ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՄԵՆԱԱՂՔԱՏ ԵՎ ՀԱՐՈՒՍՏ ՈՒԺԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մնացել է 8 օր, քաղաքական ուժերը շարունակում են քարոզարշավը։ Այս պահին պայքարի մեջ է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն եւ 4 դաշինք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ոչ միայն հրապարակվել են ընտրացուցակները, այլ նաեւ քաղաքական ուժերի հայտարարագրերը, որոնցից կարելի է իմանալ նրանց դրամական միջոցների, եկամուտների,  անշարժ եւ շարժական գույքի մասին։ Այսպիսով, ArmLur.am-ն ուսումնասիրել է քաղաքական ուժերի ներկայացրած հայտարարագրերը եւ կներկայացնի «ամենաաղքատ» եւ «ամենահարուստ» ուժերին։

 

Հայտարարագրերից պարզ է դառնում, որ «ամենահարուստ» քաղաքական ուժը «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներն են։ Ինչպես հայտնի է, «Հայաստան» դաշինքի մեջ է մտնում «Վերածնվող Հայաստան» եւ «Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները։ ՀՅԴ-ն հայտարարագրել է 75 միավոր անշարժ գույք Երեւանում եւ մարզերում, ունի 720 հազար դրամ դրամական միջոց, իսկ եկամուտները կազմում են 27 մլն 823 հազար դրամ, որոնք ստացվել են կուսակցության անդամավճարներից, իսկ 4 մլն 303 հազար դրամ էլ ստացվել է Կենտրոնական գանձապետարանից որպես բյուջետային ֆինանսավորում, մնացածը եկամուտներն էլ ստացվել են վարձակալության գումարներից։ Իսկ  «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը վարձակալության իրավունքով տնօրինում է 1 հասարակական տարածք Գյումրի քաղաքում։

«Պատիվ ունեմ» դաշինքի կազմում են Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը եւ Հայաստանի հանրապետական կուսակցությունը։ «Հայրենիք» կուսակցության հայտարարագրում նշված է 1 գույք՝ անհատույց օգտագործման իրավունքով, եւ  3 միավոր գույք՝ վարձակալության հիմունքներով։ ՀՀԿ-ն 78 միավոր անշարժ գույք է հայտարարագրել, որի մեջ մտնում են շենք-շինություններ, հողատարածքներ եւ ավտոկայանատեղիներ։ ՀՀԿ-ի առկա դրամական միջոցները կազմում են 2 մլն 784 հազար դրամ, եկամուտներ՝ շուրջ 211 մլն դրամ, որից 5 մլն 208 հազարը՝ բյուջետային ֆինանսավորում, 205 մլն 061 հազար դրամը՝ անդամակցության վճարներ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարագրել է 22 մլն 240 հազար դրամ դրամական միջոցներ։ Եկամուտները կազմել են  68 մլն 914 հազար դրամ, որից 29 մլն 910 հազարը՝ կուսակցության անդամավճարներից եւ նվիրատվություններից, 39 մլն դրամ ՔՊ-ն ստացել է որպես բյուջետային ֆինանսավորում։ «Հայ ազգային կոնգրեսը» ունի 1 շինություն Երեւանի Սարյան փողոցում՝ 297,04 քմ մակերեսով։ Կուսակցությունը 506 հազար 482 դրամ դրամական միջոցներ է հայտարարագրել։ Եկամուտները կազմել են շուրջ 11,5 մլն դրամ, որն առաջացել է անդամակցության վճարներից եւ նվիրատվություններից։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը անշարժ կամ շարժական գույք չի հայտարարագրել։ Կուսակցության դրամական միջոցները կազմում են 573 հազար դրամ։ Եկամուտները՝ 9 մլն 150 հազար դրամ, որը ստացվել է ՀՀ պետբյուջեից։  «Հանրապետություն» կուսակցությունը որեւէ գույք կամ ավտոմեքենա չի հայտարարագրել։ Կուսակցության դրամական միջոցները կազմում էն 1 մլն 30 հազար դրամ, եկամուտները՝ 1 մլն դրամ, որոնք առաջացել են անդամավճարներից։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը  հայտարարագրել է 5 շինություն՝ վարձակալության հիմունքներով։ Կուսակցությունը ունի 32 մլն 499 հազար դրամ դրամական միջոց, եկամուտները կազմում են շուրջ 61,9 մլն դրամ, որից 756 հազար դրամը ստացվել է ՀՀ բյուջեից որպես ֆինանսավորում, մնացածը՝ անդամության վճարներ, նվիրատվություն։

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն ունի 1 մլն 322 հազար դրամ։ Կուսակցության եկամուտները կազմել են 10 մլն 474 հազար դրամ, որը ձեւավորվել է նվիրատվությունների միջոցով։ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը որեւէ անշարժ կամ շարժական գույք չի հայտարարագրել։ Կուսակցությունը ներկայացրել է 1 մլն 565 հազար դրամ դրամական միջոց, եկամուտները կազմում են 3 մլն 685 հազար դրամ, որն առաջացել է անդամավճարներից։ «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի հայտարարագրում որպես եկամտի աղբյուր նշված է նվիրատվությունը՝ 50 հազար դրամ, եւ վարձակալությամբ շահագործվող գույք Երեւանում։ Հետաքրքիր է, որ  8 ուժ առհասարակ որեւէ դրամական միջոց, եկամուտ, անշարժ կամ շարժական գույք չունի, եւ նրանց հայտարարագրերը դատարկ են։ Դրանք են՝ «Արդար Հայաստան», «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն, «Միասնական հայրենիք», «Համահայկական ազգային պետականություն», «Հայոց հայրենիք», «5165 ազգային դեմոկրատական շարժում», «Ազգային-ժողովրդավարական բեւեռ», «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունները։

Ն.Հ.

 

 

ԿՔՆՆԱՐԿԵՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին պատմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ  Ջո Բայդենի գագաթնաժողովի օրակարգի մասին, որը տեղի կունենա հունիսի 16-ին Ժնեւում՝ «La Grange» վիլլայում: Հունիսի 14-ին կայացել է Ուշակովի զրույցը Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանի հետ, որի ընթացքում հաստատվել են երկու նախագահների հանդիպման ձեւաչափի եւ օրակարգի վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները: Ուշակովը հայտնել է, որ, ի թիվս այլ հարցերի, նախագահները կքննարկեն տարածաշրջանային խնդիրները, որոնց թվում են Լեռնային Ղարաբաղը, Մերձավոր Արեւելքը, Սիրիան, Լիբիան, իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, Աֆղանստանի եւ Կորեական թերակղզու իրավիճակի կարգավորումը, Ուկրաինան եւ Բելառուսը: Պուտինը Բայդենի հետ երկու անգամ շփվել է հեռախոսով հունվարի 26-ին եւ ապրիլի 13-ին։ Մինչ այդ նրանք մի անձնական հանդիպում են ունեցել 2011-ին, երբ Բայդենն ԱՄՆ փոխնախագահն էր։ «Ժնեւի հանդիպման անցկացման նախաձեռնությունը եղել է ամերիկյան կողմից»-, նշել է Ուշակովը:

 

 

ՎԵՐՋԻՆ ՕՐԸ

Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը հունիսի 15-ին իր վերջին աշխատանքային օրն է անցկացնում այդ երկրում եւ ավարտում իր լիազորությունները: «Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում։ Ավարտվում է Ուկրաինայում իմ՝ համեմատաբար կարճաժամկետ, բայց իրադարձություններով հարուստ առաքելությունը։ Չնայած COVID-19 համավարակով պայմանավորված սահմանափակումներին՝ միասին մենք կարողացանք մի շարք գեղեցիկ մշակութային ծրագրեր իրականացնել, ընդլայնել եւ ամրապնդել դեսպանություն-համայնք կապը, իսկ ուկրաինացի գործընկերների հետ՝ վերականգնել կամ սկսել մի շարք երկկողմ հեռանկարային գործընթացներ։ Աշխատանքի զգալի մասը տեսանելի չի եղել, չեմ կարող այն բացահայտել նաեւ առաքելության ավարտին, բայց հավատացեք, որ համայնքի ղեկավարության եւ ուկրաինացի բարեկամների հետ միասին ունեցել ենք կարեւոր ձեքբերումներ»,- հայտնել է Տիգրան Սեյրանյանը։ Նա երախտագիտության խոսքեր է ուղղել բոլոր աջակիցներին եւ հավաստիացրել, որ Ուկրաինան հավերժ կմնա իր եւ տիկնոջ՝ դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովայի սրտերում։ Նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանին նա մաղթել է շոշափելի հաջողություններ իր առաքելության ընթացքում։

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

Երեկ հանդիպել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Հիշեցնենք, որ երեկ Կարեն Կարապետյանը հայտարարություն էր տարածել, որով Հայաստանի ներկայիս վիճակը համեմատել էր ականապատ դաշտի հետ, որով, ըստ նրա, պետք է անցնել առանց շրջանցելու հնարավորության, եւ այդ բանը կարող է անել միայն Ռոբերտ Քոչարյանը: Ռոբերտ Քոչարյանն էլ երեկ ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ եթե գա իշխանության, ապա Կարեն Կարապետյանը բարձր պաշտոն է զբաղեցնելու։

 

ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հունիսի 15-ին հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով քննությունը մինչեւ հունիսի 29-ը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Քոչարյանի փաստաբանական թիմը: Դատական նիստին ներկա չեն եղել ՀՀ երկրորդ նախագահը եւ իր պաշտպանները, որոնք նախապես տեղեկացրել են դատարանին, որ չեն կարող ներկայանալ: Պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ վատառողջ է: Արամ Վարդեւանյանը տեղեկացրեց, որ ներգրավված է Ռոբերտ Քոչարյանի նախընտրական քարոզարշավի աշխատանքներում: Արամ Օրբելյանը չի կարողացել ներկայանալ, քանի որ մասնակցում է այլ գործով դատական նիստի: Հովհաննես Խուդոյանի տեղեկանքը չընթերցվեց: Նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը դատարանին հիշեցրեց, որ երկրում նախընտրական քարոզարշավ է, որը պետք է տեւի ընդամենը 12 օր: Այս ընթացքում «Հայաստան» դաշինքը գլխավորող նախագահ Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ հանդիպումներ է ունենում: Բացի այդ, պաշտպան Արամ Օրբելյանը միջնորդեց կասեցնել քրեական գործի վարույթը՝ հաշվի առնելով, որ մեղադրվող անձինք պատգամավորի թեկնածու են եւ կարող են պատգամավորական անձեռնմխելիություն ստանալ: Պաշտպանական կողմի բացակայության պատճառով միջնորդությյունը չքննարկվեց:

 

ՄԵՂՄԱՑՐԵԼ Է

Բելառուսը, COVID-19-ով պայմանավորված, մի շարք երկրների քաղաքացիների մուտքի համար սահմանափակումները մեղմացրել է: Տարբեր երկրներում համաճարակային իրավիճակը հաշվի առնելով՝ Բելառուսի առողջապահության նախարարությունը վերանայել է երկրների ցանկը: Հունիսի 16-ից կարմիր գոտուց հանվում է 9 երկիր՝ Հյուսիսային Մակեդոնիա, Սան Մարինո, Մոնակո, Հայաստան, Բոսնիա եւ Հերցեգովինա, Սլովակիա, Բուլղարիա, Մոլդովա, Սերբիա:

Նշվում է, որ կարմիր գոտի համարվող երկրից Բելառուս եկող քաղաքացիները պետք է պարտադիր 10 օր ինքնամեկուսացվեն: Եթե քաղաքացու մուտքը կանաչ գոտուց է, ապա ինքնամեկուսացում պետք չէ:

 

 




Լրահոս