ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Արմավիրում

 

Արմավիր քաղաքի բնակիչ 33-ամյա Սեւակ Շուշանյանը Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու լուրջ հայտ է ներկայացրել:

Սեւակը, Արմավիր քաղաքի գլխավոր հրապարակից գնդակ խաղալով (գնդակը երկու ոտքով խաղացնելով), շարժվել է Երեւանի ուղղությամբ եւ մոտ 20 կիլոմետր ճանապարհ է անցել: Ս. Շուշանյանը ռեկորդը նվիրում է 2020թ. արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Անչափահասին կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձին կենսաթոշակ նշանակելու համար ո՞վ պետք է դիմի կենսաթոշակ նշանակող մարմին:

Ալլա Ստեփանյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ մինչեւ 14 տարեկան անչափահաս անձին կենսաթոշակ նշանակելու համար նրա հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում գրավոր դիմում է ներկայացնում ծնողը (որդեգրողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն): Եթե անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձի օրինական ներկայացուցիչը համապատասխան կազմակերպությունն է (մանկատունը կամ հոգեբուժարանը), որտեղ գտնվում է անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձը, նրան կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կազմակերպության գտնվելու վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում այդ կազմակերպության ղեկավարը կամ նրա լիազորած անձը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 14 տարեկան անձն իրավունք ունի կենսաթոշակ նշանակելու համար դիմել անձամբ:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչ կարգով է մերժվում ապոստիլով վավերացումը:

Հրայր Սամսոնյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ պաշտոնական փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու դիմումը մերժվում է, եթե`

1) փաստաթուղթը պատրաստել կամ հաստատել կամ կնքել է դրա լիազորությունը չունեցող անձը կամ մարմինը,

2) փաստաթուղթը չի համապատասխանում տվյալ փաստաթղթի համար սահմանված ձեւաչափին,

3) փաստաթուղթն ապոստիլով վավերացման ենթակա չէ,

4) փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու մասին դիմումը ներկայացվել է սույն օրենքի եւ փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու գործընթացը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգի խախտմամբ,

5) անընթեռնելի են փաստաթուղթը ստորագրող անձի պաշտոնեական դիրքի մասին տվյալները, վերջինիս ստորագրությունը, փաստաթուղթը հաստատող կնիքը կամ դրոշմակնիքը,

6) փաստաթուղթը վնասված է, պահպանված չէ փաստաթղթի ամբողջականությունը, փաստաթղթի վրա առկա են անթույլատրելի գրառումներ,

7) չեն ներկայացվել փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու համար օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը, սույն օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պետական տուրքի վճարման հավաստումը.

8) փաստաթուղթը ներկայացվելու է Կոնվենցիային չանդամակցող երկիր.

9) փաստաթուղթն ակնհայտ կեղծ է:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Էլեկտրոնային ապոստիլը չի ամրացվում վավերացվող բնօրինակ պաշտոնական փաստաթղթին: Այն ուղարկվում է քաղաքացու էլեկտրոնային փոստի հասցեին, որը հնարավոր է տպագրել ցանկացած տեսակի տպիչ սարքի միջոցով, այդ թվում՝ գունավոր կամ սեւ-սպիտակ, օգտագործել ցանկացած տեսակի թղթային կրիչ եւ ներկայացնել՝ ըստ պահանջի: Դիմողի ցանկությամբ տպագրված էլեկտրոնային ապոստիլը տրամադրվում է նաեւ ՀՀ արդարադատության նախարարության կողմից:




Լրահոս