ԿԱՇԱՌՔԻ ԳՈՐԾՈՎ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ 1,5 տարի է անցել, սակայն իրավապահ համակարգը դեռեւս չի գտել հոկտեմբերի 27-ի գործը քննած, Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանին, որը Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ օրերս էլ դատարանը հետախուզվող նախկին դատավորին կաշառք տված անձի մասով որոշում է կայացրել:

 

Ինչպես հայտնի է, 2019 թվականի նոյեմբերի 26-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ բացահայտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2007-2009թթ. ընթացքում առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու եւ ստանալու դեպք, բայց ո՛չ կաշառքի չափը, ո՛չ էլ պաշտոնատարների անունները չհայտնեց: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, թե ով է եղել այն անձը, որը կաշառքի մասով դատավոր Սամվել Ուզունյանի դեմ իրավապահներին հանցագործության մասին հաղորդում է տվել:

ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ վերջինիս դեմ հանցագործության մասին իրավապահներին հաղորդում է ներկայացրել «Սմբատի օջախ» ՍՊԸ-ի տնօրեն Սմբատ Հարությունյանը: Փոս փորողն ինքն ընկավ փոսը: Բանն այն է, որ Հատուկ քննչական ծառայությունը դատավոր Ուզունյանի մասով քննվող քրեական գործով նաեւ մեղադրանք է առաջադրել կաշառքի մասով դատավորի դեմ հաղորդում ներկայացրած «Սմբատի օջախ» ՍՊԸ-ի տնօրեն Սմբատ Հարությունյանին:

Նախաքննական մարմինը պարզել է, որ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվել է մեկ քաղաքացիական գործ: Սմբատ Հարությունյանը, Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանի դրդմամբ, իր օգտին դատական ակտ կայացնելու համար առանձնապես խոշոր չափի՝ 6.110.910 ՀՀ դրամին համարժեք 13.000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել իրավասու պաշտոնատար անձանց, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ Սամվել Ուզունյանն այդ գումարը մտադիր չի եղել փոխանցել որեւէ պաշտոնատար անձի եւ խարդախությամբ հափշտակել է այն:

Ոուզունյանին այդպես է չեն գտել, սակայն նրան կաշառք տված անձի մասով դատարանը որոշում է կայացրել: 2021 թվականի հունիսի 4-ին դատարանն ամբաստանյալ Սմբատ Հարությունյանին մեղավոր է ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքում եւ դատապարտել ազատազրկման՝ 3 (երեք) տարի ժամկետով:

«Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ ամբաստանյալ Սմբատ Հարությունյանին ազատել են նշանակված պատիժը կրելուց:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՄԻՊ-Ը ՄՏԱՀՈԳՎԱԾ Է

Նախընտրական քարոզարշավի մասնակից քաղաքական ուժերի՝ վիրավորանք ու հայհոյանք պարունակող բառապաշարը մարդկանց մոտ ստանում է խիստ մտահոգիչ տարածում: Այս մասին հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

 

«Մասնավորապես, այդպիսի բառապաշար օգտագործող քաղաքական ուժերի եւ նրանց ղեկավարների հռետորաբանությունը արագ տարածվում է յուրաքանչյուրի կողմնակիցների ու հակառակ կարծիք ունեցողների շրջանում: Մտահոգիչ զարգացում են ստանում նաեւ վիրավորանք ու ատելություն պարունակող խիստ դատապարտելի հոլովակներ քաղաքական հակառակորդ տարբեր ուժերի մասին: Տպավորություն է` ողջ երկրով մեկ հայտարարված է մրցույթ, եւ միավորներ ավելանում են՝ կախված նրանից, թե ով ում որքան շատ կվիրավորի ու կհայհոյի:

Ստացվել է այնպես, որ նախընտրական քարոզարշավը նրա համար է, որ ապահովվեն փոխադարձ մեղադրանքների, վիրավորանքի ու հայհոյանքի հանրային տեսարաններ, իսկ հանրային քննարկմանը տիրույթն էլ լցվի միայն իշխանավեճի օրակարգով՝ լի վիրավորանքով ու հայհոյանքով:

Բայց նման հռետորաբանություն օգտագործող քաղաքական ուժերն ուղղակի անտեսում են, որ այդ ամենից հետո մարդիկ սոցիալական ցանցերում ու անգամ սոցիալական ցանցերից դուրս սկսում են այդ նույն վիրավորանքի ու հայհոյանքի բառերով ընտրությունների վերաբերյալ հակառակ կարծիք ունեցողներին վիրավորել, հայհոյել ու ծաղրել:

Այդ քաղաքական ուժերը հաշվի չեն առնում, որ նշված արատավոր երեւույթներն իրենց հերթին լարված են պահում մթնոլորտը, երկարաժամկետ հեռանկարով խորացնում են բեւեռացումն ու անհանդուրժողականությունը: Նշված քաղաքական ուժերը հաշվի չեն առնում, որ արժանապատվությունը վիրավորող հռետորաբանությունը սադրիչ է եւ կարող է իրական կյանքում փոխակերպվել բռնության:

Ուստի, պետք է հաշվի առնել նույնիսկ յուրաքանչյուր բառի կամ արտահայտության փոխաբերական բոլոր իմաստներն ու տարակարծիք ընկալման հարցերը: Սա հատկապես վերաբերում է բռնության հետ ասոցացվող արատավոր երեւույթներին:

Անհրաժեշտ է դադարեցնել, ուղղակի բացառել հանրային տիրույթում փոխադարձ վիրավորանքի ու հայհոյանքի օրակարգի անհեռատես զարգացումն ու բացահայտ խրախուսումը: Քաղաքական ուժերն ու հատկապես հանրային գործիչները պետք է բոլորին հորդորեն հարգել մարդու յուրաքանչյուր իրավունք, հատկապես՝ արժանապատվությունն ու կարծիքի արտահայտման ազատությունը: Պետք է սեփական օրինակով նպաստել երկրում համերաշխության վերականգնմանն ու փոխադարձ հարգանքի երաշխավորմանը:

Ի վերջո, ակնհայտ է, որ եթե մարդկանց իրական խնդիրները բարձրաձայնելու եւ լուծումներ քննարկելու փոխարեն շարունակվի հայհոյանքի ու վիրավորանքի օրակարգի զարգացումը, մարդիկ այդպես էլ չեն կարողանալու հստակ պատկերացում կազմել, թե իրենց կենսական խնդիրները լուծելու համար ում օգտին պետք է քվեարկեն, որ հետո էլ կարողանան վերահսկողություն իրականացնել հանրային իշխանություն ձեւավորած քաղաքական ուժի նկատմամբ:

 

 

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ավարտվել է 2021 թվականի փետրվարի 19-ին եւ 20-ին «Ֆլայ Արմենիա էյրվեյզ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող Boeing B737-300 EK-FAA օդանավի (փետրվարի 20-ին օդանավը չարտոնված վայրէջք է կատարել Թեհրանում) մեկանգամյա տեխնիկական-տեղափոխական թռիչքների ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասնագիտական քննությունը: «Հիմք ընդունելով արձանագրված թերությունները, ինչպես նաեւ այն փաստը, որ «Ֆլայ Արմենիա էյրվեյզ» ՍՊԸ-ն ներկա պահին չունի շահագործման ենթակա որեւէ պիտանի օդանավ, որոշում է կայացվել կասեցնել թիվ 070 օդանավ շահագործողի վկայականը: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նշված դեպքի հետ կապված քննությունը շարունակվում է»,- նշում են ՔԱԿ-ից: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մասնագիտական քննության արդյունքները կներկայացնի ԱԱԾ-ին: Խոսքը 2021 թվականի փետրվարի 20-ին «Ֆլայ Արմենիա էյրվեյզ» ՍՊԸ Boeing B737-300 տիպի օդանավի՝ Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում չարտոնված վայրէջք կատարելու մասին է, որը 2021 թվականի ապրիլի 23-ից գտնվում է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում:

 

 

ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԸ

2021թ. հունիսի 12-ին Արտաշատի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ  բազմաթիվ կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Արտաշատ քաղաքի՝ 1969թ. ծնված բնակչուհի, որը հիվանդանոցում մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նախնական տվյալներով՝ դեպքի օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մտել է Արտաշատ քաղաքի բնակչուհու տան խոհանոց եւ կտրող-ծակող գործիքով հարվածներ հասցրել նրան: Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում տան միջանցքում եւ խոհանոցում հայտնաբերվել են արնանման բազմաթիվ հետքեր, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դիակի դատաբժշկական եւ դատակենսաբանական փորձաքննություններ: Պարզվել է շարժառիթը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը նույն քաղաքի բնակիչ է՝ 21 տարեկան: Վերջինս ձերբակալվել է՝ համաքաղաքացուն սպանելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ:

 




Լրահոս