Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կասեցրել է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության թիվ 070 օդանավ շահագործողի վկայականը։ Կոմիտեն մասնագիտական քննության արդյունքում արձանագրել է թռիչքային անվտանգությանը սպառնացող թերություններ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քաղավիացիայի կոմիտեում ավարտվել է այս տարվա փետրվարի 19-ին եւ 20-ին «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող Boeing B737-300 EK-FAA օդանավի մեկանգամյա տեխնիկական տեղափոխական թռիչքների ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասնագիտական քննությունը։
Եւ հիմք ընդունելով արձանագրված թերությունները, ինչպես նաեւ այն փաստը, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ն ներկա պահին չունի շահագործման ենթակա որեւէ պիտանի օդանավ՝ որոշում է կայացվել կասեցնել թիվ 070 օդանավ շահագործողի վկայականը։ Ի դեպ, խոսքը առեւանգված ինքնաթիռի մասին է, որը այս տարվա փետրվարի 20-ին Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում չարտոնված վայրէջք էր կատարել։
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի թռիչքային գործունեության վարչության պետ Արամ Եղոյանի հետ եւ հետաքրքրվեց, թե կոնկրետ ինչ թերություններ են արձանագրվել կոմիտեի կողմից։ Մասնագետի խոսքով՝ ընկերությունը պարտավորվել է շտկել արձանագրված թերությունները։
«Դրանք շտկվող թերություններ են։ Հիմնական թերությունը կապված է վերգետնյա սպասարկում իրականացնող ընկերության հետ. նայեք՝ ինքնաթիռի վերգետնյա սպասարկող կա, որի մեջ մտնում է նավիգացիոն պլանը, ինչքան են լիցքավորում ինքնաթիռը, երբ է մոտենում, երբ է գնում, կարճ ասած՝ այն ամբողջը, ինչը կատարվում է մինչեւ ինքնաթիռի պատրաստումը դեպի թռիչք. դա կոչվում է վերգետնյա սպասարկում։
Վերգետնյա սպասարկումը կատարում է ինչ որ մի ընկերություն, ամեն մի օդանավակայանում կան այդպիսի ընկերություններ։ Իսկ ավիաընկերությունները դրանցից ինչ-որ մեկի հետ պայմանագիր են կապում, որ իրենք կազմակերպեն վերգետնյա սպասարկումը։ Հիմա «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ընկերությունը պայմանագիր է կապել նման մի ընկերության հետ, որը, սակայն, իր գործը ճիշտ չի կազմակերպել»,- ներկայացրեց Եղոյանը։
Օրինակ՝ այդ վերգետնյա սպասարկող ընկերությունը, որի հետ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ը պայմանագիր է կապել, պետք է կազմակերպեր Տալինից Կիեւ թռիչքը, այսինքն՝ անձնակազմին պետք է այնտեղ անցակետից անցկացնեին, ապահովեին մեքենայով, վառելիքով, թռիչքային պլանը կազմակերպեին, թե ինչ ուղղություններով է թռնում, թույլատրություն վերցնեին։ «Այդ բոլորը կազմակերպում է վերգետնյա սպասարկում իրականացնող ընկերությունը։ Հիմա այդ ընկերությունը լավ չի կազմակերպել այդ գործը, իրենք չեն կազմակերպել այդ վերգետնյա սպասարկումը. ինչ-որ թուղթ են փոխել, մեր վարչությունն էլ ուղարկել է Երեւան-Կիեւ թռիչքի թույլատրոթյուն, այնտեղ հայտնվել Երեւան-Շարժա թույլատրություն, ու թղթերի խառնաշփոթ է տեղի ունեցել»,- բացատրեց Քաղավիացիայի ներկայացուցիչը։
Պարզվում է, որ բացի վերգետնյա սպասարկման հետ կապված խնդրից, ընկերությունն այլ թերություններ է ունեցել։ «Բոլոր քաղաքացիական օդանավեր շահագործող ավիաընկերություններն իրենց օդանավերի շարժը պետք է տեսնեն, այսինքն՝ կոդը միացրեցին, դրանով պետք է տեսնեն՝ գնաց-եկավ, 15 րոպեն մեկ պետք է իրենց ինքնաթիռներից տեղեկություն իմանան։ Իսկ այս ավիաընկերությունը չի իմացել. թե ինչու չի իմացել, դա ուրիշ հարց է, դա էլ անվտանգությանը սպառնացող թերություն է։ Եթե չի կարողանում հետեւել իր ինքնաթիռներին, դա սպալանիք չէ՞»,- նկատեց մասնագետը։
Բայց, չնայած սրան, ընկերությունը փաստորեն հետեւողական չի եղել, չի հետեւել, թե ինչպես է վերգետնյա սպասարկող ընկերությունն իր գործը կազմակերպում։
«Կա գործադիր տնօրեն, եւ ցանկացած բան, ինչ կատարվում է ավիաընկերությունում, ինքն է պատասխանատու: Ասում ենք՝ վերգետնյա սպասարկումը լավ չեք կազմակերպել, ինքը չի կարող ասել՝ դա իմ գործը չէ, այլ պետք է այնպիսի լավ անձնակազմ ունենար, որ գնային այս կամ այն երկիր, աուդիտ անեին այդ ընկերությունում, տեսնեին՝ խաբեբա են, սուտասան են, լավ են աշխատում, թե ոչ, նոր պայմանագիր կնքեին։ Ամեն ինչն իրար հետ շաղկապված է»,- ներկայացրեց վարչության պետը։
Արամ Եղոյանից հետաքրքրվեցինք, ինքնաթիռի՝ Թեհրանում չարտոնված վայրէջք կատարած մանրամասներից։
«Ես անձամբ եղել եմ Թեհրանում, մենք կոմիտեից հինգ հոգով գնացինք, որ ինքնաթիռը բերեինք, սկզբից չէին տալիս, հետո մեր դեսպանության աշխատանքի շնորհիվ ստացվեց ինքնաթիռը բերել Հայաստան։ Բայց մեզ սկզբում չէին թողնում անգամ մոտենալ ինքնաթիռին, հետո թողեցին, պարզվեց՝ ինչ-որ մասեր փչացրել էին, մենք Տաջիկստանին նամակ գրեցինք եւ հետաքրքրվեցինք՝ թե, ա՛յ օդաչուներ, դուք ո՞նց եք թռել Եվրոպայի տարածքի վրայով այդ ինքնաթիռով, իրենք պատասխանեցին, որ նորմալ աշխատել է։ Թե փչացրել էին Թեհրանում, ինչ էին արել, հայտնի չէ… Բայց չէին ուզում տալ, ասում էին՝ փչացած է, ինքնաթիռը կսարքեք, նոր կտանեք, հետո մաս ուղարկեցին, որը եւս մեծ դժվարությամբ հասավ այնտեղ։ Ինքնաթիռը հիմա այստեղ է, գործ է հարուցված, քննվում է, ինքնաթիռն էլ կալանքի տակ է»,- տեղեկացրեց Քաղավիացիայի կոմիտեի ներկայացուցիչը։
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՈՒՅՍՆ ԻՐ ՔԱՎՈՐՆ Է
Տավուշի մարզում, նաեւ Նիկոլ Փաշինյանի հարազատ Իջեւան քաղաքում Նիկոլ Փաշինյանի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական շանսերը մեծ չեն, քանի որ մարզի բնակիչները եւ Տավուշի մարզի բնակիչները համոզվել են Նիկոլ Փաշինյանի խոստումների սուտ լինելու մեջ, մարզում բազում են 2020թ. աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմում զոհվածները, անհետ կորածները։ Մինչեւ վարչապետ դառնալը՝ 2018թ. ապրիլին Իջեւան քաղաքում կայացած մեծ հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կոկորդ էր պատռում, որ այլեւս խնամի-ծանոթ -բարեկամ սկզբունքով Հայաստանում պաշտոնների չեն նշանակվելու, տարբերակում չեն դնելու, թե ով է արցախցի, գյումրեցի, իջեւանցի։ Սակայն կյանքը ցույց տվեց հակառակը. բոլոր կարեւոր պաշտոններին նշանակվեցին Նիկոլ Փաշինյանի դասընկերները, հայրենակիցները, մանկության ընկերները։ Հիմա՝ հունիսի 20-ի ընտրություններից առաջ, Նիկոլ Փաշինյանը նրանց եւ նրանց հարազատների եւ ընկերների քվեներին է ապավինում, հատկապես՝ Տավուշի մարզպետ, իր հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանի եւ նրա շրջապատի քվեներին։ Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը 2019թ. սեպտեմբերի 6-ին հրաժարականի դիմում ներկայացրեց, իսկ մինչ այդ ՀՀ քննչական կոմիտեն նրան մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առերեւույթ չարաշահումների համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Այս քրեական գործով մինչ այժմ դատավարություն չի կայացել։ Վ. Ղալումյանի հրաժարականից հետո, վարչապետ Նիկոլի Փաշինյանի որոշմամբ, 2019թ. սեպտեմբերի 12-ին Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը։ Վերջինս համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվելը «Հայէկոնոմբանկի» Իջեւանի մասնաճյուղի տնօրենն էր։ Նա 2021թ. ապրիլի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեց Տավուշի մարզպետ։ Հայկ Ղալումյանի եղբայր, Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր Վահե Ղալումյանը Տավուշի մարզից ԱԺ պատգամավոր է, վերջերս է ընտրվեց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ։ 2019 թվականից առ այսօր չի հաջողվում Իջեւան խոշորացվող համայնքում ընտրություններ անցկացնել, դրանք տարբեր պատճառաբանություններով հետաձգվում են։ Մինչեւ կորոնովիրուսի համավարակը նախապես հայտարարված ընտրությունները հետաձգվեցին, որի պատճառը Իջեւանում ծառահատումների դեմ իրականացված բողոքի զանգվածային ակցիաներից հետո Նիկոլ Փաշինյանի վարկանիշի կտրուկ անկումն էր, ինչը կասկածի տակ էր դնում Հայկ Ղալումյանի՝ համայնքի ղեկավար ընտրվելը։ Ներկայումս Իջեւանի համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է Արթուր Ճաղարյանը։ Տավուշի մարզում, բացի Իջեւանից, բոլոր տարածաշրջաններում համայնքները խոշորացված են, առկա են խոշորացված Բերդ, Դիլիջան, Նոյեմբերյան, Կողբ եւ Այրում համայնքները։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ 9-ՐԴ ՕՐԸ՝ ԱՄՓՈՓ
Ավտոերթից մինչեւ հանրահավաքներ. քաղաքական ուժերը շարունակում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավները։ Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն եւ 4 դաշինք: Ընտրություններն անց են կացվելու հունիսի 20-ին:
«Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ եւ մյուս առաջնորդների մասնակցությամբ, եղել է Արարատի մարզում։ Դաշինքի ներկայացուցիչները հանդիպում ունեցան բնակիչների հետ 14։00-ին Մասիս քաղաքում, ապա 16։00-ին՝ Ավշարում, 17։00-ին՝ Արարատում, 18։00-ին՝ Վեդիում։ Ժամը 19։30-ին հանրահավաք անցկացվեց Արտաշատի թատրոնամերձ հրապարակում։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 9-րդ օրը մեկնարկեց Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Դավիթ Անհաղթի անվան զբոսայգու սկզբնամասում, ժամը 11:00-ին։
«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի ներկայացուցիչները վաղ առավոտից առանձին խմբերով շրջայցեր կատարեցին Երեւանի տարբեր վարչական շրջաններում։ Դաշինքի անդամների մի մասն էլ ժամը 15։00-ին այցելեց Կոտայքի մարզ՝ քաղաք Աբովյան։ 19։00-ին Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում՝ Հայկ Բժշկյանի (Գայ) արձանի մոտ, հավաք իրականացրին։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ժամը 07։30-ին Հանրապետության հրապարակից ավտոերթ սկսեց դեպի Սյունիքի մարզ։ Ժամը 11։00-ին նրանք եղան Սիսիանում, 12։00-ին՝ Գորիսում, 16։00-ին՝ Ագարակում, 16։30-ին՝ Մեղրիում, 17։30-ին՝ Քաջարանում, իսկ 19։00-ին՝ Կապանում։
«Ազատ հայրենիք» դաշինքը հունիսի 15-ին եղավ Վայց ձորի մարզում։ Ժամը 12։00-ին նրանք եղան Եղեգնաձորում, ապա 13։00-ին՝ Վայքում, իսկ 15։00-ին՝ Ջերմուկում։ Ժամը 20։00-ին կուսակցության ներկայացուցիչները հանդես եկան մամուլի ասուլիսով Երեւանի Էրեբունի վարչական շրջանի քաղաքային այգում։
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը ժամը 13։00-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հաղթանակ թաղամասում գտնվող Նորիկ Խաչատրյանի անվան թիվ 113 միջնակարգ դպրոցում հանդիպում ունեցավ բնակիչների հետ։
«Միասնական Հայրենիք» կուսակցությունը հունիսի 15-ին հանդես եկավ մամուլի ասուլիսով, որը տեղի ունեցավ ժամը 12։00-ին։ Բանախոսը կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանն էր։
Ն.Հ.