ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել «ՀՀ նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2021-2022 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը հաստատելու մասին» որոշումը: ՀՀ կառավարության կողմից անվճար ուսուցման ընդունելության տեղերի հատկացման նպատակն է խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին, ինչպես նաեւ պատրաստել մասնագետներ` ըստ ՀՀ աշխատաշուկայի պահանջների:

 

Ընդունելության տեղերը հաստատվել են` ըստ պետական կառավարման լիազորված մարմինների, որոնց ենթակայությամբ գործում են նախնական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները: Պետական կառավարման լիազորված մարմինը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության որոշումը, անվճար ուսուցման ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների կհատկացնի իր ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններին:

Նախնական մասնագիտական կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը կհատկացվեն 56 ուսումնական հաստատության` 42 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 77 ուսումնական հաստատության` 105 մասնագիտությամբ: Ընդհանուր առմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով կտրամադրվի 4682 անվճար ուսուցմամբ ընդունելության տեղ, որից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը՝ 3312, իսկ ՀՀ ոստիկանությանը՝ 1370: Միջին մասնագիտական կրթական ծրագրով կտրամադրվի 5784 անվճար ուսուցմամբ ընդունելության տեղ, որից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը՝ 5614, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեին՝ 15, ՀՀ ոստիկանությանը՝ 65, իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ 90:

Որոշման նախագիծը մշակելիս, ըստ աշխատաշուկայի պահանջարկի, հաշվի է առնվել ուսումնական հաստատությունների՝ մասնագետներ պատրաստելու հնարավորությունները, ինչպես նաեւ ըստ մասնագիտությունների հաստատություններին հատկացվելիք տեղերի նվազագույն քանակի ապահովումը: Հաշվի առնելով վերոգրյալը եւ այն հանգամանքը, որ ՀՀ մարզերում բնակվում է սոցիալապես ավելի անապահով խավ, անվճար ուսուցման տեղերն առաջնահերթ կհատկացվեն ՀՀ մարզերում գործող նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին: Ներկայում մարզերում գործող ուսումնական հաստատությունների ուսանողների շուրջ 95 տոկոսը սովորում է անվճար ուսուցման համակարգում:

ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող դիմորդները միջին մասնագիտական կրթական ծրագրով առնվազն ընդունելության անցումային միավոր հավաքելու դեպքում մրցույթից դուրս պահուստային տեղերի հաշվին կընդունվեն անվճար ուսուցման համակարգ, որի նպատակով 2021-2022 ուսումնական տարվա համար նախատեսվել է 160 պահուստային տեղ: Այն կհատկացվի ուսումնական հաստատություններին՝ ըստ մասնագիտությունների եւ արտոնություն ունեցող դիմորդների:

Նախնական մասնագիտական կրթական ծրագրով նախատեսված պահուստային տեղերից նախատեսվում է տրամադրել փորձարարական կարգով նոր ներդրվող մասնագիտություններին, մասնավորապես՝ «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում եւ սպասարկում» մասնագիտությանը, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` «Ռոբոտաշինություն» մասնագիտությանը՝ «Տեխնիկ՝ շարժվող ռոբոտների եւ սարքերի» որակավորմամբ, «Գյուղացիական տնտեսության կազմակերպում» մասնագիտությանը՝ «Բուսաբուծական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» եւ «Անասնապահական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» որակավորումներով, «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում եւ շահագործում» մասնագիտությանը՝ «Տեխնիկ՝ կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման եւ շահագործման» որակավորմամբ եւ «Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում եւ նորոգում» մասնագիտությանը՝ «Տեխնիկ` Էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման եւ նորոգման» որակավորմամբ: Պահուստային տեղերի ավելացման դեպքում որոշակի տեղեր կհատկացվեն նաեւ պետության համար գերակա հանդիսացող այն մասնագիտություններով, որոնցով կլինեն հատկացված տեղերից ավելի դիմորդներ, որոնք մրցույթով ընդունվել են վճարովի ուսուցման համակարգ:

 

 

ԺԱՄԿԵՏԸ ԿԵՐԿԱՐԱՁԳՎԻ

Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում կորոնավիրուսի տարածման դեռեւս շարունակվող պայմաններում տուժած զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների զարգացման համար ձեռք բերված վարկի դիմաց գրավի առարկա հանդիսացող գույքը պաշտպանելու նպատակով:

 

Տուժած զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունները կորոնավիրուսի տարածման դեռեւս շարունակվող պայմաններում հնարավորություն կունենան մինչեւ 2021 թ. հուլիս ամիսը ներառյալ ներգրավել ֆինանսական միջոցներ՝ թեթեւացնելու վարկային պարտավորությունները, պաշտպանելու զարգացման նպատակով ձեռք բերված վարկի դիմաց գրավի առարկա հանդիսացող գույքը եւ շարունակելու բնականոն գործունեությունը։

Ըստ այդմ՝ Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 25-րդ միջոցառման շրջանակում արդեն դիմում ներկայացրած, միջոցառման մնացած չափանիշներին բավարարող, զբոսաշրջության ոլորտը սպասարկող այն տրանսպորտային ընկերությունները, որոնք 2019 թ. հունվարի 1-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ստեղծված լինելու պատճառով չեն հանդիսացել շահառու եւ չեն ստացել օժանդակություն, սակայն իրապես տուժել եւ շարունակում են տուժել կորոնավիրուսի տարածման հետեւանքով զբոսաշրջային հոսքերի նվազումից եւ ունեն վարկային պարտավորությունները կատարելու հետ կապված լուրջ դժվարություններ, կունենան շահառուների ցանկում ներառվելու եւ օժանդակություն ստանալու հնարավորություն։

Հիմնավորման համաձայն՝ միջոցառման շրջանակում հաստատված 24 շահառուի փոխհատուցման ենթակա վարկերի սուբսիդավորվող տոկոսների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 89 մլն ՀՀ դրամ։

Ուսումնասիրության եւ մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ միջոցառման իրականացման արդյունքում շահառուները կարողացել են պահպանել զարգացման նպատակով ձեռք բերված վարկի դիմաց գրավի առարկա հանդիսացող գույքը, սակայն դեռեւս կարիք ունեն լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման՝ իրենց գործունեության շարունակականությունն ապահովելու եւ զարգացման նպատակով ձեռք բերված վարկի դիմաց գրավի առարկա հանդիսացող գույքը պաշտպանելու նպատակով։

 

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ ԵՆ

Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհը սկսվում է Վանաձոր քաղաքից, անցնում է Լոռու եւ Տավուշի  մարզերի 33 համայնքներով ու հասնում Բագրատաշենի սահմանակետ: Այդ 90 կմ ընդհանուր երկարությամբ միջպետական ճանապարհի վերակառուցման աշխատանքների առաջին  փուլն   ավարտվել է 2018թ. դեկտեմբերի 24-ին։

Այն ընդգրկել է Վանաձոր-Թումանյան (38,45կմ) հատվածը: Այդ ճանապարհի կառուցապատման երկրորդ փուլով 2018 թվականից հիմնանորոգվում է Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51 կիլոմետրանոց հատվածը՝ Ասիական զարգացման բանկի (44.04 մլն եվրո) եւ ՀՀ կառավարության (10?14 մլն եվրո) համաֆինանսավորմամբ:  Կապալառու կազմակերպություններն  են՝ «Հորիզոն-95», «ԱԱԲ Պրոեկտ» եւ «Սուարդի»: Տեխնիկական  հսկողությունն իրականացնում է  «Սաֆեժ ՍԱՍ  եւ Հիլլ Ինտերնեյշընըլ»  համատեղ ձեռնարկությունը: Մ6 միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման  ավարտը  նախատեսվում  էր  2020թ? նոյեմբերին, սակայն  այն հետաձգվեց։ Ներկայումս «Սուարդի» բաժնետիրական ընկերությունն իրականացնում է Հայաստան-Վրաստան  միջպետական ավտոճանապարհի մաս կազմող, Այրում խոշոր համայնքի Պտղավան գյուղի ավտոգազալցավորման ճնշման կայանի  մոտից մինչեւ Բագրատաշենի մաքսակետ հատվածի ասֆալտապատումը: «Սուարդի» ընկերությունը Թումանյան քաղաք- Բագրատաշենի մաքսակետ ավտոճանապարհի այլ հատվածներոււմ եւս կառուցապատման աշխատանքներ է կատարում։  Գուցե պատահականություն, գուցե օրինաչափաություն է, որ Հայաստանի ավտոմոբիլային մուտք հանդիսացող Բագրատաշենի մաքսակետ տանող ավտոճանապարհի սաֆալտապատումը  ներկայումս՝ հունիսի 20-ին  կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին է կատարվում, որպեսզի միջպետական ավտոճանապարհով երթեւեկողները տեսնեն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը  ճանապարհ է  կառուցապատում։  Ի դեպ, «Սուարդի» բաժնետիրական ընկերությունը 2 տարի առաջ կառուցապատել  է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի  մաս կազմող Ոսկեպար գյուղի՝ Մարտիկ Գրիգորյանի  կառուցած հուշաղբյուրից  մինչեւ Ոսկեպարի Սուրբ Սարգիս եւ Նոյեմբերյանի համայնքապետարանի շենքից մինչեւ Կողբ գյուղի ավտագալցավորման ճնշման կայան հատվածների  կառուցապատումը, սակայն  ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը միջպետական ավտոճանապարհի այդ  հատվածների ավարտական ակտերը  չի ընդունել, եւ այդ ճանապարհները  չեն սպասարկվում նշված  ճանապարհների ընթացիկ եւ ձեռային սպասարկումն իրականացնող Նոյեմբերյանի «Լեւոն երկրորդ» ՍՊԸ-ի կողմից։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս