Նախընտրական քարոզարշավը շարունակվում է։ ArmLur.am-ը շարունակում է ամփոփել օրը։ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տարակուսանք հայտնեց, թե ինչ նպատակով է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակել ղարաբաղյան հարցի վերաբերյալ ձայնագրությունը, որում Փաշինյանը մանրամասներ է պատմում 2018 թվականի մայիսի 12-ին Սոչիում Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների հետ սուրճի սեղանի շուրջ տեղի ունեցած մի զրույցից։ Սարգսյանը հրապարակել ու դիտարկումներ էր արել, թե այս ձայնագրությունը վարկաբեկում է վարչապետի պաշտոնակատարին, մինչդեռ, Փաշինյանի համոզմամբ, այն իր օգտին է։
Փաշինյանը եւս մեկ անգամ կրկնեց իր նախկինում արտահայտած միտքը, թե 2018 թվականին Ղարաբաղյան հարցը ժառանգել է փակուղային, դեֆորմացված վիճակում։ Մի քանի անգամ շեշտեց, որ միջազգային միջնորդների եւ Ադրբեջանի նախագահի դիրքորոշումները համընկնում էին, եւ որ «ԵԱՀԿ միջնորդները, որոնք բանակցային գործընթացը պետք է տանեին կարգավորման, ըստ էության, ձեւակերպել են Ադրբեջանի մոտեցումները որպես բանակցային գործընթացի զարգացում»։ Շեշտեց, որ Ադրբեջանի համար շահեկան այդ իրավիճակը ստեղծվել է դեռ 2016-ի հունվարին, երբ ԵԱՀԿ միջնորդները «Հայաստանին պայման են ներկայացրել հրաժարվել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի գաղափարից»։
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Խաչիկ Գալստյանն անդրադարձավ նաեւ երեկ դաշինքի մաս կազմող Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը, որտեղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է պատմում 2018-ի մայիսի 12-ին Սոչիում՝ սուրճի սեղանի շուրջ տեղի ունեցած մի զրույցից։ Ըստ այդ ձայնագրության` Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահները Փաշինյանին հորդորել են լուծել ղարաբաղյան հարցը՝ օգտվելով ժողովրդական մեծ վստահությունից։ Փաշինյանն այդ ձայնագրությունում ասում է, որ ինքը դեմ չէ եղել ԵԱՏՄ երկրների ղեկավարների այդ առաջարկին։ Ըստ ձայնագրության՝ վերջիններս առաջ են քաշել «Լավրովյան» հայտնի պլանը, ինչն անընդունելի է եղել Նիկոլ Փաշինյանի համար, նա պնդել է, որ զորքերը հետ կքաշեն ու Ադրբեջանին կհանձնեն Հայաստանի կողմից անվտանգության գոտի համարված առնվազն 5 շրջանները միայն Ղարաբաղի հատուկ կարգավիճակի դիմաց։ Այս հրապարակումից հետո համացանցում կարծիքներ հնչեցին, որ ձայնագրությունը միայն Նիկոլ Փաշինյանի օգտին էր։ Խաչիկ Գալստյանն այսօր այլ մանրամասներ հիշեցրեց այդ ձայնագրությունից եւ տարակուսեց, թե այդ ինչն է հատկապես Փաշինյանի օգտին. «Թե ինչում օգնեց, ինձ համար ուղղակի անհասկանալի է, իրեն ամենագետի տեղ դնելով, բայց, կրկնում եմ, տարրական գիտելիքներ չունենալով հայ ազգի ամենակենսական նշանակություն ունեցող արցախյան հիմնահարցի կարգավորման դետալներից, իրեն, խոստովանել է, գժի տեղ դնելով՝ նա փորձեց ինչ-որ զրոյական կետեր առաջ բերել, իր սեփական կետից բանակցություններն առաջ տանել, արդյունքում մենք տեսանք` ինչ եղավ»:
Հայաստանի կարծիքը Ղարաբաղի վերաբերյալ այլեւս ոչ ոք չի հարցնում: Մեծ ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ կարծիք հայտնելով նաեւ, որ Ռուսաստանը այլեւս երբեք դուրս չի գա Ղարաբաղից։ «Մենք ոչ միայն պարտվել ենք այս պատերազմում, ավելի վատ բան է տեղի ունեցել, եթե Ռոբերտ Քոչարյանի մեղքով Ղարաբաղը դուրս դրվեց կարգավորման գործընթացից, այս պարտությունից հետո արդեն Հայաստանն է դուրս դրվել որպես հակամարտող կողմ, Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնում: Հայաստանը ոչ մի որոշում չի կարող ինքնուրույն կայացնել Ղարաբաղի վերաբերյալ: Այդ ծանր պատերազմական պարտությունից հետո ավելի ծանրը գուցե այն է, որ մենք այլեւս խաղացող չենք այս խաղում», – հայտարարեց Տեր-Պետրոսյանը: Անդրադառնալով նաեւ ընտրություններից հետո հնարավոր կոալիցիոն համագործակցությանը՝ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդն ասաց՝ կփորձեն սխալ որոշում չկայացնել: Նա նաեւ մանրամասներ փոխանցեց հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի հետ իր ունեցած հանդիպումից։ Պատմեց՝ հանդիպմանը Փաշինյանին ասել է, որ առաջին գործը պետք է լինի փաստաթղթով ֆիքսել այն ժառանգությունը, որը Ղարաբաղի հարցում ստացել էր Սերժ Սարգսյանից:
«Հայաստան» դաշինքի քարոզարշավն Արագածոտնի մարզում է։ Առաջին կանգառը Թալինի Մշակույթի տանն էր, որտեղ ելույթով հանդես եկավ դաշինքի վարչապետի թեկնածու, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա թվարկեց իրենց առաջնահերթությունները՝ անվտանգությունը, Հայաստանի տնտեսությունը, ներքաղաքական մթնոլորտը։ Քոչարյանն ասաց, որ երբեք Հայաստանում ներքաղաքական մթնոլորտը այսպիսի ատելության մասշտաբների չի հասել, թեեւ քաղաքական ուժերի միջեւ եղել են սուր հակասություններ։ Նրա խոսքով՝ սա շատ վտանգավոր է եւ կարող է նպաստել արտագաղթի աճին, ներդրումների բացակայությանը։ Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ՝ այն ծանր իրավիճակը, որում այժմ հայտվել է Հայաստանը, գործող իշխանության քաղաքականության հետեւանքն է։ Սակայն նա, ըստ էության, ոչինչ չասաց, թե ինչպես է պատկերացնում խնդիրների լուծումները եւ ելքը ստեղծված իրավիճակից։ Միայն թալինցիների հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ հարց հնչեց ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերին վերադարձնելու մասին, Քոչարյանը խոսեց այդ հարցի լուծման իր պատկերացման մասին։ Ըստ այդմ, հայկական կողմը պետք է մեծացներ միջազգային ճնշումը Ադրբեջանի նկատմամբ։ Նա ասաց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ու խորհրդարանը այդ ուղղությամբ ըստ էության չեն աշխատել։ Փոխարենը, Քոչարյանի խոսքով, հայկական կողմը թեման «գցում է ռուսների գրպանը», հարց լուծողը դարձել է Մուրադովը, եւ տպավորություն է, թե հայկական կողմը կապ չունի գերիների վերադարձի հետ։
Ն. Հ.
6 ԱՄՍՈՎ ԿԵՐԿԱՐԱՑՎԻ
ArmLur.am-ը տեղեկացավ, որ եւս 6 ամսով կերկարացվի թուրքական ծագում ունեցող ապրանքների Հայաստան ներմուծման արգելքը։ Այս մասին որոշման նախագիծը քիչ առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ դրեց: Հիշեցնենք՝ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը Հայաստան ժամանակավոր արգելվել էր այս տարվա հունվարի 1-ին՝ նախնական վեց ամիս ժամկետով, եւ հունիսի 1-ին լրացավ արգելքի ժամեկտը: Իսկ վեցամսյա արգելքն ուժի մեջ է մտնում 2021թ. հուլիսի 1-ից եւ գործում է վեց ամիս ժամկետով: Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլեւ անվտանգության տեսանկյունից դադարեցվում է Հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը։ Թեեւ պաշտոնապես արգելվում է թուրքական ծագման ապրանքների ներմուծումը, բայց այնուամենայնիվ Հայաստանում առեւտրականները թուրքական հագուստ վաճառելու նոր տարբերակ են գտել. փոխում են հագուստի պիտակները: Այս հարցում նրանց օգնում են «կարգոները». թուրքական հագուստն ու կոշիկը Հայաստան մտնում են չինական պիտակներով, իսկ արկղերի վրա նշված է՝ Made in China: Բացի այս, վերջերս մեր առեւտրականները սկսել են թուրքական ծագում ունեցող հագուստ ներկրել Ռուսաստանով, որտեղ պիտակները փոխվում են չինականով, երբեմն էլ ներկրում են առանց պիտակի:
ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԴԵՄ
Ընթացող նախընտրական քարոզարշավը խոստանում է լինել բուռն խոսքերի, խոստումների, ոչնչով չհիմնավորված ծրագրերի ու բոցաշունչ խոսքերի շքերթ: Այն, որ երբեք էլ Հայաստանում ծրագրային, թվերով ու տնտեսական ռեալ կանխատեսումներով հիմնավորված քարոզչություն չի եղել, փաստ է, եզակի բացառություններ իհարկե կան, սակայն դրանք այդպես էլ մնացել են հատուկենտ: Ինչպես նախորդ բոլոր ընտրություններում, այս անգամ եւս կա մեկ նպատակ ու, այսպես կոչված, գաղափարախոսություն, որի հետեւից գնալու կամ չեն գնալու հասարակության հոծ զանգվածները. դա գործող իշխանությանը տապալելն ու նոր իշխանություն ձեւավորելն է: Այդպես էր 96թ.-ին, երբ Վազգեն Մանուկյանի շուրջ համախմբվել էին գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը, այդպես էր Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին: Իհարկե, մեղադրել ընդդիմադիր ուժերին դժվար է, հասարակությունը պահանջում է մակերեսային վերաբերմունք ու ստանում է դա, մյուս կողմից` անկախությունից ի վեր հասարակության կրթական-գիտակցական մակարդակը ոչ միայն չի բարձրացել, այլ ամեն բան արվում էր, որպեսզի մարդիկ իրենց զգան ոչ որոշիչ, իրենց ձայնը համարեն ոչ էական, ինչը կարելի էր նույնիսկ վաճառել: Ըստ ամենայնի այսօր ընդդիմությունը չունի եւ չի կարողանում առաջարկել քաղաքացիներին ինչ-որ նոր բան, ասում ու առաջարկում են այն ամենը, ինչը առաջարկում է նաեւ ներկայիս իշխանությունը։ Մեծ հաշվով աշխարհաքաղաքական լուրջ ռեվերանսներ չեն սպասվում: Այս դեպքում քաղաքացիների մոտ հարց է ծագում, թե ինչու ընտրել ընդդիմությանը. միայն նրա համար, որ դե՞մ են Նիկոլ Փաշինյանին։ Պայքարը կրկին անձերի տիրույթում է:
ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ
Արտահերթ ընտրություններին մասնակցող, ՀԱԿ-ի ցուցակը գլխավորող ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նշում է, որ արտաքին գործերի նախարարությունն առանձին ոչինչ չի կարող անել որեւէ իշխանության օրոք, այն ընդամենը երկրի ղեկավարի հանձնարարություններ կատարող մարմին է: Տեր-Պետրոսյանն այդ մասին խոսեց՝ անդրադառնալով ԱԳ նախարարի ու նրա տեղակալների հրաժարականներին: «Արտաքին գործերի նախարարությունը չի կարող ունենալ ինքնուրույն քաղաքականություն: Ինչ թելադրում է Նիկոլ Փաշինյանը, դա են անում: Արեցին, տեսան, որ ընկնում են անհարմար վիճակի մեջ, դրա համար հրաժարականների շարան սկսվեց: Երբեք որեւէ ԱԳ նախարարության չի կարելի մեղադրել: Կարելի է մեղադրել միայն այն դեպքում, եթե երկրի ղեկավարի հրահանգները սխալ է կատարում կամ չի կատարում»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
ՄԵՂԱԴՐԱՆՔ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կարինե Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա «Շտապբուժօգնություն» ՊՓԲԸ-ի հետ 2006 թվականի հունիսի 20-ին կնքված թիվ 95 աշխատանքային պայմանագրի համաձայն աշխատելով «Շտապբուժօգնություն» ՓԲԸ ընկերության թիվ 1 ենթակայանում՝ որպես շտապ բժշկական բրիգադի բժիշկ, ունենալով նշված պայմանագրով ստանձնած պարտականությունները՝ աշխատանքի սահմանված նորմաները բարեխղճորեն կատարելու պարտականություններ, հանդիսանալով բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող անձ, մասնագիտական պարտականություններն իրականացրել է ոչ պատշաճ՝ դրանց նկատմամբ դրսեւորելով անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք, որն անզգուշությամբ 2019 թվականի սեպտեմբերի 10-ին առաջացրել է հիվանդ Աննա Գեւորգի Մարկոսյանի մահը:
ԿԸՀ-Ն ՄԵՐԺԵՑ
ՀՀ ԿԸՀ-ն երեկ հերթական նիստում քննարկել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցմանը վերաբերող հարցը: ԿԸՀ նիստում որոշում կայացվեց մերժել փաստաթղթերում ի հայտ եկած անճշտությունների պատճառով։ Արզաքանցյանի ներկայացուցիչը չկարողացավ ապացուցել, որ վերջին 4 տարիներին Արզաքանցյանը մշտապես բնակվել է Հայաստանում։ Նա որոշումը կարող է բողոքարկել դատարանում: