն Տեր-Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերի հայհոյանքներով ընտարշավը, սուր դիմակայությունը դեռ ծաղիկներն են։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանն ասել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

«Մենք ընտրությունների ընթացքում և հետո կտեսնենք դրա արդյունքները։ Հայտնի երկու կողմերը տիրապետում են հսկայական լծակների՝ և՛ ֆինանսական, և՛ վարչական, և՛ քրեական, և՛ ամեն ինչի։ Սրանց համար կենաց-մահու խնդիր է։ Հնարավոր են բախումներ և՛ քվեաթերթիկներ հաշվարկի ժամանակ, և՛ դրանից հետո,- ասաց նա, ապա հավելեց,- ես շատ լավատես չեմ, որ այս ընտրությունները հարթ ու հանգիստ կանցնեն։ Կունենանք այն, ինչ ունենք»,- ասաց նա։

Տեր-Պետրոսյանը հերքել է, թե իր հաջորդներին անվանել է մոնղոլ-թաթարներ։

«Ես ասել եմ, որ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած պետությունը թաթար-մոնղոլական համակարգի պետություն էր, հիմա էլ եմ ասում, դա գիտական հասկացություն է»,- նշել է ՀԱԿ առաջնորդը։

Երկրում, ըստ Տեր-Պետրոսյանի, երրորդ խոսքի կարիք կա, մտավորականության խոսքի, Հայաստանում մտավորականությունը չի անում այն, ինչ պետք է աներ, բալանսավորեր իշխանության եւ ընդդիմության դիմակայությունը։

«Մեր մտավորականությունը չտարբերվեց ֆիդայիներից, մեր ակադեմիկոսները չտարբերվեցին Սեֆիլյանից, արեցին հակառակը, իրենք էին գլխավորում այդ ճամբարը։ Մեր պատմության ինստիտուտը արդեն երրորդ սերունդն է դաստիարակում որպես հայդատականներ ու ոչմիթիզականներ։ Իմ հրաժարականից մի քանի օր անց ինձ այցելեց ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը եւ ասաց՝ ձեզ դավաճանեց մտավորականությունը, ասացի՝ ոչ, նրանք ինձ հավատարմության երդում չէին տվել, որ դավաճանեին, նրանք դավաճանեցին ժողովդրին», ասել է ՀԱԿ առաջնորդը։




Լրահոս