«ԵՂԵԼ ԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ, ԹՈՂ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԷԼ ԽԱՂԱՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ: Մենք փորձել ենք Օհանյանից պարզել, թե քարոզարշավի ժամանակ կարողացել են հանրությանը համոզել, որ պետք է իրենց ընտրեն, արդյոք տրամադրությունները փոխվել են: Մեր զրուցակիցը նշել է նաեւ, որ դեռեւս կան մոլորյալներ, որոնց հետ անհատական աշխատանքներ է պետք իրականացնել:

 

-Դուք մասնակցում եք քարոզարշավին, ուզում ենք հասկանալ՝ ինչ կարծիք ունեք. արդյոք հանրությունն իր հույսը կապո՞ւմ է «Հայաստան» դաշինքի հետ:

-Հանրության հետ շփվելով՝ նախ մենք ներկայացնում ենք մեր ծրագրերը՝ շեշտադրում կատարելով 3 կետի վրա: Առաջինը՝ ստեղծված իրավիճակը, երկրորդը՝ պատճառները, որոնք հանգեցրել են այս իրավիճակին, եւ նաեւ մեր կատարվող աշխատանքները ու ծրագրային մեր դրույթները: Այդ բոլոր տեսակետները համապատասխանում են ժողովրդի տրամադրությանը, որովհետեւ ժողովրդի զգալի մասը հասկանում է, թե ինչ իրավիճակ է ստեղծվել: Ես նկատի ունեմ պարտությունը: Եվ ոչ միայն պարտությունն է պատճառը, որ այսօր փոփոխություններ  են պետք, այլ նաեւ այդ աշխատանքը, որը բերեց պատերազմի, այն աշխատանքը, որ չարվեց, որ պատերազմում ունենանք հաջողություններ, գոնե պաշտպանությունում համապատասխան բնագծերում կարողանանք կանգնեցնել հակառակորդին, այլ նաեւ Ադրբեջանի կողմից պարտադրանքների, թելադրանքների շարանը, որը շարունակվում է ՀՀ-ի անմիջական սահմաններում: Այս ամենն ու միջազգային փորձը հաշվի առնելով՝ փոփոխություններն անհրաժեշտություն են: Ժողովուրդն էլ է հասկանում, քանի որ նրա իրավագիտակցությունը բավականին բարձր է: Քարոզչական աշխատանքի արդյունքում տրամադրությունները բավականին փոխվում են, բայց դեռեւս կան մոլորյալ մարդիկ, որոնց համար առաջին հերթին հայրենիքի ապագան ու անվտանգությունը չէ, այլ, ինչպես ասում են, իմ համար հանգիստ լինի, պատերազմ չլինի, մնացածի հերն էլ անիծած:

-Իսկ այդ մոլորյալ հատվածին ինչպե՞ս եք վերափոխում: Մի հատված պաշտում է Նիկոլ Փաշինյանին. իրենք որեւէ ձեւով չեն վերափոխվում: Կարողանո՞ւմ եք այնպես անել, որ այդ մոլորյալները վերափոխվեն:

-Այդ հատվածի հետ աշխատելու միակ սկզբունքը անհատական աշխատանքն է: Անհատական եւ տարբերակված աշխատանքն է եւ շփումը նրա հետ, որ դու կարողանում ես համոզել մարդուն: Այդ հատվածը կարելի է երկու մասի բաժանել. մի մասը, որ ինչն էլ ուզում է լինի, քանի որ իրենք կյանքում հաջողութուններ չունեն, ամեն ինչից դժգոհ են, մյուս հատվածը, որոնք ճիշտ չեն կարողանում գնահատել իրադրությունը, եւ այս իշխանությանը դեռեւս հաջողվում է որոշներին մոլորեցնել, մանիպուլիացիայի ենթարկել եւ պատերազմի պատասախանտվության մասին չխոսել, ամեն ինչից խոսել, բացի պատերազմից: Այս իշխանությունների հիմնական գործը  տնտեսությամբ զբաղվելն է: Իրենք առավոտից երեկո զբաղված են միտինգներով, քննադատելով: Տնտեսության զարգացման խնդիրը կառավարության առաջին պարտականությունն է, որն իրենք չեն կատարում: Այս իշխանությունները, երեք տարի լինելով իշխանություն, դուրս չեն եկել ընդդիմության կաղապարված վիճակից: Իրենք ըդդիմություն են մեր պետականությանը, որովհետեւ ամբողջությամբ դրեցին ոտնահարեցին, քանդեցին, իրենք ընդդիմություն են մեր ժողովրդին, քանի որ մասնատեցին սեւ ու սպիտակի, հների եւ նորերի:  Բոլորի հետ հարաբերությունները փչացրին: Իսկ հիմա փորձում են շոյելով աչք մտնել եւ նրանց հետ հարաբերություններ կարգավորել, բայց արդեն ուշ է: Իրենք իրենց են ընդդիմություն: Մի բան ասում են, բայց մեկ այլ բան անում են: Հիմա պետք է իրենց իշխանությունից հանել, ուղարկել դեպի ընդդիմություն: Ինչպես եղել են որպես ընդդիմություն, թող ընդդիմություն էլ խաղան:

 

 

ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Երեկ երեկոյան մի սկանդալային ձայնագրություն հրապարակվեց, որտեղ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին համոզում է դիմում չգրել ու չհեռանալ պաշտոնից: Իսկ Գասպարյանն էլ ի պատասխան հայտարարում է, որ պետք է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի ու հեռանա:

 

ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում թեժ քննարկվել է Պապիկյանի եւ Գասպարյանի ձայնագրությունը, բոլորը փորձել են պարզել, թե երբ է այդ խոսակցությունը տեղի ունեցել: Մենք պարզեցինք, որ Դիանա Գասպարյանը Պապիկյանին է զանգահարել 2020 թվականի նոյմբերի 16-ին, երբ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում այսպիսի մի գրառում էր արել.

«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղե՛րք, դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում՝ վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»:

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների` այդ ամենից հետո թիմում իսկական բունտ է հասունանում, բոլորը սկսում են դիմումներ գրել, որը կանգնացնում է Պապիկյանը: Վերջինս գրեթե բոլորին ասում է՝ հանդարտվեն, մինչեւ կփորձեն Փաշինյանի հետ խոսել:

Ու պարզվում է, երբ Փաշինյանին զեկուցում են, որ իր թիմը դիմումներ է գրում, որպեսզի հեռանա, վերջինս երկրորդ գրառումն է անում ու իբրեւ բացատրում, թե ինչու է նման հայտարարություն արել. «Այսօր ես շատ հստակ հայտարարեցի, որ ի հեճուկս շահարկումների՝ բռնությունը կամ բռնության հրահրումը (առավելեւս՝ զինված) որեւէ կերպ չի կարող տեղ ունենալ կառավարության գործիքակազմում: Կոչ եմ անում, խնդրում եմ, պահանջում եմ՝ մեր արած որեւէ հայտարարություն, որեւէ ժեստ, որեւէ հրավեր այս համատեքստում չդիտարկել: Եթե մեր որեւէ ասածից նման տպավորություն կստանաք, դա սխալ տպավորություն է: Հիմա ակնկալում եմ, որ ընդդիմությունը նույնպես հստակ հայտարարի, որ բացառում է որեւէ բռնի գործունեություն, բռնության հրահրում (այդ թվում՝ զինված) իր հետագա գործունեության ընթացքում: Սրանով մենք վերջնականապես կփակենք արդեն օրեր շարունակ ծավալվող լարվածությունը»:

Ու երեկ, երբ արդեն հրապարակվել է այդ ձայնագրությունը, թիմում բոլորը հայտարարել են, որ այդ ժամանակ ոչ միայն Դիանա Գասպարյանն էր այդ կարծիքին, այլ թիմի մեծամասնությունը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

ՕԳՆՈ՞ՒՄ ԵՆ ՌՈՒՍՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ

Շաբաթ օրը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ հրապարակեց Ադրբեջանից Հայաստան վերադարձող հայ ռազմագերիների լուսանկարը ու հայտարարեց, որ մեր տղաներից 15-ը գալիս են: Լուրն իսկապես մեծ իրարանցում առաջացրեց, հարցը նույնիսկ քաղաքականացվեց, ու ընդդիմությունը կարծիք հայտնեց, թե դա նշանակում է, որ Ալիեւը ցանկանում է բարձրացնել Փաշինյանի վարկանիշը, իսկ իշխանական թեւին մոտ կանգնած պրոպագանդիստներն էլ ակնարկում էին, որ Սեւ լիճ ադրբեջանցիների մուտքը հենց վկայում է այն մասին, որ Փաշինյանի հեռացումն ուզում են թե՛ ընդդիմադիրները, թե՛ Ալիեւը: Այնուհետ հետեւեց ԱՄՆ-ի ու Վրաստանի կառավարությունների արձագանքը, եւ պարզ դարձավ, որ գործընթացքը մոդերացիա է արվել ամերիկյան կողմից, իսկ Վրաստանը ունեցել է որոշակի մասնակցություն: Այստեղից կարող ենք կարծել, թե ռուսական պետության գործադրած ջանքերն էֆեկտ չեն տալիս, ու ավելի ուժեղ ու ազդեցիկ են ամերիկացիներրը: Սակայն ուժային կառույցների մեր աղբյուրները պնդում են, որ չնայած արտաքնապես դա տեսանելի չեղավ, սակայն ռուսական կողմը եւս  աշխատանք տարել է Ալիեւի վարչակազմի հետ, իսկ ավելի կոնկրետ` մեզ փոխանցեցին համոզմունք, որ եթե ռուսները խանդի տեսարան սարքեին, ապա գործարքը հաստատ չէր կայանա: Ստացվում է, որ եթե հայ գերների վերադարձը հայրենիք արված էր Փաշինյանի վարկանիշը բարձրացնելու համար, ապա տրամաբանական է, որ դա ցանկանում են թե՛ Արեւմուտքում, թե՛ Ռուսաստանում։  Ցավալին այս իրավիճակում այն է, որ հայ ռազմագերիների հարցը դարձել է ներքաղաքական շահարկման առարկա, 15 հոգու հետ գալն ամեն դեպքում պետք է ուրախություն լիներ բոլորի համար` անկախ քաղաքական հայացքներից ու սպասվելիք ընտրություններից:

 

ՏՈՐԹԸ՝ ՎԱՐԱԿԻ ԱՂԲՅՈՒՐ

Մարտունի ԲԿ-ից Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն տեղափոխված երեխաների մոտ վարակի փոխանցման աղբյուրը ջուրը չէ: Այս մասին ArmLur.am-ին փոխանցեց ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը: Տեղեկացնենք, որ հունիսի 12-13-ը Մարտունի ԲԿ-ից Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է տեղափոխվել աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (ընդհանուր թուլություն, փսխում, լուծ) 1-4 տարեկան 12 երեխա: Ի դեպ, տեղեկացնենք, որ բուժանձնակազմի 9 հոգուց վերցրել են ստաֆիլակոկակրության եւ մանրէակրության նկատմամբ նմուշներ, իսկ բաժանմունքում բուժում ստացող 7 երեխաներից եւ 1 խնամակալից` մանրէակրության նմուշառում, լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել է 12 նմուշ ջուր: Մարտունի ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը ArmLur.am-ի հետ զրույցում փոխանցեց, որ հիվանդանոցի եւ անձնակազմի հետ կապված որեւէ խնդիր չի հայտնաբերվել: «Նախնական վարկածներով՝ կապվում է սննդի հետ, եւ երեխաներից մեկի մայրը ինչ-որ աղիքային ինֆեկցիա է ունեցել, չի զգուշացրել բժշկին, որն էլ իր միջոցով տարածվել է: Մանկական բաժանմունքում երկու բլոկ ունենք, մեկում չի եղել վարակը, մյուսում բռնկումն եղել է, որտեղ որ այդ մայրիկն է եղել: Ջուրը երեք անգամ ենթարկվել է լաբորատոր հետազոտության, եւ երրորդ անգամ է, որ մաքուր է գալիս»,- պարզաբանեց Հարությունյանը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարակի տարածման հավանական վարկածը տորթն է եղել, որն էլ մանկական բաժանմունքում բուժվող երեխաների մայրիկներն իրար հյուրասիրել են, ապա մայրիկներից մեկի մոտ ինֆեկցիա է եղել եւ նրա միջոցով տարածվել է այն: Բայց ԲԿ-ի տնօրենը հավաստիացնում է, որ երեխաների վիճակը լավ է, բարդացում չկա, եւ որեւէ արտառոց խնդիր չկա:

 




Լրահոս