ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը, հունիսի 14-ի տվյալներով, ստացել եւ ուսումնասիրել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 140 հաղորդում ու ահազանգ: Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ դրանցից 43-ը զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ են, 29-ը՝ սոցիալական ցանցերի գրառումներ, 44-ը` քաղաքացիների ահազանգեր, 24-ը՝ ոստիկանության աշխատակիցների ստացած օպերատիվ տվյալներ:
86-ը վերաբերում են ընտրակաշառք տալուն, 9-ը՝ ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելուն, 24-ը՝ նախընտրական քարոզչությունը խոչընդոտելուն, 19-ը այլ բնույթի ընտրախախտումներ են։ Հաղորդումների ուսումնասիրության արդյունքում դրանցից 10-ով քրեական գործի հարուցումը մերժվել է, 26-ով նյութեր են նախապատրաստվում, 6 դեպքով հարուցվել են քրեական գործեր:
Քրեական 6 գործերից 4-ը հարուցվել է ընտրակաշառք տալու, ստանալու ու ընտրակաշառքի միջնորդության, 1-ը՝ ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու, մեկը` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածներով։ Ընտրակաշառքի գործով կալանավորվել են Արմավիրի նախկին քաղաքապետն ու Ջանֆիդայի մեկ բնակիչ: Նշված գործերից երկուսով 10 անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից 2-ը ընտրություններին մասնացկող քաղաքական տարբեր ուժերի պատգամավորության թեկնածուներ են։ Նրանցից 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է նաեւ ընտրություններին եւ ընտրական իրավունքին վերաբերող 16 դիմում, որոնք ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տվյալներ չեն պարունակել: Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Վ.Վ.-ն Շ. Դ.-ի հետ նախնական համաձայնությամբ 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն վարչական շրջանի մի խումբ ընտրողների հունիսի 3-ից 11-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել եւ տվել է տարբեր չափերի կաշառք: Տեղեկությունը հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։
«Հունիսի 14-ին Վ. Վ.-ն ու Շ. Դ.-ն ձերբակալվել են: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարք կատարելու` խմբով, նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք առաջարկելու եւ տալու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Վ. Վ.-ի ու Շ. Դ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Հիշյալ քրեական գործով եւս մեկ անձ ունի կասկածյալի կարգավիճակ: Նախաքննությունը շարունակվում է:
Մեկ այլ գործի շրջանակներում էլ, ըստ ՀՔԾ-ի, ապացույցներով հիմնավորվել է, որ հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու համար Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը՝ նույն դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Խլղաթյանը, Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ. Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբով փորձել են կաշառք տալ Արմավիրի մի շարք ընտրողների: Նրանք 9 մլն դրամ էին նախատեսել Արմավիրի բնակիչներին կաշառելու համար։ Խլղաթյանին, Գ. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին 2-րդ կետերով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)։ Նրանք կալանավորվել են։
ԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ իրավապահների տեսադաշտում է հայտնվել դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը: Նշենք, որ վերջինիս եղբայրը Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանն է: Նշենք, որ SHAMSHYAN.com-ը գրել էր, որ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններով՝ նյութեր են նախապատրաստվում, որ ՀՀ դատական դեպարտամենտի առաջնային պաշտնյաներից մեկը 2017 թվականի օգոստոսից մինչեւ 2018 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում իր կնոջն ընդունել է ՀՀ դատական դեպարտամենտում՝ հրամանագրով՝ որպես աշխատակից։ Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաեւ, որ դատական դեպարտամենտի այդ պաշտոնյան տեղյակ է եղել, որ կինը չի հաճախում աշխատանքի, չի կատարում աշխատանքային պարտականությունները, որից հետո անձամբ, նաեւ այլ պաշտոնատար անձանց հետ կազմել, հաստատել եւ ստորագրությամբ վավերացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող բովանդակությամբ կեղծ «աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել իր կնոջ՝ աշխատանքի հաճախելու եւ փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ, ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել է վճարման, որի արդյունքում յուրացման կամ վատնման եղանակով պետությունից հափշտակվել է մոտ 3 մլն 300 հազար դրամ։
Ք. Մ.
ՆՌՆԱԿ Է ՏԵՂԱԴՐԵԼ
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Մալիշկա գյուղի բնակչի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Մալիշկա գյուղի 61-ամյա բնակիչը անձնական հարցերի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով համագյուղացուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ 2021թ. մարտի 7-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, գնացել է վերջինիս առանձնատան հարակից տարածք, որտեղ իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված ու պահված, Տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութով լիցքավորված «ՈՒԶՌԳ» տեսակի պայթուցիչով «Ջ-1» տեսակի ձեռքի նռնակի պայթուցիչի բռնակը մալուխով կապել է նռնակին, այնուհետեւ նռնակը բերելով մարտական վիճակի՝ այն տեղադրել է համագյուղացուն պատկանող կցորդիչի առջեւի լծակի վրա, որպեսզի կցորդիչի շարժման դեպքում պայթուցիչը գործարկվի, եւ նռնակը պայթի: Հաջորդ օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, ավտոմեքենային միացնելու նպատակով համագյուղացին շարժել է կցորդիչը, որի հետեւանքով նռնակը գործարկվել է ու պայթել՝ վերջինիս պատճառելով բազմաթիվ բեկորային վնասվածքներ:
ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՀԱՅՀՈՅԱՆՔԸ
Մարդու իրավունքների պաշտպանը բոլոր քաղաքական ուժերից ու գործիչներից խստիվ պահանջում է դադարեցնել հայհոյելը կամ դա բացահայտ խրախուսելը: ՄԻՊ-ի հայտարարության մեջ նշվում է, որ հայհոյանքը, այն էլ՝ հրապարակային անելը, ագրեսիվացնում է մթնոլորտը: Ցավոք, այս նախընտրական քարոզարշավի արատավոր երեւույթ է դարձել հայհոյանքը: Եղկելի բառերով, սեռական բնույթի հայհոյանքներով տարբեր քաղաքական ուժեր ու գործիչներ իրար ուղիղ հրապարակային հայհոյում են: «Զգուշացնում եմ, որ ձեր հայհոյանքի բառերն արագ տարածվում են մարդկանց մեջ, հետո մարդիկ իրար են հայհոյում, ձեզ են հայհոյում ձեր իսկ օգտագործած բառերով: Կան դեպքեր էլ, որ չնայած հայհոյանքից բողոքում են, բայց նաեւ անհամբեր սպասում են այդ հայհոյանքին, որ կեղծ ու իրական էջերով ակտիվ տարածեն` զոհի կերպարանք ընդունելով ու ավելի շատ հայհոյելով: Ընդ որում, ինչ-որ ուժի կամ գործչի աջակցող կեղծ էջերից արհեստական հարձակումներով էլ Մարդու իրավունքների պաշտպանից են սկսում պահանջել առանձին-առանձին անդրադառնալ հայհոյանքի ամեն բառի ու գնահատական տալ կոնկրետ իրավիճակների: Վերջին օրերին նորից սկսվել են հասցեագրվել պաշտոնյաների պաշտպանելու դիմումներ` բացահայտ անտեսելով, որ Պաշտպանը պաշտոնյա պաշտպանող կամ մասնավոր անձանց միջեւ հայհոյանքի գործ քննող չէ, «մոռանալով», որ դրա համար կան իրավապահ մարմիններ ու դատարան: Հայհոյանքը, այն էլ՝ դա հրապարակային անելը, ագրեսիվացնում է մթնոլորտը, ավելացնում է լարվածությունը: Այն չի կարելի դարձել հանրային օրակարգի մաս: Բոլոր քաղաքական ուժերից ու գործիչներից խստիվ պահանջում եմ դադարեցնել հայհոյանքի հանրային օրակարգ զարգացնելու ու բացահայտ խրախուսելու արատավոր պահվածքը»,-ասված է հայտարարության մեջ:
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Բացահայտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կեղծ փողեր պահելու եւ իրացնելու դեպք. հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ): Ըստ ԱԱԾ-ի՝ եղբայրներ Գ. Ա.-ն եւ Ղ. Ա.-ն, նրանց ազգական Հ. Ի.-ն դեռեւս չպարզված հանգամանքներում իրացնելու նպատակով ձեռք են բերել եւ պահել առանձնապես խոշոր չափերով` 5 միլիոն 250 հազար դրամին համարժեք 201 հատ 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներից բաղկացած 10 հազար 50 ԱՄՆ դոլար: Այնուհետեւ նշված կեղծ փողերից 181 հատ 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամներից բաղկացած 9 հազար 50 ԱՄՆ դոլարը մայիսի 10-ին Ղ. Ա.-ի միջոցով իրացրել են առեւտրային բանկերից մեկի բանկոմատում` այն փոխարկելով համարժեք դրամի, իսկ 522 հազար դրամին համարժեք 20 հատ 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամներից բաղկացած 1.000 ԱՄՆ դոլարը մայիս ամսվա ընթացքում Գ. Ա.-ի միջոցով Երեւան քաղաքում հանձնել են Լ. Կ.-ին, որպիսի գործողություններով խաթարվել է Հայաստանի ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունը: Կեղծ փողեր պահելու եւ իրացնելու կասկածանքով Գ. Ա.-ն, Ղ. Ա.-ն եւ Հ. Ի.-ն բերման են ենթարկվել ԱԱԾ, ապա ձերբակալվել: Նրանցից երկուսին կալանավորելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդությունները բավարարվել են: 181 հատ 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամները հայտնաբերվել եւ ուղարկվել են փորձաքննության, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաեւ կեղծ փողերի ապօրինի շրջանառության սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ. ասված է ԱԱԾ հաղորդագրությունում: