Քիչ առաջ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն տարածեց ռազմական ոստիկանության մայորի ծեծի եւ քաղաքապետարանի կողմից կառույցի հիմնադրամներից մեկի կնոջ առաջ կոնկրետ պահանջներ դնելու մասին:
Armlur.am-ին հասած հավաստի տեղեկություններ համաձայն՝ ռազմական ոստիկանության մայորը, որը դաժան ծեծի է ենթարկվել, ԱԱԾ պահեստազորի սպաների միության անդամ Կարեն Հակոբյանի որդին է եղել: Կարեն Հակոբյանը ԱԱԾ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության նախկին պետն է, կոչումով գնդապետ է:
Իսկ ահա քաղաքապետարանի ենթակայության տակ գործող պետական հիմնարկի աշխատակիցը, որին քաղաքապետարանից զանգահարել եւ պահանջներ են դրել նրա առջեւ, ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի կինն է եղել:
ԱԱԾ պահեստազորի սպաների միության տարածած հայտարարությունում ասվում էր. «Մայիսի 30-ին հարձակում է եղել իր տան բակում մեքենան կայանող ռազմական ոստիկանության մայորի վրա։ Դաժան ծեծի արդյունքում ստանալով ծանր մարմնական վնասվածքներ՝ սպան շտապօգնության մեքենայով, ոստիկանների ուղեկցությամբ, տեղափոխվել է հիվանդանոց։
Այս ամենը հաստատող տեսագրությունը կա, մեքենայի պետհամարանիշը ֆիքսված է, հարուցվել է քրեական գործ, սակայն մեր «փառապանծ» իրավապահներն առ այսօր չեն կարողանում բացահայտել հանցագործին։ Ավելին՝ տուժողի հետ որևէ քննչական գործողություն չի իրականացվել։
Վերը նշված ավագ սպան մեր կառույցի խորհրդի անդամներից մեկի որդին է։ Ինչ՝ ինչ, գոնե հանուն համազգեստի պատվի պիտի բացահայտվեր այս գործը։
Հունիսի 16-ին Երևանի քաղաքապետարանից կապ են հաստատել մեր կառույցի հիմանդիրներից մեկի տիկնոջ հետ, ով քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հիմնարկի աշխատակից է և պահանջել անձնական էջում լայքերով կամ որևէ այլ կերպ չարձագանքել ԱԱԾ պահեստազորի սպաների միության հրապարակումներին։
Հետևել է տիկնոջ շատ կտրուկ, արժանավայել հակադարձումը՝ չներխուժել անձնական տիրույթ, չխոչընդոտել ի նպաստ հայրենիքի սեփական քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելուն։ Պաշտոնյայի արձագանքից ենթադրվում է հետևելիք քայլեր։
Սա է իրականությունը, այսպիսին է նիկոլական Հայաստանը։ Մենք հասկանում ենք այս գործողությունների իմաստը, և դուք գիտեք, որ կարող ենք կտրուկ հակազդել։ Զգաստացե՛ք»։