ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը այս շաբաթ մոտ 80 դիտորդ կուղարկի Հայաստան հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին հետեւելու համար: Ընդ որում, առաքելությունը կգլխավորի Վեհաժողովի փոխնախագահներից մեկը` Կարի Հենրիկսենը:
Նորվեգացի պատգամավորը դիտորդական առաքելությունների հարուստ փորձառություն ունի, անցած տարի հենց նա էր գլխավորում ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությունը ԱՄՆ նախագահական ընտրություններում, մինչ այդ էլ դիտարկել է ընտրությունները նախկին Խորհրդային Միության անդամ մի շարք երկրներում, այդ թվում` Ռուսաստանում, Վրաստանում եւ Ուզբեկստանում:
ԵԱՀԿ ԽՎ մոտ ութ տասնյակ դիտորդներից բացի, առաջիկա ընտրություններին կհետեւեն նաեւ մոտ 250 միջազգային դիտորդներ` ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակից (ԺՀՄԻԳ), Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության կազմում կլինեն երկու տասնյակ պատգամավորներ, բացի այդ, Վենետիկի հանձնաժողովն էլ իր ներկայացուցիչներին կգործուղի, որոնք եւս կհետեւեն ընտրությունների անցկացմանն ու ձայների հաշվարկին:
Արեւմտյան դիտորդներից բացի, առաջիկա քվեարկությանը կհետեւեն նաեւ 70 պատվիրակներ ԱՊՀ անդամ երկրներից: Ակնկալվում է, որ նրանց առաջին` նախնական գնահատականները կհնչեն քվեարկության հաջորդ օրը` հունիսի 21-ին:
Իսկ նախընտրական քարոզարշավը շարունակվում է. «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդները Վանաձորում եւս մեկ անգամ քննադատեցին նախկին ու ներկա իշխանությունները ներկայացնող քաղաքական ուժերի հռետորաբանությունը նախընտրական օրերին։ Կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց՝ այն, ինչ խոսում են այսօր՝ միմյանց սպառնալով ու վարկաբեկելով, որեւէ կապ չունի թուրք-ադրբեջանական զորքերին Հայաստանի սահմաններից դուրս հանելու, տնտեսությունը վերականգնելու կամ Հայաստանի սահմանն ամրացնելու հետ։
«Արդեն մի քանի օր է` բացի բռնության մասին խոսակցությունները, գործող վարչապետը չագուճով է քարոզարշավն իրականացնում, Սերժ Սարգսյանն ասել է, որ դագանակով պետք է գլխին տալ չագուճով եկողների դեմ, մինչ այդ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ դուելի է կանչում, եւ, ահա, այս պայմաններում մենք գնում ենք ընտրությունների: Եվ, սիրելի՛ հայրենակիցներ, դուք պետք է գնահատական տաք այս մարդկանց պահվածքին», – ասաց նա:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզի Արենի համայնքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իր ղեկավարած կառավարության համար վերջին 3 տարիների ամենամեծ նպատակը եղել է երկրում արդարություն եւ արդարադատություն հաստատելը: «Այսօր իշխանությունը հանձնված է ժողովրդին: Ես վարչապետի պաշտոնակատար եմ, կառավարությունը հրաժարական է տվել, Ազգային ժողովը լուծարված է: Այդ դեպքում ո՞վ է իշխանությունը երկրում: Դուք եք իշխանությունը երկրում: Դա իսկապես այդպես է: Ընդունված է միշտ կարծել, որ այսպես կոչված «մեծամեծերը» որոշում են ամեն ինչ: Հիմա, այսօր այսպիսի վիճակ է, որ դուք եք որոշում ճակատագրեր, դուք եք որոշելու ցանկացած քաղաքական ուժի եւ քաղաքական գործչի ճակատագիրը, դուք եք դատ անելու: Սա շատ կարեւոր արձանագրում է: Հուսով եմ եւ համոզված եմ, որ մեր ժողովուրդը արդար դատ կանի, որովհետեւ 3-րդ հանրապետության պատմության մեջ մեր ժողովուրդը ամենաշատը խոսել է արդարության եւ արդարադատության պակասից»,- նշեց Փաշինյանը:
«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի ցուցակի երկրորդ համար Լեւոն Շիրինյանն ակնկալում է, որ իրենց դաշինքն ընտրությունների արդյունքում կդառնա երկրորդ ուժը: «Ես կարծում եմ, որ ՀՀ քաղաքացիները մեզ օժտելու են հանրապետությունում երկրորդ ուժային բաղադրիչով: Երկրորդ ուժային բաղադրիչ Ռոբերտ Քոչարյանը չի լինելու»,-ասաց Լեւոն Շիրինյանն ու համոզմունք հայտնեց, որ «Հայաստան» դաշինքը չի անցնելու ընտրություններում: Ընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանն էլ նկատեց, որ համայն հայության ուշադրությունը կենտրոնացել է Հայաստանում: «Առաջիկա օրերը, զարգացումները ճակատագրական են լինելու Հայաստանի համար: Ըստ էության որոշվելու է Հայաստանի լինել-չլինելու հարցը»,- ասաց նա:
«Պատիվ ունեմ» դաշինքը հունիսի 15-ին նախընտրական քարոզարշավ է անցկացրել Արարատի մարզում։ Դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը եւ ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ այցելել են Մասիս քաղաք եւ հանդիպում ունեցել բնակիչների հետ, լսել արարատցիների մտահոգություններն ու հարցադրումները, պատասխանել դրանց, անդրադարձել առկա խնդիրներին, դաշինքի ծրագրային լուծումներին:
Ն.Հ.
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ
Առնվազն ընտրությունների հայտարարման պահից, մերձկրեմլյան շրջանակների պատվերով, հեղինակավոր ռուսական ընկերության մասնագետներ քաղաքական հարցումներ են իրականացնում Հայաստանում, ինչը չի հրապարակվում եւ հանդիսանում է առավելապես ներքին օգտագործման փաստաթուղթ: Սակայն մեզ հայտնի են դարձել որոշ նախնական դիտարկումներ: Նախ, ի զարմանս ռուս մասնագետների՝ ընտրություններից մեկ շաբաթ առաջ էլ հարցվողների մեկ երրորդը չի կողմնորոշվել կամ խուսափում է հստակ պատասխան տալ, ինչն էլ իր հերթին բարդացնում է ընտրությունների ելքի կանխատեսումը եւ մեծացնում անակնկալների հավանականությունը: Մյուս միտումը, որ արձանագրել են ռուսաստանյան մասնագետները, այն է, որ երկու առաջատարները մրցապայքարի վերջին հատվածում մոբիլիզացնում են ոչ միայն իրենց ընտրազանգվածը, այլեւ իրենց դաշնակից համարվող ուժերի ընտրազանգվածը, որի արդյունքում երրորդ եւ միակ անցողիկ ուժը կարող է դառնալ երկու լիդերների ուղղակի սատելլիտ չհամարվող «Լուսավոր Հայաստանը»` բավականին տպավորիչ արդյունքով: Համաձայն այդ ուսումնասիրությունների` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հավանական ընտրողների դեմոգրաֆիական հատկանիշները վերլուծելիս պարզ է դառնում, որ վարկանիշային աճն ապահովում են 18-35 տարեկան հարցվածների խումբը, որը, որպես իր ընտրության հիմնական պատճառ, նշում է խաղաղության եւ համերաշխության մթնոլորտի հաստատումը ընտրություններից հետո, ինչի մասին առավելապես խոստանում է հենց այս կուսակցությունը։ Այլ տարիքային խմբերում (35-50, 50 եւ ավելի) եւս կա որոշակի աճ, որը, սակայն, այդքան զգալի չէ, ինչպես վերոնշյալ տարիքային խմբում։ Ոչ մասնագիտական լեզվով ասած` Էդմոն Մարուքյանի ու նրա թիմի` քարոզարշավների ու հրապարակային խոսքի ընթացքում հնչեցրած ներքին համերաշխության, լրջության ու պատասխանատվության թեզերը, անցած շաբաթավերջի տվյալներով, էականորեն բարձրացրել են այդ ուժի վարկանիշը:
15 ՔՐԳՈՐԾ
2021թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է 2016-2020թթ. ընթացքում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Մի շարք դեպքերում պետական գույքի օտարման գործընթացն իրականացնելիս ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, առանց իրավական հիմքի եւ պայմանագիր կնքելու, 2016-2017թթ. «Ֆ…» ՍՊ ընկերությանն առաջարկել են իրականացնել անշարժ գույքերի գնահատման աշխատանքներ: ՍՊ ընկերության մասնագետները նշված ժամանակահատվածում կազմել են 15 կեղծ եզրակացություններ՝ վավերացված նշված ՍՊԸ-ի տնօրենի կողմից, որով ընդհանուր 378.700.000 ՀՀ դրամ իրական արժեքով գույքերը գնահատվել են ընդհանուր 135.016.137 ՀՀ դրամ կամ շուրջ 3 անգամ պակաս իրական գնահատված արժեքից, որն էլ մրցութային հանձնաժողովի կողմից հիմք է ընդունվել նշված անշարժ գույքի օտարման մրցույթի համար: Արդյունքում նշված գույքերն օտարվել են 79.144.580 ՀՀ դրամ ընդհանուր գումարով կամ շուրջ 5 անգամ պակաս իրական արժեքից՝ պետությանը պատճառելով շուրջ 299.555.420 ՀՀ դրամի վնաս:
ԿԺԱՄԱՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 20-հոգանոց պատվիրակությունը՝ հույն խորհրդարանական Գեորգիոս Կատրուգալոսի գլխավորությամբ, կժամանի Հայաստան՝ դիտորդական առաքելություն իրականացնելու արտահերթ խորհրդարանական ընտրություններում: ԵԽԽՎ հաղորդակցության բաժնի փոխանցմամբ՝ պատվիրակությունը կաշխատի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի եւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդների հետ միասին: «Մինչ հունիսի 20-ին քվեարկության ընթացքին հետեւելը պատվիրակությունը հանդիպելու է քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների ներկայացուցիչների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ»,- ասված է հաղորդագրությունում: Հաղորդվում է նաեւ, որ Վենետիկի հանձնաժողովի անդամներից մեկն իրավական աջակցություն կցուցաբերի այցի ընթացքում: Ընտրությունների հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, Երեւանում նախատեսված է դիտորդական առաքելությունների համատեղ ասուլիսը:
ԹՈՒՐՔ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն անդրադարձել է Հարավային Կովկասին` շեշտելով, որ Անկարան կողմ է այս տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը: Հայաստանի վերաբերյալ ԱԳ նախարարն ասել է, որ «տարիներ շարունակ տարածաշրջանային համագործակցությունից մեկուսացած երկիրը պետք է դասեր քաղի տարածաշրջանում գործընթացներից, ինչը հնարավորություն կտա տարածաշրջանում խաղաղություն ապահովել»: «Երկար տարիներ Հայաստանը լարում էր հարաբերությունները հարեւան երկրների հետ, մեկուսանում համագործակցությունից: Եվ այս ամենը` սեփական սխալների պատճառով»,- ասել է նախարարը` շեշտելով, որ «համագործակցությունից Հարավային Կովկասում ամենաշատ օգուտը կստանան Հայաստանն ու հայ ժողովուրդը»:
ԱՀԱԶԱՆԳԵՐ
Ընտրությունների վերահսկման կոմիտեն ահազանգեր է ստացել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից այն մասին, որ սկսած հունիսի 14-ից՝ Ոստիկանության անձնագրային բաժինները տարբերակված մոտեցում են ցուցաբերում Քաշաթաղի շրջանում հաշվառված քաղաքացիների նկատմամբ եւ ընտրողների ժամանակավոր ցուցակներում ընդգրկվելու մասին նույնաբնույթ որոշ դիմումներ բավարարում են, իսկ որոշ դիմումներ՝ մերժում։ Ընդ որում, ըստ ահազանգերի՝ դա կատարվում է քաղաքական հիմքով. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատասխանատուների «երաշխավորած» անձանց դիմումները բավարարվում են, իսկ մյուսներինը՝ մերժվում։ Այս մասին հայտնում են Ընտրությունների վերահսկման կոմիտեից։ ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում ենք շտապ կարգով իրականացնել ստուգում եւ արդյունքների մասին իրազեկել հանրությանը։