Արցախյան երկրորդ պատերազմի հերոս Ժորա Մարտիրոսյանն այսօր կդառնար 20 տարեկան:
Մերօրյա հերոսը հատուկ ծառայության մեկնելու համար Ռուսաստանի Դաշնությունից տեղափոխվել էր Հայաստան, 6 ամիս ծառայել է Հոկտեմբերյանում, ապա շարունակել է ծառայությունը Կուբաթլուում:
Ժորան 2020 թվականի սեպտեմբերի 27-ին եղել է Ռուսաստանի Դաշնությունում, որպես լավագույն տանկիստ մասնակցել է այնտեղի զորավարժություններին, իսկ հայրենիք վերադարձել է հոկտեմբերի 2-ին:
Հավասարակշռված, համեստ, քչախոս, խելացի ու շատ ամուր կամքի տեր Ժորա Մարտիրոսյանը զոհվել է հոկտեմբերի 22-ին, ինքն իրեն նետել է թշնամու գիրկը՝ հանուն ընկերների, որոնց մենակ թողնել մարտի դաշտում չէր կարող, եւ զոհվել են միասին նույն վայրում:
«Ժողովուրդ» օրաթերթը ներկա է եղել հերոս Ժորա Մարտիրոսյանի 20-ամյակի հիշատակի արարողությանը, զրուցել նրա մայրիկի եւ հարազատների հետ:
«Հատուկ Ժորայիս ծառայության համար մենք Ռուսաստանից Հայաստան տեղափոխվեցինք 2019 թվականի հուլիսի 11-ին, եւ նա զորակոչվեց բանակ շատ բարձր տրամադրությամբ, մեծ ոգեւորությամբ: Այսօր ես պետք է իր ծննդյան տոնը նշեի մեծ ուրախությամբ իր հետ միասին, բայց ի՜նչ ողբերգության հետ բախվեցինք, էս ի՜նչ եղավ: Երբ դեռ Հայաստան չէր վերադարձել, մտածում էի, մինչեւ նա վերադառնա, պատերազմը կավարտվի, չէի մտածում, որ նման զարգացումներ կլինեն, որ պատերազմը նման ողբերգական ելք կունենա, նման կորուստներ կլինեն: Ժորս շատ խիզախ էր, շատ պայքարող, դուխով, ընկերասեր, ինքը հնարավորություն ուներ փրկվելու, բայց չէր օգտվել այդ հնարավորությունից. ինչպե՞ս կարող էր իր ընկերներին միայնակ թողնել թուրքի դեմ: Երեք մտերիմ ընկերներով նստել են մեքենա եւ գնացել ամենաթեժ կետը Կուբաթլուում, որտեղ էլ երեքով միասին զոհվել են»,- պատմում է արցախյան պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը:
Հերոսի մայրը որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 21-ին. «Սովորաբար բարձր տրամադրությամբ էր իմ հետ խոսում, որ ոչինչ չզգացվի, միշտ ասում էր. «Մա՛մ ջան, ամեն ինչ լավ է լինելու, դու հանգիստ եղիր, կյա՛նքս, չմտածես հանկարծ», բայց, բայց, բայց… Ես միայն մի բան եմ ուզում՝ իմ որդուն, իմ Ժորիս»:
Այսպիսի նվիրյալներ են մեր բոլոր նահատակված հերոսները, ովքեր թշնամու սրի դեմ կռվեցին անկոտրում եւ զոհվեցին՝ հանուն մեզ, որ մենք շարունակենք ապրել եւ ժպտալ:
Հերոս Ժորա Մարտիրոսյանը ծառայությունից վերադառնալուց հետո նպատակ ուներ բարձրագույն կրթություն ստանալ, մասնագիտանալ տուրիզմի ոլորտում։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆՈՐ ՊՐԵՄԻԵՐԱ՝ ՊԱՐՈՆՅԱՆԻ ԹԱՏՐՈՆՈՒՄ
«Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում Հ. Պարոնյանի անվան թատրոնում ներկայացվեց «Զրույց՝ սիրո մասին, Ավետիք Իսահակյանի տողերով» բեմադրությունը:
Բեմադրիչը Հակոբ Ղազանչյանն է, դերակատարը՝ Զարուհի Խաչատրյանը, պարերը՝ Սոնա Գրիգորյանի:
Ներկայացումից հետո դերասանուհի Զարուհի Խաչատրյանը խստովանեց, որ հանդիսատեսն իրեն հուզել է երկար ծափերով: Նա շնորհակալություն հայտնեց թատերասերներին այդ ջերմ արձագանքի, վերաբերմունքի համար:
«Զրույց՝ սիրո մասին, Ավետիք Իսահակյանի տողերով» մոնոներկայացման պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականին առցանց հարթակում: Դերասանուհին նշեց, որ բեմում խաղալը բոլորովին այլ զգացողություն է: «Առցանց հարթակում միայն տեսախցիկի հետ ես առնչվում, իսկ դա չի կարող փոխանցել այն էներգիան, որն ստանում ես կենդանի շփումից, ինչն էլ մեծ բավականություն է պատճառում»,- ասաց Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ ներկայացումը երկար ճանապարհ է անցել: «Գաղափարի հեղինակը Երվանդ Ղազանչյանն է: Նա շատ էր սիրում Իսահակյանի գործերը եւ ցանկանում էր, որ անդրադառնամ մեծ գրողին: Ղազանչյանը նայել է սեւագրերը, հավանել, բայց, ցավոք, չհասցրինք նրա հետ աշխատանքն ավարտին հասցնել: Գործը շարունակեց նրա որդին՝ Հակոբ Ղազանչյանը, որին շնորհակալ եմ»,- պատմեց դերասանուհին:
Մարդ այնքան մեծ է, որքան ընդունակ է ուրիշներին սիրելու։ Երբ սիրում ես քո ընկերոջը, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն քեզ՝ միայն քո «ես»-ը։ Երբ սիրում ես մի ամբողջ ժողովուրդ, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն ընկերոջդ: Մարդկությունը սիրիր, մարդկության չափ մեծ կլինես։ Տիեզերքը սիրիր, տիեզերքի չափ մեծ կլինես։ «Սերը համբերող է, քաղցր է, սերը չի նախանձում, սերը չի գոռոզանում, չի հպարտանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, չի գրգռվում, չար բան չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության համար, ամեն բան կրում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի հույս ունի, ամեն բան համբերում է»,- նշված է ներկայացման անոնսում:
ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԽԶՎԵԼ Է
Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Արթուր Քարտաշյանը հեռացել է Երեւանի «Փյունիկից»: 24-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ։ Արթուր Քարտաշյանը «Փյունիկի» սան է: Երեւանյան ակումբի կազմում նա անցկացրել էր 108 խաղ՝ դառնալով 6 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ։ Երեւանի «Ուրարտուն» եւ Իսահ Ալիյուն երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ 22-ամյա ֆուտբոլիստն «Ուրարտուի» կազմը համալրել էր 2020 թվականին։ Նիգերացի կիսապաշտպանը մասնակցել է 16 պաշտոնական հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ։
ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ
Անգլիայի Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճած «Նորվիչ Սիթին» ցանկանում է ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի եւ արգենտինական «Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանին: Այդ մասին սոցցանցերում հայտնել է արգենտինացի հայտնի լրագրող Իգնասիո Սասոնը: Նշվում է, որ անգլիական ակումբը 4-4.5 միլիոն դոլար է առաջարկել 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Բալեկյանը մոտ է արգենտինական «Բոկա Խունիորս» տեղափոխվելուն: Նրա ծառայություններով հետաքրքրված էր նաեւ իսպանական «Լաս Պալմասը», որի առաջարկն «Ուրականը» մերժել էր: Transfermarkt-ը Բալեկյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 1.5 միլիոն եվրո: Նա 2018-ից է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականում, իսկ «Ուրականին» միացել է 2016-ին: Արգենտինական ակումբի հետ հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023 թվականը: Արգենտինայի ընթացիկ առաջնությունում նա անցկացրել է 10 հանդիպում եւ դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ:
ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ
Իտալական «Ռոմայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է միակ մարզաձեւը, որը չի կարողանում հասկանալ: «Ինչո՞վ եմ զբաղվում ֆուտբոլից դուրս, գիտեք, ես շատ բարդ մարդ եմ: Ամբողջությամբ ծանրաբեռնված եմ սպորտով: Ուշադրությամբ կհետեւեմ Օլիմպիական խաղերին, հետաքրքրվում եմ «Ֆորմուլա-1»-ով ու թենիսով: Սակայն կա մի մարզաձեւ, որը երբեք չեմ հասկանա. դա կրիկետն է: Երբ ես աշխատում էի Բոբի Ռոբսոնի մոտ, զարմանում էի, որ նա այդքան սիրում է այդ խաղը»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է The Sun-ը: Հիշեցնենք, որ Մոուրինյոն Բոբի Ռոբսոնի հետ աշխատել է Լիսաբոնի «Սպորտինգում», որտեղ նա անգլիացի մասնագետի անձնական թարգմանիչն էր: