Քիչ առաջ ավարտվել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի նեղ կազմով հանդիպումը:
Հանդիպումը մեկնարկել էր Երևանի ժամանակով ժամը 15:36-ին:
Նեղ կազմով հանդիպման համար նախատեսված էր 75 րոպե, սակայն այն տևել է ավելի երկար՝ շուրջ երկու ժամ:
Հանդիպման սկզբում Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ ամերիկացի գործընկերոջ հետ բանակցությունները արդյունավետ կլինեն: Նա շնորհակալություն է հայտնել Բայդենին՝ գագաթնաժողովի նախաձեռնության համար: ԱՄՆ ղեկավարը հայտարարել է, որ նախատեսում է քննարկել հնարավոր համագործակցության և տարաձայնությունների ոլորտները: Նա նաև ընդգծել է, որ «միշտ ավելի լավ է հանդիպել դեմ առ դեմ»:
Հիշեցնենք, որ նախքան հանդիպումը հայտնի էր դարձել, որ նախագահները կքննարկեն տարածաշրջանային խնդիրները, որոնց թվում են Լեռնային Ղարաբաղը, Մերձավոր Արեւելքը, Սիրիան, Լիբիան, իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, Աֆղանստանի և Կորեական թերակղզու իրավիճակի կարգավորումը, Ուկրաինան և Բելառուսը: