Չնայած, ՀՀ Սահամանադրության համաձայն, արտահերթ ընտրություններից հետո՝ մինչ նոր խորհրդարանի առաջին նիստի օրը, այս՝ յոթերորդ գումարման խորհրդարանը լիազորություններ ունի, սակայն այն, կարելի է ասել, այլեւս չի գործում։ Բանն այն է, որ այս ընթացքում խորհրդարանական երեք ուժերն էլ զբաղված են նախընտրական քարոզարշավով եւ, այսպես ասած, խորհրդարանի ժամանակը չունեն։ Եվ նաեւ դա է պատճառը, որ երեկ խորհրդարանում նախատեսված ԱԺ խորհրդի նիստը քվորման բացակայության պատճառով չի կայացել։ Խորհրդի նիստի ժամանակ պատգամավորները պետք է հաստատեին այսօր մեկնարկելիք հերթական նստաշրջանի օրակարգը, բայց օրակարգը չի հաստատվել, հետեւաբար նստաշրջանն էլ չի կայանա, եւ կրկին քվորում չի լինի։ Նկատենք՝ ԱԺ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 31 հարց, ընդ որում՝ պատգամավորները պետք է քննարկեին ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, ապա Հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։ Ժամկետացանկ է հաստատված եղել, եւ հանձնաժողովներում քննարկվելուց հետո այն ընդգրկվեց նստաշրջանի օրակարգ, սակայն չի քննարկվի։ Բացի այդ, լիագումար նիստում պետք է քննարկվեր նաեւ անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի եւ Սոֆյա Հովսեփյանի օրենսդրական նախաձեռնությունը՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ ուժի կիրառման եւ ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի մասին։ Սակայն սա էլ միակ հարցը չէ. այս օրերին արձակուրդում են գտնվում եւ լծված են նախընտրական քարոզչության գործին կառավարության անդամներ, մարզպետներ, համայնքների ղեկավարներ։ Սա արդեն իսկ ենթադրում է, որ պետությունը կանգ է առել, էլ չենք ասում, որ Հայաստանը չունի ամենակարեւոր կառույցներից մեկի՝ Արտաքին գործերի նախարարության ղեկավար եւ փոխնախարարներ։ Այս իրավիճակում, երբ հակառակորդը մայիսի 12-ից Հայաստանի սահմաններում է, իշխող թիմը շարունակում է քարոզարշավ անել ու սպառնալիքներ հնչեցնել՝ ելքեր գտնելու փոխարեն։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի իշխանության ներսում թեժ քննարկվում է այն հարցը, որ պետք է լավ աշխատել Երեւանի վարչական շրջաններում ձայներ հավաքելու համար: Բանն այն է, որ իշխանությունն արդեն պարզել է, որ Երեւանում կարող է պարտվել ընդդիմությանը, քանի որ մայրաքաղաքում շատ վատ են տրամադրված իշխանության նկատմամբ: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունը պարզել է, որ թույլ են Երեւանի Դավիթաշեն, Նոր Նորք, Էրեբունի, Ավան, Արաբկիր ու Կենտրոն վարչական շրջաններում: Վերջիններս անգամ որոշել են սկզբում շրջել այն վարչական շրջաններում, որտեղ ժողովուրդը նորմալ է տրամադրված իրենց հանդեպ, ինչի համար նախօրեին եղան Շենգավիթ վարչական շրջանում, իսկ երեկ՝ արդեն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Իշխանությունը փորձում է այս վարչական շրջանների շրջայցերով ցույց տալ, որ իրենք Երեւանում եւս խնդիր չունեն, որից հետո արդեն կգնան այն վայրերը, որտեղ շատ վատ են տրամադրված իշխանությունների հանդեպ: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ նշված վարչական շրջանների ղեկավարները հատուկ հանձնարարություն ունեն անել ամեն բան նախ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին դիմավորելու հարցում, այնուհետեւ ամեն ինչ անել ձայներ ապահովելու համար:
Մինչ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսում է բանակում բարեփոխումներ իրականացնելու, պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը բարձրացնելու մասին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին զանգվածային դիմումներ կան։ Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ զինվորականները դժգոհում են, քանի որ չկան տարրական պայմաններ՝ ո՛չ գիշերակաց, ո՛չ սնունդ, ո՛չ էլ անգամ զուգարան։ Այս ամենի հետ մեկտեղ քիչ է աշխատավարձը, եւ վարկեր են առկա։ Եվ գոնե այս հարցերը լուծվեն, իշխանությունները նախընտրական խոստումներ են տալիս, իսկ բանակը դատարկվում է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին պայմանագրային զինծառայողները՝ մոտ 50 հոգի, արդեն դիմումներ են գրել։ Պարզաբանումներ ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գեղարքունիքի կորպուսի հրամանատար Հարությունյանի հետ։ Վերջինս հաստատեց, որ նման դիմումներ առկա են։ «Զորացրման զեկուցագրեր ներկայացնելու գործընթացն արդեն 5-6 ամիս է՝ առկա է, բայց դա ծառայության պայմանների հետ կապ չունի։ Այստեղ զուտ աշխատավարձի հարց է, ընտանեկան պայմաններ, եւ միայն պայմանագրայինը չեն, նաեւ սպայական կազմը։ Մարդիկ վարկեր ունեն, հազար հատ խնդիրներ ունեն, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի»,- նշեց նա։ Հրամանատարը ընդգծեց, թե ամեն դեպքում սահմանային իրավիճակը չէ խնդիրը։ «Մարդիկ կան, որ զեկուցագրեր գրել են, բայց սպասում են իրավիճակը հանդարտվի, քանի որ չեն ցանկանում իրենց ստորաբաժանումը լքել, կան դիմումներ, միգուցե ավելանան», – հավելեց նա։ Այսինքն՝ մի կողմից խոստումներ են, մյուս կողմից՝ իրականությունը։
Բուջեի ծախսերը կատարելու համար կառավարությունը ռեկորդային տեմպերով ավելացնում է պետական պարտքը։ Վերջին 1 տարվա ընթացքում Հայաստանը 1 մլրդ 370 մլն դոլարի պարտք է կուտակել։ Տնտեսության վիճակը վատ է, պարտքն էլ ավելանում է, եւ դա ծանր բեռ է լինելու։ Ապրիլի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը հասել է շուրջ 8 մլրդ 773 մլն դոլարի։ Այդ գումարից 1 մլրդ 370 միլիոնը ձեւավորվել է միայն վերջին 1 տարվա ընթացքում։ Գրեթե 29 տարվա ընթացքում Հայաստանը ընդհանուր առմամբ կուտակել էր 7 մլրդ 403 մլն դոլարի պարտք, իսկ միայն վերջին 1 տարում այս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պարտքն ավելացրել է 1 մլրդ 370 մլն դոլարով։ Ընդ որում, աճում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պարտքը։ Խոսենք թվերով. արտաքին պարտքը հասել է 6 մլրդ 743 մլն դոլարի, իսկ ներքին պարտքը հատել է 2 մլրդ դոլարի սահմանը։ Անցած 1 տարվա ընթացքում արտաքին պարտքն ավելացել է 1 մլրդ 43 մլն դոլարով, աճն անցնում է 18 տոկոսից։ Աճի տեմպն ավելի բարձր է ներքին պարտքի դեպքում՝ 1 տարում՝ ավելի քան 19 տոկոս։ Այդ ընթացքում կառավարությունը հասցրել է ներքին պարտքը մեծացնել եւս 326 մլն դոլարով։