«Նրանք երեք տարի առաջ էլ էին ասում՝ ապագա կա, երկիր կա, իսկ հիմա գտնվում ենք ծանր վիճակում»,- ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Ռուբեն Խլղաթյանը՝ նշելով, թե ունեն տեսլական երկիրն այս իրավիճակից հանելու համար։
-Պարո՛ն Խլղաթյան, ի՞նչ եք խոստանում հանրությանը, եթե գաք իշխանության: Իշխանությունն ասում է՝ «Ապագա կա», մի՛ արտագաղթեք, մնացե՛ք Հայաստանում: Դուք ի՞նչ եք առաջարկում:
-Ես չեմ հասկանում՝ դա ինչ է նշանակում: Տեսանք: Երեք տարի առաջ էլ էին ասում, որ ապագա կա: Հիմա գտնվում ենք շատ դժբախտալից իրավիճակում: Դարձրել են սգո Հայաստան: Ես մտածում եմ, որ «Պատիվ ունեմ» դաշինքը հաղթելու դեպքում առաջնային հարցն այն է, որ պետք է ուշադրություն դարձնել մեր բանակի վրա, հզորացնել է պետք բանակը:
-Ինչպե՞ս, ի՞նչ տեսլական ունեք:
-Հզորացնելու համար, գտնում եմ, որ պետք է ունենանք ռազմական մեծ դաշինք, հատկապես տեսնում եմ Ռուսաստանի հետ: Ես այդ հարցով ռուսամետ եմ, քանի որ ավելի քան 20 տարի ապրել եմ Ռուսաստանում, եւ հիմա իմ բարեկամները, որոնք ապրում են Ռուսաստանում, պատերազմից հետո նույնիսկ գլուխները չեն կարողանում բարձրացնել:
-Հայ ժողովուրդը հիասթափված չէ՞ նախկին իշխանությունների վարած քաղաքականությունից:
-Ի՞նչ է նշանակում նախկին, Նիկոլը նախկին չէ՞ր: Ինքն էլ էր նախկին: Որ ժամանակներում տեսնում եք, նախկինը ինքն է: Ես էլ եմ եղել նախկին իշխանության անդամ, բայց հիմա տեսնում եմ, որ երկիրը գնում է կործանման, մենք անդունդի եզրին ենք:
-Հանրությունն ասում է, որ մենք տեսել ենք նախկինների աշխատանքը, հիասթափված ենք, հոգնած ենք:
-Բա այդքան աշխատանքները որ կատարվել են, ո՞ւմ հաշվին են կատարվել: Կատարվել է հենց այդ նույն իշխող ուժի կողմից: Մենք հզոր բանակ ունեինք, ի՞նչ եղավ մեր բանակին՝ կոտրելով մեր փառավոր գեներալներին, մեր իսկական ազգային հերոսներին, տանելով մեր երեխաներին մսաղաց: Նրանք պատերազմ չտարան, տարան մսաղաց: Եվ խոսք է գնում, որ ասում են՝ «Բայրաքթարներ»-ով են խփել: Ծրագիր կար: 2018թ. ծրագիր կար, որ 18-20թթ. պետք է առնվազն 1000-1200 «Աթս»-ներ գնեին, բա ինչո՞ւ չգնեցին:
-Դուք կարծում եք՝ ժողովրդի վստահությունը վայելո՞ւմ եք այս պահին:
-Ինչո՞ւ ոչ: Իսկ, ինչ է, դուք գտնում ենք, որ հայ ժողովրդի մեջ բոլորը պատիվ ունե՞ն: Ովքեր գնացին նրանց ձայն տալու, ուրեմն պատիվ չունեն: Ես այսպես եմ հասկանում, բայց ցավում եմ նաեւ, որ մեր ժողովրդին տարաբաժանեցին սեւերի եւ սպիտակների: Ի սկզբանե մենք մի ազգ ենք ու նույն ազգի զավակներն ենք, ո՞նց կարող է մեր ազգին ասել սեւեր եւ սպիտակներ, դեղիններ ու կապույտներ: Սրանք բոլորն ուսապարկեր են: Պատերազմը դեռ չի ավարտվել: Ազգային Ժողովում օրերից մի օր լսել եք դրա քննարկման մասին: Սա աբսուրդ է, նման բան չի եղել՝ պարտված պետությունը չքննարկի պատերազմի հետեւանքները: Այս հանգամանքով ազգին դարձնում են զրո: Սա է մեր դարդ ու ցավը: Մենք ուզում ենք նոր ու առողջ իշխանություն: Այո, «Պատիվ ունեմ» դաշինքի համար առաջին պարոն Վանեցյանը առաջինն էր, որ ասեց՝ կանգ ա՛ռ: Այսինքն՝ «կանգ առ» բառը ասում են կա՛մ երեխային, կա՛մ ապուշին: Երբ կանգ չի առնում, եւ դրա շարունակական իմաստը բերում է երկրի կործանմանը: Ի՞նչ է նշանակում՝ 5000 զոհ, անհայտ կորածներ, 100-ավոր գերիներ: Այսօր գալիս գերի են տանում: Երկիրը դարձել է երշիկ, օրական մի-մի կտոր կտրում տանում են:
-Ինչո՞ւ է հանրությունը դեռ հանդուրժում այս ամենը:
-Այս պատերազմը մեծ ազդեցություն թողեց, եւ եթե 3 տարի միայն սուտը մարդկանց ասացին, որ նրանք թալանեցին, դա մտել է մարդկանց մտքի մեջ, հիմա հանելն է շատ դժվար:
Ո՞Վ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՐՈՒՍՅԱԿ ՋՈՒԼՀԱԿՅԱՆԸ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութայն նախընտրական ցուցակի 21-րդ համարը Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն է: ArmLur.am-ը ներկայացնում է Ջուլհակյանի կենսագրությունը, անցած ուղին ու կատարած աշխատանքը:
38-ամյա պատգամավոր Ջուլհակյանը ծնվել է Երեւանում, սովորել է Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի սոցիալ-քաղաքական առարկաների եւ ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետում: 2018 թվականի սեպտեմբերի 23-ից միչեւ 2019 թվականի հունվարի 11-ը եղել է Երեւանի ավագանու անդամ, այնուհետեւ եկել է խորհրդարան:
Իմքայլական պատգամավորները Արուսյակ Ջուլհակյանին ճանաչում են որպես Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի ամենահավատարիմ անձանցից, որը մշտապես եղել է նրա ջատագովը ու ամեն հարցում սատարել նրանց: Բայց հայրենի իշխանության ֆրակցիայում հայտնվելուց հետո Ջուլհակյանը կտրուկ փոխել է իր վերաբերմունքը Տեր-Պետրոսյանի նկատմամբ, այժմ ամեն հարցում սատարում է միայն Նիկոլ Փաշինյանին:
Խորհրդարանում իմքայլականներից ոչ շատերի հետ է Ջուլհակյանն այս երեք տարիների ընթացքում շփվում, պատգամավորը մտերիմ է մի քանի հոգում հետ, որոնցից մեկն էլ իմքայլական պատգամավոր Սուրեն Գրիգորյանն է, որին տեղափոխեցին գործադիր մարմին: Ըստ իշխանական ֆրակցիայի բնորոշման՝ եթե անհրաժեշտ է լինում ինչ-որ մի հարցում վատ ելույթներ ունենալ, ընդդիմությանը քննադատել, ապա Ջուլհակյանին գործի են դնում: Ի դեպ, Ջուլհակյանը ամենաակտիվ ելույթներն էր ունենում այն ժամանակ, երբ որոշվեց դատական համակարգը վեթթինգի ենթարկել, որն այդպես էլ իրականություն չդարձավ:
Ի դեպ, Արուսյակ Ջուլհակյանը ստացել է 7 մլն 260 հազար դրամ աշխատավարձ, 423 հազար դրամ տրված փոխառություն, 209 հազար դրամ որպես պարտատոմսերի դիմաց ստացված գումար, 14 մլն դրամ գումար եւ 4560 դոլար, 8060 դոլար պարտատոմս՝ «Ինեկոբանկ»-ից:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ
ՀՀ կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի ծառայությունները դադարեցվել են: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի 2021թ. մայիսի 3-ի որոշմամբ՝ աշխատանքային խումբ էր ստեղծվել, որն էլ ուսումնասիրել է Թովմասյանի գործունեությունը: Ըստ այդ աշխատանքային խմբի եզրակացության՝ Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ կիրառվել է «ծառայության դադարեցում» կարգապահական տույժ: Ապա հաշվի առնելով նույն աշխատանքային խմբի եզրակացությունը՝ Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի լիազորությունները դադարեցվել են:
ԾԵԾԿՌՏՈՒՔ
Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցի զրուցարանում տեղի է ունեցել ծեծկռտուք: ArmLur.am-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն` Ղափանցյան փողոցի 4 հասցեի մոտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները իրականացրել են քարոզարշավ: Կուսակցության անդամները մոտեցել են նշված հասցեի հարակից հատվածում գտնվող զրուցարանին եւ զրուցել բնակիչների հետ: Բնակիչները դժգոհել են Նիկոլ Փաշինյանից, հնչեցրել են կարծիքներ, որոնց հակադարձել են ՔՊ քարոզարշավի մասնակիցները: Զրուցարանի բնակիչները ասել են՝ հեռացե՛ք, ու պատռել են բուկլետները, որտեղից էլ սկսվել է վիճաբանություն, ինչից հետո բանը հասել է բռունցքներին, եւ զրուցարանում սկսվել է մեծ ծեծկռտուք: Իրավիճակը անքան է թեժացել, որ գործին խառնվել են իրավապահները եւ զրուցարանից բերման են ենթարկել բնակիչներից Գեւորգ Գեւորգյանին, Ավետիք Բարսեղյանին եւ Սերոբ Սարգսյանին: Սակայն բակում վիճակը այնքան թեժ է եղել, որ դեպքի վայր է շտապել Արաբկիրի ոստիկանության բաժնի պետը: Մեզ հայտնի դարձավ, որ դեպքի առթիվ ՀՀ քր. օր. 149.1 հոդ. 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրգործ, եւ գործը ուղարկվել է ՀՀ քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն: Ստացվում է, որ մարդիկ իրենց բակի զրուցարանում քարոզարշավի մասնակիցներին կարծիք են հայտնում, ծեծվում են, ավելին՝ բերման են ենթարկվում ու հետպնդվում իրավապահների կողմից: Հետեւենք Քննչական կոմիտեի քննությանը, տեսնենք՝ նույն ջանասիրությամբ նրանք պատասխանատվության կկանչեն «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավի անդամներին, թե նրանց ջրից չոր դուրս կհանեն եւ կարծիք հայտնած երիտասարդերին կպատժեն՝ քրեական պատասխանատվության կանչելով:
ԸՆԴՈՒՆԵԼ Է
Հունիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւին։