Նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին։ «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել ընտրություններին մասնակից 26 ուժերի նախընտրական ծրագրերը՝ առանձնացնելով եւ բաժանելով դրանք տարբեր ոլորտների։ Այսօր կանդրադառնանք, թե ինչպես են քաղաքական ուժերը տեսնում տնտեսական փոփոխությունները եւ ինչպես են ներդրումներ բերելու Հայաստան։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում, որի վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, նշված է. «Ներդրում/ՀՆԱ հարաբերակցությունը չպետք է նվազ լինի 25%-ից: Տնտեսական աճի թիրախին հասնելու նպատակով անհրաժեշտ է լինելու օտարերկրյա ուղղակի ներդրումների եւ ՀՆԱ-ի 6% հարաբերակցություն»: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը 3 մլրդ դոլար ներդրումներ է խոստանում 5 տարում։ «Նշանակետն է՝ առաջին տարում ապահովել առնվազն 500 մլն դոլարի ներդրում, իսկ 5 տարում ընդհանուր ծավալը հասցնել առնվազն 3 մլրդ դոլարի»։ Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը ներդրումների մասին թվեր չի նշել, սակայն ծրագրում առկա է ներդրումային միջավայրի բարելավման մասին՝ որպես տնտեսական քաղաքականության 4 խնդիրներից մեկը։ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ը նախընտրական ծրագրի տնտեսական մասը ներառում է տնտեսության խրախուսումը։ ՀԱԿ-ի ծրագրում հիշատակվում է նաեւ տնտեսական մեկուսացման վերացման անհրաժեշտության մասին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս օրերին քննարկել է նաեւ այն հարցը, որ պետք է ամեն ինչ անել կրթական համակարգի կարկառուն ներկայացուցիչներին եւ մտավորականներին համոզել իրենց ընտրելու համար: Բանն այն է, որ իշխանությունը շատ լավ տեղյակ է, որ համալսարանների դասախոսական անձնակազմը, գիտական, կրթական համակարգը իրենց դեմ է, ու իրենք շանսեր չունեն այդ հատվածից ձայներ հավաքելու համար: Մտավորականների մեծ մասն էլ կտրականապես մերժել են իշխանության հետ որեւէ հաշտության եզրեր գտնել, նրանց կողքին լինել կամ ընդհանրապես ձայն տալ նրանց թիմին: Ու այս ամենը շատ լավ գիտակցելով՝ իշխանության տարբեր ներկայացուցիչներ այս ընթացքում փորձում են նրանց հետ փակ հանդիպումներ, քննարկումներ ունենալ, համոզել իրենց կողքին լինել: Ի դեպ, դպրոցներում, տարբեր քոլեջներում եւս իշխանությունները խնդիրներ ունեն անձնակազմների հետ, նրանք եւս դեմ են արտահայտվում իշխանություններին: Թիմում քննարկվել է նաեւ, որ կրթական համակարգում համերաշխություն չունենալու, իշխանությանը չվստահելու թիվ մեկ պատասխանատուն ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանն է, որը բոլորի հետ սրել է հարաբերությունները ու այդ համակարգը դարձրել է այլեւս անկառավարելի: Դժգոհության մեծ մասն էլ բաժին է հասնում փոխնախարար Ժաննա Անդրեասյանին:
Մինչն ՀՀ-ում նախընտրական քարոզարշավ է, եւ բոլորը խառն են այդ հանգամանքով, տեղի են ունենում կառավարության նիստեր, եւ նաեւ կարեւոր որոշումներ կայացվում այս իշխանությունների կողմից։ Օրինակ՝ այսօր կայանալիք նիստում որոշումներից մեկով առաջարկվում է լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում։ Մասնավորապես, կառավարությունն առաջարկում է վերացնել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատը, ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական եւ վարչական պալատներ։ Նշվում է, որ մինչեւ քաղաքացիական եւ վարչական պալատների ձեւավորումը վճռաբեկության կարգով քաղաքացիական եւ վարչական գործերի քննությունն իրականացվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի կողմից: Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։ Իսկ իրականում ԲԴԽ նախագահի ինքնաբուխ ժ/պ Գագիկ Ջհանգիրյանի հաղթարշավը գաղտնի, սուսուփուս քանդում է երրորդ իշխանությունը:
Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին ավտոմեքենաների առեւտրի ծավալը կազմել է 25 մլրդ 465 մլն 300 դրամ: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 13 տոկոսով պակասել է: Այս թվերն ապացուցում են այն, որ Հայաստանում ավտոմեքենայի առեւտուրը, ինչպես ասում են, կանգնած է, ինչի հետեւանքով ծանր դրության մեջ են հայտնվել մեծ քանակությամբ ավտոմեքենա ներկրած քաղաքացիները։ Փոխարենը Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին ավելացել է առեւտրի շրջանառությունը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. աճը կազմել է 4.8 տոկոս: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ վիճակագրական կոմիտեից հայտնի դարձավ, որ այս տարվա հունվար-ապրիլին մանրածախ առեւտրի շրջանառությունը թեկուզ չնչին, բայց աճել է՝ կազմելով 0.8 տոկոս: Իսկ, ահա, մեծածախ առեւտրի շրջանառությունն այս տարվա 4 ամիսներին ավելացել է 9.7 տոկոսով: