Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Ալեքսանյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հունիսի 4-ին կայացած Ժան Կոկտոյի՝ սիրո, ստի, ցասումի եւ անսպասելիության մասին պատմող «Նա» մոնոներկայացման մասին։
Նշենք, որ ներկայացման բեմադրիչը դերասան Վարդգես Բարսեղյանն է։
«Սա Վարդգեսի առաջին փորձն էորպես բեմադրիիչ: Իրականում մոնոներկայացում խաղալու մտադրություն չունեի: Գիտեի, որ Վարդգեսը փորձեր է անում թատրոնում, հետո որոշեց, որ ես պետք է խաղամ: Տվեց պիեսն ու ասաց՝ եթե ցանկություն կունենամ խաղալու, սիրով կաշխատենք, եթե ոչ, խնդիր չկա: Կարդացի, սկզբում այդքան էլ տպավորված չէի, քանի որ պիեսի շարունակական շղթան ինձ չէր հուզում: Անմիջապես պատասխան չտալու համար որոշեցի վերընթերցել: Մեկ անգամ եւս կարդացի եւ հանկարծ հասկացա, որ այն, ինչը կատարվելու է բեմում, պետք է այսպես լինի՝ ոչ սովորական զարգացման շղթայով, ոչ սովորական գրված ձեւով, եւ դա ինձ սկսեց հուզել, եւ հասկացա՝ եթե չհամաձայնեմ, ապա մեծ սխալ գործած կլինեմ։ Ես երրորդ ընթերցման ընթացքում պարզապես տեսա ներկայացումը, հասկացա, թե ինչ պետք է խաղամ, ինչ մատուցեմ հանդիսատեսին, եւ ինչ պետք է լինի բեմում, եւ ինչ կա այն տողատակերում, որ սովորաբար չես նկատում։ Հանկարծ սիրտս սկսեց արագ բաբախել հուզմունքից։ Երեք օր հետո Վարդգեսին ասացի՝ կխաղամ, քանի որ մենք չենք գնում ըստ պիեսի, մենք շեղվում ենք պիեսից՝ միեւնույն ժամանակ չշեղվելով նրանից։ Վարդգեսը համաձայնեց, եւ մենք սկսեցինք միասին տող առ տող կառուցել պիեսի շղթան եւ ստացանք այն, ինչ հիմա ունենք։ Ներկայացման ինտրիգը կայանում է նրանում, որ վերցնելով Կոկտոյին, չհեռանալով Կոկտոյից, մի բառ անգամ չփոխելով՝ մենք մատուցեցինք նորովի՝ հավատարիմ մնալով Կոկտոյին»,-պատմեց դերասանուհին:
Դերասանուհին հատուկ շեշտում է, որ 7 տարի մի բեմում աշխատելով Վարդգեսի հետ, երկուսն էլ լինելով առաջին հերթին դերասան՝ աշխատել են միասին շատ համերաշխ եւ ջերմ մթնոլորտում։
«Մենք երկուսս էլ շատ լավ հասկանում էինք, թե ինչ ենք ուզում, ոչ մի բան չկար միմյանց ապացուցելու։ Կարծում եմ՝ մենք ճիշտ ժամանակին հայտնվել ենք ճիշտ կետում, ինչն էլ համընկավ նաեւ «Մոնո» փառատոնի շրջանակում, եւ պատիվ ունեցա խաղալ նաեւ այդ փառատոնին։ «Նա» ներկայացումը խաղալու ենք նաեւ Գյումրու դրամատիկական թատրոնում փառատոնի շրջանակում, ինչն է՛լ ավելի մեծագույն պատիվ է ինձ համար, եւ կարծում եմ, որ թատերասեր հասարակությունը գոհ կհեռանա դահլիճից, քանի որ մեր միակ նպատակը դերասան հանդիսատես կապը պահելն ու մի մարմին դարձնելն է, որպեսզի չհասկանան, թե որտեղ է նրանց միջեւ եղած սահմանը։ Ես բեմի վրա զգում եմ հանդիսատեսի շունչը, եւ դա ինձ ապրեցնում է, թեւեր է տալիս թռչելու համար»,-ընդգծում է Նարինե Ալեքսանյանը։
Հավելենք, որ «Նա» ներկայացման երաժշտության հեղինակը եւ ձեւավորողը Հարություն Հարությունյանն է, պարը բեմադրել է Արտյոմ Գեւորգյանը, բեմանկարիչը եւ հագուստի ձեւավորողը Մարիամ Մուրադյանն է:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ» ՎԵՊԻ ՍՏԵՂԾՄԱՆ 100-ԱՄՅԱԿԸ
Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի ստեղծման 100-ամյակի շրջանակում հունիսի 10-ին հեղինակի տուն-թանգարանում բացվեց ցուցահանդես, որում ներկայացված են վեպի նկարազարդումները, որոնք պահվում են թանգարանի հիմնական ֆոնդում: Աշխատանքների հեղինակը Յուրի Բաղդասարովն է: Ցուցահանդեսին զուգահեռ ընթացավ գիտական քննարկում, որին զեկուցումներով հանդես եկան գրողներ, գրականագետներ:
Տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը նշել է, որ նկարազարդումները վերնագրված չեն: «Չարենցն ասում էր՝ հասկացողը կհասկանա: Այդ սկզբունքով ենք ներկայացրել ցուցահանդեսը: Կարծում եմ՝ հասկացողը կհասկանա, թե վեպի որ հատվածներից են նկարազարդումները»,-ընդգծել է նա:
Մանուկյանը տեղեկացրել է, որ թանգարանի ֆոնդում պահվում են նաեւ Մարտիրոս Սարյանի եւ այլ նկարիչների նկարազարդումներ, որոնք ժամանակ առ ժամանակ կցուցադրվեն: Նախատեսվում է նաեւ ցուցադրություն, որում կներառվեն բոլոր հեղինակների գործերը:
Անդրադառնալով վեպին՝ Ժաննա Մանուկյանը շեշտել է, որ Չարենցն այն գրել է մաս-մաս՝ ընդհատումներով: «Չարենցի բոլոր ստեղծագործությունները շատ արդիական են եւ շատ համահունչ այսօրվա իրադարձություններին: Զուր չեն ասում, որ Չարենցն ապագայի գրող է, որի յուրաքանչյուր բառն ու խոսքն իրականանում է»,-եզրափակել է տնօրենը:
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ թերթերից մեկը հարցում է անցկացրել հայ գրականության լավագույն վեպերի վերաբերյալ. Չարենցի «Երկիր Նաիրի»-ն առաջատարներից է եղել: «Ցանկում ներառվել են նաեւ Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա», Գուրգեն Մահարու «Այրվող արգեստաններ»-ը, Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» եւ այլ վեպեր: Չարենցը «Երկիր Նաիրի»-ն համարում էր պոետական վեպ: 1980-1990-ականներին թերագնահատվում էր արձակի բանաստեղծականությունը, այնինչ Չարենցն առանց դրա այս վեպը չէր պատկերացնի: Վեպում Եղիշե Չարենցն ընդգծել է ժողովրդի հոգու թախիծը: Չարենցն ասում է, որ ամեն մարդ իր մեջ պետք է փնտրի Նաիրին ու հասնի դրան»,- ասել է Միլիտոնյանը:
Նախաձեռնությունն իրականացրին Եղիշե Չարենցի տուն-թանգարանը եւ Հայաստանի գրողների միությունը: 100-ամյակի շրջանակում առաջիկայում այլ ծրագրեր եւս կիրականացվեն:
ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին կարծիք է հայտնել, որ Արգենտինայի հավաքականը կախվածություն չունի միայն իր խաղից: «Հավաքականը երբեք կախվածություն չի ունեցել ինձանից: Մենք փորձում ենք կառուցել ուժեղ ու միասնական թիմ: Եթե մենք չլինենք իսկական ուժեղ թիմ, մեր նպատակներին հասնելը կլինի շատ բարդ: Կարծում եմ՝ հիմա մենք ուժեղ ենք որպես կոլեկտիվ: Ֆուտբոլիստներից շատերը միասին են աշխատում տեւական ժամանակ: Կործում եմ՝ մենք ճիշտ ուղու վրա ենք: Արգենտինայի հավաքականում անցկացրած ժամանակահատվածն առանձնահատուկ է ինձ համար: Երբեք չէի մտածի, որ այսքան խաղեր կանցկացնեմ հավաքականում: Միշտ փորձել եմ ներդնել բոլոր ուժերս»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Ole-ն: Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը պատրաստվում է Բրազիլիայում մեկնարկած Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որի առաջին տուրում հունիսի 15-ին կմրցի Չիլիի հավաքականի հետ:
ՀԵՌԱՑԵԼ Է «ԱՐԱՐԱՏ»-ԻՑ
Հայաստանի հավաքականի թեկնածու Արտակ Եդիգարյանը հեռացել է Երեւանի «Արարատից». hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 31-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ էր միացել «Արարատին», որի կազմում մասնակցել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 17 եւ գավաթի խաղարկության 5 հանդիպման: Հայաստանի ազգային հավաքականի կազմում Եդիգարյանը մասնակցել է 31 խաղի եւ խփել մեկ գոլ: Նախկինում նա հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում», «Ուրարտուում», «Ալաշկերտում», Դոնեցկի «Մետալուրգում» եւ Լիտվայի «Ժալգիրիսում»:
ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է
Հայաստանի ազգային հավաքականի եւ արգենտինական «Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը տեղափոխվել է «Բոկա Խունիորս». տեղեկացնում է Transfermarkt-ը: Ըստ աղբյուրի՝ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կազմել է 2.89 միլիոն եվրո: Ավելի վաղ նշվում էր, որ բուժզննում անցնելուց հետո Բալեկյանը 4 տարվա պայմանագիր կկնքի Արգենտինայի 28-ակի չեմպիոնի հետ: Նորբերտո Բրիասկո Բալեկյանը 2018-ից է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականում, իսկ «Ուրականին» միացել է 2016-ին: Արգենտինական ակումբի հետ հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023 թվականը: Արգենտինայի ընթացիկ առաջնությունում նա անցկացրել է 10 հանդիպում եւ դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային գինը գնահատում է 1.8 միլիոն եվրո: