ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ԿՏԱՎԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային պատկերասրահի «Վերականգնված ցուցանմուշների պատմություն» ծրագրի շրջանակում անցկացվող «Արվե՞ստ, թե՞ գիտություն. երեք վերականգնված կտավների պատմություն. Բաշինջաղյան, Կոջոյան, Սարյան» ցուցադրությունը համալրվել է Հովհաննես Այվազովսկու «Չումակներ: Սայլավորներ» (1857) կտավով, որն արվեստասերներին ներկայացվեց հունիսի 15-ին:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությունը գործում է պատկերասրահի հիմնադրման 100-ամյակի եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ անցկացվող «Հիշողության կերպարանքներ. ձեռագիր եւ տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» 10-րդ միջազգային սեմինարի շրջանակում:

Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն ասաց, որ հյուրերի մեծ մասն ԱՊՀ երկրներից է, ուստի որոշել են ցուցադրությունը համալրել հենց Հովհաննես Այվազովսկու կտավով, քանի որ նա բոլորի նկարիչն է՝ հայազգի ռուս նկարիչը: «Այվազովսկին աշխարհահռչակ ծովանկարիչ է, սակայն նրա՝ այլ թեմաներով աշխատանքներից շատերն ինչ-որ չափով ստվերում են մնում, այդ իսկ պատճառով ընտրեցինք «Չումակներ: Սայլավորներ» աշխատանքը, որը վերականգնվել է հեղինակի 200-ամյակի առթիվ: Մինչ այդ կտավը երկար տարիներ պատկերասրահի պահոցում է եղել»,- պատմեց տնօրենը:

Նրա խոսքով՝ Այվազովսկու կտավից զատ ցուցադրությանը ներկայացված մյուս հեղինակների՝ Սարյանի, Բաշինջաղյանի, Կոջոյանի գործերը եւս վատ վիճակում են եղել: Որոշ կտավներ անգամ փորձել են ժամանակին վերականգնել, բայց անհաջող: «Մեր վերականգնողները լրացրել են նաեւ այդ բացերը»,- ընդգծեց Մարինա Հակոբյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն էլ անդրադարձավ «Հիշողության կերպարանքներ. ձեռագիր եւ տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները»  սեմինարին՝ նշելով, որ այն Հայաստանում հուրընկալել է տասը երկրից ավելի քան 30 մասնագետի: «Սեմինարն ընդգրկում է մշակութային ժառանգության պահպանման բոլոր ոլորտները՝ թվայնացում, վերականգնում եւ այլն: Այս սեմինարը մեզ համար ունի ոչ միայն մասնագիտական, այլեւ բարոյահոգեբանական նշանակություն: Յուրաքանչյուր նման միջազգային շփում, հաղորդակցություն նպաստում է, որ արագ հաղթահարենք հոգեբանական ճգնաժամը, որում հայտնվել ենք պատերազմից հետո»,- շեշտեց փոխնախարարը:

Նա տեղեկացրեց, որ սեմինարի բոլոր մասնակիցներն են նշում՝ չէին կարող հավանական համարել, որ համավարակի նման սահմանափակումների պայմաններում կենդանի հաղորդակցման հնարավորություն կունենան: Սահմանափակումներ, որոնք մի կողմից ընդգծել են թվային տեխնոլոգիաների կարեւորությունը, իսկ մյուս կողմից՝ ցույց են տվել, թե ինչքան անփոխարինելի են մարդկային շփումները բոլոր ոլորտներում: Բուն մասնագիտական նպատակից զատ սեմինարն ունի մշակութային քաղաքականություն իրականացնելու առաքելություն: Այն միտված է օտարազգիներին Հայաստանի մշակութային արժեքներին, հարստությանը ծանոթացնելուն:

Արա Խզմալյանի հավաստիացմամբ՝ տասը տարի կազմակերպվող սեմինարի արդյունքում ավելի քան 130 երկրից տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ են Հայաստան եկել, բազմաթիվ մասնագիտական, մարդկային ամուր կապեր են ստեղծվել: «Նման նախաձեռնությունները կարեւոր են որպես բացառիկ ապաքաղաքական եւ զուտ մասնագիտական հարթակներ: Եղել եմ սեմինարի հիմնադիրը, եղել եմ ղեկավարը, եւ չեք պատկերացնի իմ բերկրանքը, որ ինձնից հետո այն ապրում է նոր ղեկավարներով, նոր կազմով եւ շարունակում է պատշաճ պահել մակարդակն ու միջազգային վարկանիշը»,- եզրափակեց փոխնախարարը:

«Արվե՞ստ, թե՞ գիտություն. երեք վերականգնված կտավների պատմություն. Բաշինջաղյան, Կոջոյան, Սարյան» ցուցադրությանը 19-20-րդ դդ. հայկական կերպարվեստի խոշորագույն վարպետների վերականգնված կտավների կողքին ցուցադրվում են վերականգնման երկարատեւ ընթացքն ամփոփ ներկայացնող աշխատանքային լուսանկարները՝ իրենց բացատրագրերով:

Ցուցահանդեսը կգործի երեքշաբթիից կիրակի՝ ժամը 11։00-17։00-ն։

 

 

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է

Երգչուհի Արմինկան Ինստագրամի իր էջում հրապարակել է որդու՝ Ալեքսի լուսանկարները՝ տարրական դպրոցն ավարտելու առթիվ:

«Սա էլ այսպես: Ալեքսն ավարտեց տարրական դպրոցը, ինչպես տեսնում եք, օնլայն, ու փոխադրվեց միջին դպրոց: Հուսանք՝ աշխարհը կվերադառնա իր բնականոն ու օֆլայն կյանքին, մեր երեխաներն էլ կվերադառնան դպրոց՝ իրենց ուսուցիչների ու ընկերների մոտ:

Միայն առաջ, տղե՛ս, դեպի ուսում ու դեպի հաջողություն: Ես միշտ կողքիդ եմ»,- գրել է նա:

Նշենք, որ երգչուհու որդին օգոստոսին կդառնա 12 տարեկան: Արմինկան 2016 թվականից բնակություն է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Օրերս իր էջում կազմակերպված հարցուպատասխանի ժամանակ հետեւորդները հետաքրքրվել էին, թե Արմինկան երբեւէ կրկին կվերադառնա արդյոք Հայաստան մշտական բնակության նպատակով, Արմինկան պատասխանել էր՝ միգուցե:

 

 

ՀՈՒՄՈՐԱՅԻՆ

Երգչուհի Սիրուշոն ավելի ու ավելի հաճախ է սկսել ընտանեկան հրապարակումներ անել։ Ինստագրամի իր էջում Սիրուշոն հումորային տեսանյութ է հրապարակել, որում ներառված են հատվածներ Լեւոնի տարբեր հարցազրույցներից։ Տեսանյութի վրա գրված է. «Երբ ինչ-որ մեկը բացասական բան է ասում Լեւոնի մասին»։

Այս ամենից հետո երգչուհին կցել է իր լուսանկարը՝ հրացանով, իսկ տեսանյութի մակագրությունում հավելել. «Ինձ ասեք»։

Նշենք, որ զույգն ամուսնացած է արդեն 12 տարի, սակայն միասին է արդեն 20 տարի։ Նրանք 2 որդի ունեն՝ Ռոբերտն ու Միքայելը։

 

 

ՎԻՐԱՀԱՏԵԼ ԵՆ

Ռուսաստանաբնակ երգիչ Վաչե Ամարյանը հիվանդանոցում է հայտնվել: Այս մասին նա հայտնել է Ինստագրամի իր էջում: Վաչեն Մոսկվայի հիվանդանոցից լուսանկար է հրապարակել եւ գրառում արել. «Չէի ասում, թե որտեղ էի: Տրամադրությունս անզգայացումից հետո բարձր է: Հեռացրել են այն, ինչն ինձ 5 տարի տանջում էր: Հետեւեք ձեզ, քանի դեռ երիտասարդ եք: Շուտով սպորտով կզբաղվեմ եւ կթողնեմ ծխելը»:

Նշենք, որ երգիչն ամուսնացած է, ունի երկու որդի՝ Ալեքսն ու Սերգեյը: Նա եւ կինը՝ Աննան, սպասում են իրենց երրորդ երեխային. նրանք դուստր են ունենալու:

 

 

ԲԱՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին մեկնաբանել է ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության առաջին տուրում Չիլիի թիմի հետ ոչ-ոքին (1:1): Կատալոնական «Բարսելոնայի» 33-ամյա հարձակվողը խփել էր արգենտինացիների միակ գոլը եւ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող: «Բարդ հանդիպում էր: Մեզ պակասում էր հանգստությունը, գնդակի վերահսկումն ու արագ խաղը: 11-մետրանոցը փոխեց խաղը: Ցանկանում էինք սկսել հաղթանակով: Առջեւում Ուրուգվայի հետ հանդիպումն է, որը եւս հեշտ չի լինի: Այս պահից պետք է սկսենք մտածել առաջիկա խաղի մասին»,- Մեսիի խոսքը մեջբերում է Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը: Դա Արգենտինայի հավաքականում Լիոնել Մեսիի 39-րդ գոլն էր պաշտոնական խաղերում: Այդ ցուցանիշով նա գերազանցեց Գաբրիել Բատիստուտայի ռեկորդը (38 գոլ): Ազգային թիմում Մեսին անցկացրել է 145 հանդիպում, խփել 73 գոլ ու կատարել 51 գոլային փոխանցում: Ամերիկայի գավաթի խաղարկությունում արգենտինացիները հաջորդ հանդիպումը կանցկացնեն հունիսի 19-ին՝ մրցելով Ուրուգվայի հավաքականի հետ:

 

 

ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր Երեւան «Ուրարտուն» վերադարձել է 15-օրյա արձակուրդից եւ վերսկսել մարզումները. hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Երեւանյան ակումբը պատրաստվում է ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլին, որտեղ կմրցի Սլովենիայի 15-ակի չեմպիոն «Մարիբորի» հետ: Առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 8-ին Սլովենիայում, իսկ պատասխան խաղը՝ հուլիսի 15-ին Երեւանում:

 

 

ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԵՆ

Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի ու Գերմանիայի թիմի գլխավոր մարզիչները խոսել են Եվրո-2020-ի F խմբի առաջին տուրի հանդիպման մասին:

Յոահիմ Լյով (Գերմանիա). «Կա դրական լարվածություն, զգում եմ կանխավայելում: Երբ այստեղ ուղեւորվելու համար նստեցի ավտոբուս, ինքս ինձ ասացի՝ վերջապես: Ես հանգիստ եմ եւ կարծում եմ, որ վերջին 14 օրերի ընթացքում մենք արել ենք այն, ինչ ցանկանում ենք: Կարեւոր կլինի տեսնել, թե ինչի է հասել թիմը, հատկապես՝ Ֆրանսիայի հավաքականի պես թոփ թիմի դեմ խաղում»:

Դիդյե Դեշամ (Ֆրանսիա). «Վիթխարի հանդիպում է առաջին տուրի համար: Այն անհավանական է ինչպես մեզ համար, այնպես էլ գերմանացիների, քանի որ 2 թիմերն էլ Եվրոպայի առաջատար հավաքականների թվում են: Մեր նպատակն է արդյունավետ գործել 2 տոիգանային հրապարակներում: Հենց այնտեղ կորոշվի խաղի ելքը». փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

 




Լրահոս