ՄՈՒՐՃՈՎ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ՖՈՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ հայաստանյան ներքաղաքական կյանքում նախընտրական կրքեր են բորբոքվում,  Արցախում եւ տարածաշրջանում նոր զարգացումներ են տեղի ունենում։ Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իլհամ Ալիեւի հետ այցելել էր Շուշի։ Այս այցն արդեն իսկ քննադատվել է ղեկավար չունեցող ՀՀ ԱԳՆ-ի կողմից։ Հայտարարության մեջ ասվում է. «Որպես տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք՝ խստորեն դատապարտում ենք հունիսի 15-ին Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ այցելությունն Արցախի՝ ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական պատմական եւ մշակութային կենտրոն՝ Շուշի քաղաք»: Իhարկե, այս իրավիճակում զարմանալի է պաշտոնյա չունենալը, սակայն աշխարհաքաղաքական զարգացումները չեն սպասում ՀՀ ընտրությունների ավարտին։ Նախօրեին տեղի ունեցած Էրդողան-Բայդեն հանդիպումից հետո Ժնեւում հունիսի 16-ին սպասվում է Բայդեն-Պուտին հանդիպումը, որի շրջանակում նրանք կքննարկեն ռազմավարական կայունության, COVID-19-ի դեմ պայքարի, կիբերհանցագործության դեմ պայքարի, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր՝ ներառյալ իրավիճակը Մերձավոր Արեւելքում, Ուկրաինայում եւ Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Ժնեւի հանդիպման անցկացման նախաձեռնությունը եղել է ամերիկյան կողմից»,- նշել է Ուշակովը: Ինչպես նշեցինք, Ժնեւում Պուտին-Բայդեն գագաթնաժողովից առաջ՝ հունիսի 14-ին, կայացել է Ջո Բայդենի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ. այս հանդիպման օրակարգում եւս ներառված էր Ղարաբաղյան հակամարտության թեման: Ստացվում է, որ ԱՄՆ նոր վարչակազմը Ղարաբաղյան հակամարտությունը քննարկել է թե՛ Էրդողանի հետ հանդիպմանը, թե՛ քննարկելու է Պուտինի հետ սպասվող հանդիպմանը: Եվ մինչ Հայաստանում իրար վրա ցեխ են շպրտում, աշխարհում նոր զարգացումներ են, որից Հայաստանը դուրս է մնում։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունը տեւական ժամանակ քննարկել է, թե ինչ կարող է լինել հունիսի 21-ին` արտահերթ խորհրդական ընտրություններից հետո, ու եկել է այն եզրակացության, որ պետք է պատրաստվել հուժկու հանրահավաքների: Իշխանական թեւի մի հատվածի կարծիքով՝ բանը չի հասնելու հանրահավաքների, քանի որ իրենք շատ բարձ տոկոս են հավաքելու, ու խնդիր չի լինելու թիմակիցներին փողոց դուրս հանել: Փաշինյանի հիմնական նպատակն է, որ հայրենի ընդդիմությունը կրկին Հանրապետության հրապարակում ցույցեր չիրականացնի, ինչի համար «իրենով է արել»  հրապարակը: Նշենք, որ հունիսի 21-24-ը ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանրահավաքներ է հրավիրել, բայց որեւէ մեկը չի բացատրել, թե ինչ նպատակով են այդ հավաքներն իրականացվելու: Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ իշխանությունը վստահ է, թե ինքը մեծ հաղթանակ է ունենալու, որը չեն հանդուրժելու ընդդիմության ներկայացուցիչները, ինչի համար դեռեւս թեժ օրեր են սպասվում: Ըստ իշխանության թեւի ներկայացուցիչների՝ արդեն իրավապահ համակարգում հրահանգված է արթուն լինել, որպեսզի կարողանան հետընտրական պրոցեսներին դիմակայել: Հավելենք, որ իշխանության ներսում շատ հակասական տրամադրություններ են, քանի որ այս ընթացքում աճում է նաեւ ընդդիմության վարկանիշը, որից իշխանությունները շատ վախենում են:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգը մեծ ուժով լծվել է Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբոր սպանության բացահայտման գործին: Մեզ հասած տեղեկությւնների համաձայն՝ իրավապահ համակարգում քննարկում է եղել, եւ որոշել են գործը ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի վարչությունից տեղափոխել ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարեւորագույն գործերով քննչական վարչություն, որպեսզի տեսնեն, թե արդյոք այս վարչությանը կհաջողվի գոնե դուրս գալ սպանության հետքի վրա: Հիշեցնենք, որ էջմիածին քաղաքի կամրջի տակ կրակոցներ էին արձակել Արմեն Ասատրյանի՝ բոլորին հայտնի Լալայի մեքենայի ուղղությամբ, ինչի հետեւանքով նա  մահացել էր: Ենթադրյալ հանցագործը դեպքից հետո այրել էր այն զենքն ու մեքենան, որով իրականացրել էր սպանությունը: Այս հանգամանքն էլ բարդացրել է սպանության բացահայտումը, եւ շուրջ 2 շաբաթ է՝ իրավապահների համար կատարվածը մնում է հանելուկ, թե ով կամ ինչու սպանեց Պիպոյի եղբորը:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ավարտվել է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող Boeing B737-300 EK-FAA օդանավի մեկանգամյա տեխնիկական տեղափոխական թռիչքների ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասնագիտական քննությունը։ Խոսքը առեւանգված ինքնաթիռի մասին է, որը այս տարվա փետրվարի 20-ին Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում չարտոնված վայրէջք էր կատարել։   Եվ մենք տեղեկացանք, որ որոշում է կայացվել կասեցնել «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության թիվ 070 օդանավ շահագործողի վկայականը։ Կոմիտեն մասնագիտական քննության արդյունքում արձանագրել է թռիչքային անվտանգությանը սպառնացող թերություններ:  «Ժողովուրդ»  օրաթերթը զրուցեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի թռիչքային գործունեության վարչության պետ Արամ Եղոյանի հետ,  եւ հետաքրքրվեցինք ինքնաթիռի՝ Թեհրանում չարտոնված վայրէջք կատարած մանրամասներերից։ «Ես անձամբ եղել եմ Թեհրանում, մենք կոմիտեից հինգ հոգով գնացինք, որ ինքնաթիռը բերեինք, սկզբից չէին տալիս, հետո մեր դեսպանության աշխատանքի շնորհիվ ստացվեց ինքնաթիռը բերել Հայաստան։ Ինքնաթիռը հիմա այստեղ է, գործ է հարուցված, քննվում է, ինքնաթիռն էլ կալանքի տակ է»,- տեղեկացրեց Քաղավիացիայի կոմիտեի ներկայացուցիչը։

 

 




Լրահոս