ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանում հայտնված ինքնաթիռը կալանքի տակ է․ նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կասեցրել է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության թիվ 070 օդանավ շահագործողի վկայականը։ Կոմիտեն մասնագիտական քննության արդյունքում արձանագրել է թռիչքային անվտանգությանը սպառնացող թերություններ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քաղավիացիայի կոմիտեում ավարտվել է այս տարվա փետրվարի 19-ին եւ 20-ին «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող Boeing B737-300 EK-FAA օդանավի մեկանգամյա տեխնիկական տեղափոխական թռիչքների ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասնագիտական քննությունը։

Եւ հիմք ընդունելով արձանագրված թերությունները, ինչպես նաեւ այն փաստը, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ն ներկա պահին չունի շահագործման ենթակա որեւէ պիտանի օդանավ՝ որոշում է կայացվել կասեցնել թիվ 070 օդանավ շահագործողի վկայականը։ Ի դեպ, խոսքը առեւանգված ինքնաթիռի մասին է, որը այս տարվա փետրվարի 20-ին Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում չարտոնված վայրէջք էր կատարել։

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի թռիչքային գործունեության վարչության պետ Արամ Եղոյանի հետ եւ հետաքրքրվեց, թե կոնկրետ ինչ թերություններ են արձանագրվել կոմիտեի կողմից։ Մասնագետի խոսքով՝ ընկերությունը պարտավորվել է շտկել արձանագրված թերությունները։

«Դրանք շտկվող թերություններ են։ Հիմնական թերությունը կապված է վերգետնյա սպասարկում իրականացնող ընկերության հետ. նայեք՝ ինքնաթիռի վերգետնյա սպասարկող կա, որի մեջ մտնում է նավիգացիոն պլանը, ինչքան են լիցքավորում ինքնաթիռը, երբ է մոտենում, երբ է գնում, կարճ ասած՝ այն ամբողջը, ինչը կատարվում է մինչեւ ինքնաթիռի պատրաստումը դեպի թռիչք. դա կոչվում է վերգետնյա սպասարկում։

Վերգետնյա սպասարկումը կատարում է ինչ որ մի ընկերություն, ամեն մի օդանավակայանում կան այդպիսի ընկերություններ։ Իսկ ավիաընկերությունները դրանցից ինչ-որ մեկի հետ պայմանագիր են կապում, որ իրենք կազմակերպեն վերգետնյա սպասարկումը։ Հիմա «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ընկերությունը պայմանագիր է կապել նման մի ընկերության հետ, որը, սակայն, իր գործը ճիշտ չի կազմակերպել»,- ներկայացրեց Եղոյանը։

Օրինակ՝ այդ վերգետնյա սպասարկող ընկերությունը, որի հետ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ը պայմանագիր է կապել, պետք է կազմակերպեր Տալինից Կիեւ թռիչքը, այսինքն՝ անձնակազմին պետք է այնտեղ անցակետից անցկացնեին, ապահովեին մեքենայով, վառելիքով, թռիչքային պլանը կազմակերպեին, թե ինչ ուղղություններով է թռնում, թույլատրություն վերցնեին։ «Այդ բոլորը կազմակերպում է վերգետնյա սպասարկում իրականացնող ընկերությունը։ Հիմա այդ ընկերությունը լավ չի կազմակերպել այդ գործը, իրենք չեն կազմակերպել այդ վերգետնյա սպասարկումը. ինչ-որ թուղթ են փոխել, մեր վարչությունն էլ ուղարկել է Երեւան-Կիեւ թռիչքի թույլատրոթյուն, այնտեղ հայտնվել Երեւան-Շարժա թույլատրություն, ու թղթերի խառնաշփոթ է տեղի ունեցել»,- բացատրեց Քաղավիացիայի ներկայացուցիչը։

Պարզվում է, որ բացի վերգետնյա սպասարկման հետ կապված խնդրից, ընկերությունն այլ թերություններ է ունեցել։ «Բոլոր քաղաքացիական օդանավեր շահագործող ավիաընկերություններն իրենց օդանավերի շարժը պետք է տեսնեն, այսինքն՝ կոդը միացրեցին, դրանով պետք է տեսնեն՝ գնաց-եկավ, 15 րոպեն մեկ պետք է իրենց ինքնաթիռներից տեղեկություն իմանան։ Իսկ այս ավիաընկերությունը չի իմացել. թե ինչու չի իմացել, դա ուրիշ հարց է, դա էլ անվտանգությանը սպառնացող թերություն է։ Եթե չի կարողանում հետեւել իր ինքնաթիռներին, դա սպառնալիք չէ՞»,- նկատեց մասնագետը։

Բայց, չնայած սրան, ընկերությունը փաստորեն հետեւողական չի եղել, չի հետեւել, թե ինչպես է վերգետնյա սպասարկող ընկերությունն իր գործը կազմակերպում։

«Կա գործադիր տնօրեն, եւ ցանկացած բան, ինչ կատարվում է ավիաընկերությունում, ինքն է պատասխանատու: Ասում ենք՝ վերգետնյա սպասարկումը լավ չեք կազմակերպել, ինքը չի կարող ասել՝ դա իմ գործը չէ, այլ պետք է այնպիսի լավ անձնակազմ ունենար, որ գնային այս կամ այն երկիր, աուդիտ անեին այդ ընկերությունում, տեսնեին՝ խաբեբա են, սուտասան են, լավ են աշխատում, թե ոչ, նոր պայմանագիր կնքեին։ Ամեն ինչն իրար հետ շաղկապված է»,- ներկայացրեց վարչության պետը։

Արամ Եղոյանից հետաքրքրվեցինք, ինքնաթիռի՝ Թեհրանում չարտոնված վայրէջք կատարած մանրամասներից։

«Ես անձամբ եղել եմ Թեհրանում, մենք կոմիտեից հինգ հոգով գնացինք, որ ինքնաթիռը բերեինք, սկզբից չէին տալիս, հետո մեր դեսպանության աշխատանքի շնորհիվ ստացվեց ինքնաթիռը բերել Հայաստան։ Բայց մեզ սկզբում չէին թողնում անգամ մոտենալ ինքնաթիռին, հետո թողեցին, պարզվեց՝ ինչ-որ մասեր փչացրել էին, մենք Տաջիկստանին նամակ գրեցինք եւ հետաքրքրվեցինք՝ թե, ա՛յ օդաչուներ, դուք ո՞նց եք թռել Եվրոպայի տարածքի վրայով այդ ինքնաթիռով, իրենք պատասխանեցին, որ նորմալ աշխատել է։ Թե փչացրել էին Թեհրանում, ինչ էին արել, հայտնի չէ…Բայց չէին ուզում տալ, ասում էին՝ փչացած է, ինքնաթիռը կսարքեք, նոր կտանեք, հետո մաս ուղարկեցին, որը եւս մեծ դժվարությամբ հասավ այնտեղ։ Ինքնաթիռը հիմա այստեղ է, գործ է հարուցված, քննվում է, ինքնաթիռն էլ կալանքի տակ է»,- տեղեկացրեց Քաղավիացիայի կոմիտեի ներկայացուցիչը։

Սյունէ Համբարձումյան




Լրահոս