Խորհրդարանում Մարիա Կարապետյան անունով մի պատգամավոր կա, որը կարելի է ասել իր խմբակցության՝ «Իմ քայլի» պատգամավորների համար անհասկանալի մի կերպար է: Կարապետյանն իր աշխատանքային 3 տարվա գործունեության ընթացքում ոչ ոքի հետ այդպես էլ չմտերմացավ, խմբակցությունը անգամ տեղյակ չէ, թե նա որտեղից կամ ում միջոցով է հայտնվել իրենց թիմում:
Մարիա Կարապետյանը այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի պատվավոր 24-րդ համարն է ու կրկին խմբակցության պատգամավորների համար անհասկանալի է, թե ինչպես է նրան հաջողվում նման հորիզոնականներում լինել: Կարապետյանը կարելի է ասել մշտապես թեժ քննարկումների կիզակետում է, վերջինս շատ կոնֆլիկտային է ու իր թիմակիցներից շատերի հետ շատ վատ փոխհարաբերություններ ունի: Վերջինս կարողանում է մարդկանց շատ արագ հունից հանել, սովորական քննարկումներ վերածել թեժ կռվի: Նրան հաջողվել է վերջերս հունից հանել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, իսկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի պաշտոնից «գահընկեց» անել ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին:
ԱԺ իմքայլական պատգամավորը 32 տարեկան է, ծնվել է Վանաձորում: 2008թ. ավարտել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի լեզվաբանության եւ միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները Կարապետյանի մասին միայն գիտեն, որ միջազգային ինչ-որ նախագծեր եթե կան, ապա Կարապետյանն այն «բերում» ու անցկացնում է: Ու խմբակցության որեւէ պատգամավորի չի հաջողվում պարզել, թե ինչպես է դա հաջողվում անել Կարապետյանին: Ու անհայտ է նաեւ, թե ինչպես նա կրկին դարձավ իշխանությունների սիրելին ու մնաց թիմում:
Նշենք, ու ըստ parliamentmonitoring.am-ի կայքի Մարիա Կարապետյանը այս նստաշրջանում 719 նախագծի «կողմ» է քվարկել, 72 նախագծի էլ «դեմ»:
Սոնա Գրիգորյան