Էրդողանն ու Պուտինը շուտով կքննարկեն Զանգեզուրի միջանցքի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանից վերադառնալուց հետո, մեկնաբանելով Հարավային Կովկասում իրավիճակը, ասել է, որ տարածաշրջանում վստահության բարձրացման համար Հայաստանը պետք է Ադրբեջանին փոխանցի ականապատ տարածքների քարտեզները, գրում է «Անադոլու» գործակալությունը:

Ըստ Էրդողանի` «դժվար թե Մոսկվան մտադրություն ունենա հետաձգելու Զանգեզուրի միջանցքի ստեղծումը: Ընդհակառակը, կա աջակցելու տրամադրվածություն»:

«Մոսկվան նույնպես սատարում է այս գաղափարին, որը նշանակալի ներդրում կունենա տարածաշրջանի զարգացման գործում: Այս միջանցքը կծառայի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի շահերին: Շուտով մենք երկկողմ հանդիպում կունենանք Պուտինի հետ», – ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը շեշտել է, որ Անկարան պատրաստ է քայլեր ձեռնարկել Կովկասի տարածաշրջանում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Անդրադառնալով Կովկասում «վեցակողմ հարթակ» ստեղծելու նախաձեռնությանը` Էրդողանը նշել է, որ Թբիլիսին և Երևանը դեռ դրական ազդանշան չեն տվել այս հարցում, մինչդեռ Ռուսաստանը կողմ է նման կառույց ստեղծելուն:

«Եթե Հայաստանն ու Վրաստանը միանան նախաձեռնությանը, ապա կայունությունը շատ արագ կգա տարածաշրջան: Թուրքիա կատարած այցի ժամանակ ես Վրաստանի վարչապետին բացատրեցի այս հարցը: Անկարան այս հարթակը կարևոր քայլ է համարում դեպի տարածաշրջանային խաղաղություն», – ասել է Էրդողանը:




Լրահոս