ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՈՒԺԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն եւ 4 դաշինք: Ընտրություններն անց են կացվելու հունիսի 20-ին: Նախընտրական քարոզարշավը շարունակվում է։

 

Շարունակումենք  ներկայացնել՝ որ ուժն ինչպես է քարոզարշավ իրականացրել։

«Ազատ հայրենիք» դաշինքը հունիսի 14-ին եղել է Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ին նրանք եղել են  Բյուրեղավանում, 12։30-ին՝ Նոր Հաճնում, 14։00-ին՝ Եղվարդում։ Ժամը 20։00-ին կուսակցության ներկայացուցիչները հանդես եկան մամուլի ասուլիսով Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի այգում։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկեց Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Գարեգին Նժդեհի անվան հրապարակում, ժամը 11։00-ին։  Էդմոն Մարուքյանը նշեց, որ Հայաստանը գտնվում է հետպատերազմյան ծանր ճգնաժամի մեջ, ու այն, ինչ այսօր տեղի է ունենում՝ հայհոյախառը ելույթները, ատելության քարոզը, ըստ Էդմոն Մարուքյանի, չի օգնում ոչ մի հարցում. ո՛չ օգնում է սահմանից թուրքերին հանելուն, ո՛չ բանակցություններում, ո՛չ ռազմագերիներին վերադարձնելու հարցում: Եվ հետընտրական պրոցեսները, որոնք նախապատրաստվում են, կրկին ոչ մի բանին օգուտ չեն տալու:

«Հետեւաբար մենք կոչ ենք անում ընտրել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, որպեսզի մարդիկ նաեւ երկրից չարտագաղթեն: Մենք ժողովրդից հայցում ենք իրենց լիազորությունը բոլորին սեղանի շուրջը համախմբելու համար: Ոչ մի ուժ Հայաստանում չպետք է ունենա բացարձակ իշխանություն: Մենք բոլորս դրա զոհն ենք թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ հետո: Մեզ անհրաժեշտ է ազգային բալանսավորված իշխանություն՝ ներգրավելով Սփյուռքի ներուժը, որպեսզի կարողանանք երկիրն այս վիճակից հանել»,- հավելեց Էդմոն Մարուքյանը:

«Ազգային-ժողովրդավարական բեւեռ» կուսակցությունը քարոզարշավն իրականացրեց Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում, աշխատել են մի քանի խմբով։ Ժամը 13։00-ին քաղաքական ուժի ներկայացուցիչները Գավառում հանդիպել են քաղաքացիների հետ, ապա մեկնել Վարդենիս ժամը 16։00-ին, իսկ 18։00-ին՝ Մարտունի։ Տավուշի մարզում մեկնարկը տրվեց ժամը 13։00-ին Դիլիջան քաղաքից, ապա 16։00-ին եղան Իջեւանում, իսկ 18։00-ին՝ Նոյեմբերյանում։

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը՝ Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ, քարոզարշավն իրականացրեց Արագածոտնի մարզում։ Կուսակցության անդամները ժամը 16։00-ին եղան Աշտարակում, այնուհետեւ վերադարձան Երեւան՝ Աջափնյակ վարչական շրջան։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քարոզարշավն իրականացրել է Արարատի մարզում։ Նիկոլ Փաշինյանը խոսեց մատչելի պայմաններով վարկերի տրամադրման, վերապատրաստման դասընթացների մասին: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախորդ տարվա փետրվարից «Հոկտեմբերի 27-ի» գործի նախաքննությունը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա, վերաբացվել է, սակայն հետագայում կորոնավիրուսի եւ պատերազմի պատճառով դեռեւս գործը չի քննվել: «Նախաքննությունը բացված է, եւ Ազգային անվտանգության ծառայությունը վարում է այդ քննությունը: Բայց նաեւ ձեր քվեարկությամբ կարող եք առանձնահատուկ պարտավորություն եւ պատասխանատվություն դնել մեր դատաիրավական մարմինների վրա՝ ասելով, որ այդ գործերը պետք է ամենայն խորությամբ քննվեն, եւ բոլոր հնարավոր միջոցները գործադրվեն այդ գործը բացահայտելու համար: Դուք կարող եք ձեր քվեարկությամբ այդ հանրային պահանջը հստակ ձեւակերպել»,- ընդգծեց Փաշինյանը:

«Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ եւ մյուս առաջնորդների մասնակցությամբ, եղել է Արմավիրի մարզում եւ Երեւանում։ Առաջին կանգառը Էջմիածնում էր, որտեղ փոքրիկ հանդիպում-հանրահավաք անցկացվեց Մշակույթի տան առջեւ։ Ելույթներ ունեցած դաշինքին սատարող մի քանի անձինք, «Դաշնակցության» ներկայացուցիչները եւ Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանը խոսեց ապագայի ծրագրերի վերաբերյալ։ Քննադատելով իշխանություններին՝ նա նշեց, որ այդ քաղաքական թիմի անճարությունն է բերել այն կորուստներին, որ այսօր ունի Հայաստանը: «Քաղաքացին պետք է զբաղվի իր գործով, իր ընտանիքով, իր ժամանցով իր հողի վրա, իսկ կառավարությունը պետք է ծառայի, անի ամեն ինչ, որ այդ աշխատանքը լինի արդյունավետ։ Եվ եթե դուք եւս սկսեք ամեն օր հիշել կառավարությունը, ուրեմն լրջագույն պրոբլեմի առաջ է կանգնած երկիրը։ Ամենից լավ կառավարությունը նա է, որին մարդիկ ամեն օր չեն նկատում։ Ամեն օր նկատելը նշանակում է, որ ամեն օր պրոբլեմ են ստեղծում, որի պատճառով մարդիկ սկսում են հիշել, որ կա մարմին, որը այս կամ այն գործը պետք է անի ու չի անում»։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները եղել են Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում, հանդիպել ընտրողների հետ։ «Պատիվ ունեմ» դաշինքը հունիսի 14-ին հանդես եկավ ասուլիսով։

Քարոզարշավը կտեւի մինչեւ հունիսի 18-ը՝ ժամը 24:00-ն: Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրչով որեւէ նշում չեն կատարելու:

Ն.Հ.

 

ՇԱՀԱԳՈՐԾԵԼ Է ԵՐԵԽԱՅԻՆ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ռիտա Բաբայանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2020 թվականի հունիս ամսից մինչեւ 2020 թվականի օգոստոս ամիսների ընթացքում իր ընկերուհի, Արարատի մարզի Դալար գյուղի բնակչուհի Գայանե Հարությունյանի անչափահաս որդուն՝ 02.06.2009թ. ծնված Հրանտ Հարությունյանին, շահագործման նպատակով պահել է իր փաստացի բնակության վայրում, որի ընթացքում շահագործել է երեխային, այն է՝ անչափահաս Հրանտ Հարությունյանին տարել է Արտաշատ քաղաքի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու տարածք, որտեղ սովորեցրել է մոտենալ անցնող մարդկանց եւ գումար ուզել, ինչի արդյունքում Հ. Հարությունյանը պարբերաբար անցնող մարդկանցից հավաքել է 1000-2000 դրամ գումար եւ տվել է Ռիտա Բաբայանին, ով այդ գումարը ծախսել է անձնական կարիքները հոգալու համար։

 

 

ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎԻՐԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Նախօրեին Վեդի բժշկական կենտրոնից Ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վիրավորումներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի: Պարզվել է, որ նշված տղամարդը Արարատ քաղաքի 34-ամյա բնակիչ է: Միաժամանակ Ոստիկանության Արարատի բաժնում է ահազանգ ստացվել, որ Արարատի մարզի Գոռավան համայնքի գերեզմանատան տարածքից կրակահերթեր են լսվել: Դեպքի վայրի զննությամբ նշված գերեզմանատանը՝ Մարզպետունի Պետրոսյանի՝ «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմացի հատվածում հայտնաբերվել է բազմաթիվ հրազենային վնասվածքներով «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենա, տարբեր տրամաչափի փամփուշտներ, պարկուճներ, դանակ, արնանման հետքեր։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Կոմիտեն նշում է, որ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18.55-ի սահմաններում, Մարզպետունի Պետրոսյանի որդիները եւ նրանց ընկերը պարզաբանումներ ստանալու նպատակով պայմանավորվել եւ գերեզմանատանը հանդիպել են 34-ամյա տղամարդու եւ նրա ընկերների հետ: Նրանց միջեւ սկսվել է վիճաբանություն, այնուհետեւ փոխհրաձգություն, որի հետեւանքով 34-ամյա տղամարդը մահացել է: Բացի այդ, հունիսի 14-ին՝ ժամը 00.15-ին, Վեդի բժշկական կենտրոնից Ոստիկանության Արարատի բաժնում եւս մեկ հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 1982թ. ծնված տղամարդ: Վերջինս, որը 34-ամյա տղամարդու ընկերներից մեկն է, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ վիրահատության: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը պատասխանել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի վերաբերյալ նամակին: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի նախագահի կողմից բարձրացրած հարցերն իր եւ իր ղեկավարած կազմակերպության լիարժեք ուշադրության ներքո են:

 

 

41 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում հունիսի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 41 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223723 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1127455, վերջին մեկ օրում` 2353 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 2913 պացիենտ. մեկ օրում ավելացել է 4-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 215228 անձ, վերջին մեկ օրում՝ 33 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4488 է:

 

 

ԱՐՁԱԳԱՆՔ

Մայր Աթոռն արձագանքել է նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Հայոց Եկեղեցու հասցեին: «Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին։ Եկեղեցու եւ ազգային-հոգեւոր արժեքների հանդեպ ներկա իշխանության վերաբերմունքը մեր ժողովրդին հայտնի է։ Այս համատեքստում պետք է դիտարկել վարչապետի պաշտոնակատարի կողմից Եկեղեցու եւ եկեղեցականների նկատմամբ դրսեւորված վարքագիծը։ Հայոց Եկեղեցին, հակառակ ամեն տեսակ խոչընդոտի եւ իշխանությունների կեցվածքի, շարունակելու է անշեղորեն իրականացնել հոգեփրկչական եւ ազգապահպան իր առաքելությունը հայ ժողովրդի կյանքում»,-նշված է հաղորդագրության մեջ։

 

 

ԵՄ-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ Է

Եվրոպական միությունը ողջունում է Վրաստանի աջակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի գործողությունները, որոնք հանգեցրել են հունիսի 12-ին Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատ արձակմանը եւ Հայաստանի կողմից ականապատ տարածքների քարտեզների փոխանցմանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը: «Այս գործողությունները կարեւոր մարդասիրական եւ վստահության ամրապնդմանն ուղղված ժեստեր են Բաքվի եւ Երեւանի կողմից, որոնք, հուսանք, նոր ուղի են հարթելու կողմերի միջեւ հետագա համագործակցության, ի վերջո, բոլոր հայ պահվող անձանց ազատ արձակման, ինչպես նաեւ տարածքների ականապատման բոլոր առկա քարտեզների հանձնման համար՝ խուսափելու հետագա մարդկային զոհերից»,- նշել է Բորելը։

 

 




Լրահոս