ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակի ներկայացուցիչ Խաչիկ Գալստյանի հետ: Մենք փորձել ենք պարզել, թե քարոզարշավի ընթացքում ինչ աշխատանքներ են իրականացրել ու ինչ արդյունք են գրանցել: Մենք խոսել ենք նաեւ հայ ռազմագերիների վերադարձի, անվտանգության ապահովման տեսլականի, իշխանափոխության, ինչպես նաեւ կոալիցիաներ կազմելու մասին:

 

-Պարո՛ն Գալստյան, քարոզարշավը շարունակվում է։ Ի՞նչ տրամադրվածություն կա այս պահին։

-Քարոզարշավը հասարակածը հատել է, մենք մոտենում ենք վերջնակետին այն հույսով, որ հունիսի 20-ին ՀՀ քաղաքացին կկատարի ճիշտ ընտրություն, առաջնային կլինի նամուսը, թասիբը, եւ կընտրեն ազգային ուժերին։ Հասարակության շատ ստվար զանգված այդ կարծիքը կիսում է։ Մեր դաշինքը ստեղծել է բազմաթիվ քարոզչական շտաբներ, եւ մենք հանդիպել ենք տասնյակ հազարավոր քաղաքացիների, եւ ակնհայտ է, որ նրանք հոգնել են այս իրավիճակից, եւ մարդիկ ցանկանում են կայունություն ու վստահություն։ Ի դեմս մեր վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի՝ ունենք էներգիա, ուժ, կամք ցանկություն եւ ունենալու ենք լավ արդյունքներ։

-«Պատիվ ունեմ» դաշինքն ունի՞ ելք, ի՞նչ եք անելու անվտանգությունը բարձրացնելու համար։

-Բացի Փաշինյանից, ով գա իշխանության ղեկին, թուրքերն ու ադրբեջանցիները չեն կարող նույն տոնով խոսել նորընտիր իշխանությունների հետ։ Նիկոլ Փաշինյանն անձնապես է ստորացվել,հիմա պարտության սիմվոլը շարունակում է քարոզարշավը, շարունակում է մանիպուլացնել։ Նիկոլը ական է, որը դրված է հայոց պետականության տակ։ Այդ ականը պետք է ականազերծվի, եւ հունիսի 20-ին մենք նիկոլավիրուսը պինցետով ենք ախտահանում եւ ուղարկում գրողի ծոցը։ Դրանից հետո մենք վերականգնում ենք հանգստությունը, ազգը կոնսոլիդացնում ենք, ու այլեւս ոչ մի ուժ չի կարող հաշվի չնստել նորընտիր իշխանությունների հետ։

-Սակայն տեսնում ենք, որ հանրությունը ծափերով է դիմավորում Փաշինյանին։ Սա ի՞նչ է նշանակում։

-Դիմավորողների ճնշող մեծամասնությունը բերված ռեսուրս է, որոնք ֆոն են ստեղծում։ Փաշինյանը՝ որպես պոպուլիզմի մասնագետ, լավ է հասկացել թատերականացված ներկայացումների արժեքը։ Դրանք ամբոխահաճ եւ որոշակի սեգմենտին ուղղված քարոզչական հնարքներ են։ Այո, ես կարծում եմ, որ հանրության մեջ կան դեռ անձինք, որոնք խորը մոլորության մեջ են եւ հավատում են դավաճանական վարչախմբին,  նրանց մեծարում են, ենթագիտակցական մղումներով են անում, եւ սա խոսում է մարդկանց հիպնոսացման մասին։ Սրա դեմը պետք է առնենք, նիկոլիզմի ախտից հանրությանը հանելու համար ժամանակ է պետք, եւ արտահերթ ընտրությունները թող լինեն այդ բեկման կետը։

-Իշխանությունն ասում է՝ իրեն մեղադրում եք գործ չանելու մեջ, բայց ռազմագերիներից 15-ը վերադարձվել են։ Սրան ինչպե՞ս կարձագանքեք։

-Սա պարզ ճշմարտություն է. գերիները նախընտրական փուլում վերադարձվում են Փաշինյանի վարկանիշը բարձրացնելու համար,  այլ տարբերակ չկա։ Եվ եթե նա ցանկանում էր իր տղային ուղարկել գերիների փոխարեն, ապա, խնդրեմ, ավտոբուսը եկել էր, նա կարող էր դա անել եւ չի արել, իսկ դա էլ ենթադրում է, որ ամեն ինչ արվում է վարկանիշի համար։

-Իսկ ինչպե՞ս կարձագանքեք այն փաստին, որ իշխանությունը մի քանի օր նախատեսել է հանրահավաքներ իրականացնել։

-Այն նենգ քայլերը, որ նա պատրաստվում է անել, ամեն կերպ պետք է ի չիք դարձնել։ Մենք այս ընթացքում տեսել ենք ամեն ինչ, սակայն չենք տեսել քաղաքացիական պատերազմ։ Փաշինյանը լավ է հասկանում, որ ժողովուրդն իրեն հունիսի 20-ին տուն է ուղարկելու, իսկ դա ենթադրում է, որ նա կհայտնվի ճաղերի հետեւում։ Եվ Փաշինյանն իր աջակիցներով է կենդանի վահան սարքելու, եւ քարոզարշավի ընթացքում եւս ֆիզիկական անվտանգությունն ապահովում է երեխաներով։ Հիմա էլ նա իր աջակիցներին է հրավիրում, քանի որ հասկանում է՝ ինքը պարտվելու է։ Եթե Հայաստանում լինեն բախումներ, մեկի քթից արյուն հոսի, դրա ուղիղ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։

 

 

ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՆԵՐ

«Ժողովուրդ» օրաթերթը նախընտրական քարոզարշավի ընթացքն ամփոփել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Խաժակյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ հանրությունը ցանկանում է խորհրդարանում տեսնել այլընտրանք ուժ, եւ այդ այլընտրանքն էլ կարող է լինել հենց ԼՀԿ-ն։ Խաժակյանը դժվարացավ ասել, թե ինչպիսին կլինեն ընտրության արդյունքները՝ կարծիք հայտնելով, թե կարող է կոալիցիաների հարց առաջանալ։

 

«Մենք արձանագրում ենք, որ համերաշխության օրակարգը քաղաքացիներին լսելի է դարձել, եւ մարդիկ խոսում են այն մասին, որ հոգնել են այս ներքաղաքական գզվրտոցից եւ հանգստություն են ցանկանում։ Քարոզարշավի ամփոփման այս օրը ակնհայտ է դառնում, որ մյուս բոլոր ուժերը, որոնք հանդես են գալիս այլընտրանքի դիրքերից, չեն հասցրել իրենց ասելիքը տեղ հասցնել»,- նկատեց Խաժակյանը։

Հարցին՝ արդյոք հանրությունը կարողացավ քարոզարշավին լսել կարեւոր հարցերի պատասխաններ, Խաժակյանը նշեց. «Բառացի հայհոյանքների տեսքով մեղադրանքներ էինք լսում, թե, տեսեք, հունիսի 21-ին ինչպես կվարվենք ձեզ հետ։ Խնդիրն այն չէ, թե իրենք որքան են ատում միմյանց, խնդիրն այն է, որ երկու բեւեռներն էլ ունեն համախոհներ, եւ այս ատելության մթնոլորտը փոխանցվում  է նաեւ հասարակության լայն շերտերին։ Հենց դրա համար ենք առաջ բերել համախմբման օրակարգը։ Դա սպասելի օրակարգ է, եւ մնացածը կտեսնենք հունիսի 20-ին»:

Դիտարկմանը՝ իշխանությունը պատրաստվում է  հանրահավաքի ընտրություններից հետո, նա նկատեց? «Փաշինյանի եւ Քոչարյանի թիմերն իրազեկումներ են ներկայացրել մեծ հավաքներ իրականացնելու, եւ երկու պարագայում էլ դրանք հետընտրական գործընթացների պատրաստություն է ենթադրում, դա էլ ենթադրում է, որ իրենք համաձայն չեն լինելու արդյունքների հետ եւ փորձելու են մարդկանց դուրս հանել փողոց։ Եվ սա էլ է ապացույց, որ պետք է համախմբման օրակարգը լինի, եւ միակ ուժը, որը չի եղել նախկին եւ ներկա իշխանությունների մաս, ԼՀԿ-ն է, եւ, այո՛ մենք ներկայացված ենք լինելու խորհրդարանում։ Ես կարծում եմ, որ սրանք ամենաանկանխատեսելի ընտրություններն են։ Հիմա պատկերը պարզ չէ, եւ միայն քվեարկության օրը կհասկանանք՝ ինչպիսի պատկեր կլինի, արդյոք մեկ ուժ կլինի մեծամասնություն։ Ինձ թվում է՝ սպասվում է ուժերի միավորում՝ կոալիցիաների տեսքով»,- հավելեց նա։

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ՝ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հունիսի 20-ին ընդառաջ ակտիվանում են խոսակցություններն այն մասին, որ տարբեր քաղաքական ուժեր հին ու բարի ժամանակների նման ցուցակագրել են քաղաքացիների, որոնց իբրեւ թե պետք է ընտրակաշառք բաժանվի կոնկրետ քաղաքական ուժի ձայն տալու համար։ Իշխանական շրջանակներից մեզ փոխանցեցին, որ այս առումով իսկապես խնդիր կա, ու քանի որ հատկապես որոշ մարզերում ուժային կառույցների աշխատանքի նկատմամբ չկա 100-տոկոսանոց վստահություն, ուստի շատ հնարավոր է, որ լինեն ընտրակաշառքի դեպքեր, որի մասին ուժայինները չհայտնեն կամ ըստ հավուր պատշաճի չարձագանքեն դրանց։ Մեր այն հարցին, թե ինչպես են պայքարելու նման երեւույթների դեմ՝ մեր զրուցակիցը հայտնեց, որ ՔՊ-ում  ընտրակաշառքի դեպքի տեսանկարահանման համար 1000 դոլար պարգեւավճար են սահմանել։  Բոլոր նրանք, ովքեր կաշառքի առաջարկը կամ փոխանցելու պահը կտեսանկարահանեն ու կտրամադրեն իրենց, 1000 դոլար պարգեւավճար կստանան, ապացույցներն էլ  կփոխանցեն իրավապահներին։  Իհարկե չենք բացառում, որ ՔՊ-ի այս քայլը կարող է ունենալ զուտ քարոզչական բնույթ, որով փորձում են պայքարել ընտրակաշառքի դեմ, սակայն, այնուամենայնիվ, մեկ բան հստակ է, որ տարիներով իր ձայնը վաճառած քաղաքացին երկիրը հասցրեց այս վիճակին, ու եթե դարձյալ շարունակվում են ընտրակաշառք բաժանելու, ցուցակագրելու արատավոր դեպքերը, ապա մենք շատ հեռու ենք նորմալ երկիր ունենալու մեր երազանքից։

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ

ՀՀ կենտրոնական բանկի համար 2021-ի ընթացիկ զարգացումները նախանշում են տնտեսական աճի սպասվածից ավելի արագ վերականգնման միտումները: Այսպիսով, ԿԲ-ն վերանայել է տնտեսական աճի կանխատեսումը: Այյս մասին հունիսի 15-ին հրավիրված ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: «Տնտեսական աճի կանխատեսումը վերանայվել է: 2021-ի համար կանխատեսում ենք 4.6 տոկոս տնտեսական աճ՝ հիմնականում պայմանավորված ծառայությունների աճով, այն 1.2-ից վերանայվել է 6.1 տոկոս, արդյունաբերության աճը 0.7 տոկոսից վերանայվել է 4.5 տոկոս»,- ասաց Գալստյանը: Նրա խոսքով՝ արդյունաբերության աճը հիմնականում պայմանավորված է հանքահումքային ապրանքների գների բարձր աճով, նաեւ արտահանման եւ արդյունահանման ծավալների ավելի մեծ լինելով: Ծառայությունների հետ կապված՝ զբոսաշրջության ակտիվացում է նկատվում: «Արտաքին հատվածից էլ որոշակի ազդակներ ենք ստանում, որ տարին ավելի դրական է, քան նախկինում կանխատեսում էինք: Մասնավոր սպառման դրական փոփոխություն ենք ակնկալում տարվա մեջ, մինչդեռ մասնավոր ներդրումները շարունակում են թույլ մնալ»,- ասաց ԿԲ նախագահը:

 

 




Լրահոս