ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարը շարունակում է պահպանել ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի իրավական կարգավիճակը, ինչպես նաեւ այն, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը վերաբերում է պետական մարմիններին եւ պաշտոնատար անձանց՝ սույն հայտարարությունը վերաբերում է մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց մի շարք հարցերի, որոնք արձանագրվել են Սյունիքի մարզում երեկվա քարոզարշավի ժամանակ: Այս մասին նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա, մասնվորապես, նշել է.

 

«1. Անթույլատրելի են մուրճի անընդհատ ցուցադրությունն ու պատկերավոր համեմատությունները, ինչը մարդկանց մոտ կարող է առաջացնել մուրճով հարցեր լուծելու պատկերացումներ: Ավելին, մշտադիտարկումը վկայում է, որ մուրճի հետ կապված բառապաշարն ավելի է բռնության հետ ասոցացվում (օրինակ՝ «սա ժողովրդի չագուչնա, ու հունիսի 20-ին այս չագուչը իջնելու ա ձեր դատարկ գլուխներին» եւ այլն):

Անթույլատրելի է իրավապահ մարմիններով սպառնալը նախընտրական քարոզարշավի մասնակից մյուս քաղաքական ուժերի («ուզում է Ոստիկանության դուբինկաների տակ ընկնել» եւ այլն): Հաշվի առնելով Ոստիկանության ուղիղ ենթակայությունը ՀՀ վարչապետին՝ նման բառապաշարը կարող է սխալ ուղերձ ընկալվել Ոստիկանության տարբեր ծառայողների համար:

Մտահոգիչ է համատեքստը, որում անընդհատ օգտագործվում է «պողպատե մանդատ» արտահայտությունը՝ ասոցացվելով մարդու իրավունքների խախտումների հետ:

Վարչապետի պաշտոնակատարի նման հռետորաբանությամբ ելույթներից հետո այլ բարձրաստիճան պաշտոնյաներ եւս նույն սկզբունքով սկսում են ատելության ու բռնության բառապաշարով հայտարարություններ անել՝ սպառնալով Ոստիկանության միջամտությամբ («իրավապահ մարմինների կրունկների տակ եք հայտնվելու (….) ոտնատակ կտանք» եւ այլն):

  1. ՀՀ վարչապետի կարգավիճակի մեջ չի մտնում սպառնալիքներ հնչեցնելը տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես՝ համայնքապետերի նկատմամբ:

Կոնկրետ դեպքում խոսքը նրա մասին է, երբ խոսվում է քրեական գործեր հարուցելու եւ քրեակատարողական հիմնարկների մասին, քանի որ վարչապետը չունի ո՛չ քրեական գործեր հարուցելու, ո՛չ մարդկանց քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկելու հարցերում իրավասություն:

Հարցն այն է, որ համայնքների ղեկավարներն առաջնային մանդատով, ՀՀ քաղաքացու փակ գաղտնի քվեարկությամբ ընտրված պաշտոնյաներ են, իսկ վարչապետի պաշտոնակատարի նման գնահատականը նախեւառաջ խնդրահարույց է քաղաքացիների քաղաքական իրավունքների, առաջնահերթ՝ ընտրելու իրավունքի երաշխավորման տեսանկյունից:

  1. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի` զանգվածային ազատումների մասին խոսելը կապվում է աշխատանքային իրավունքների զանգվածային խախտումների եւ կամայական միջամտությունների հետ:

Նշված հարցերին անդրադարձի անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նախընտրական քարոզարշավի հավաքների ժամանակ մարդկանց մոտ ընկալվում է հենց ՀՀ վարչապետի, այլ ոչ թե պաշտոնակատարի կարգավիճակով: Հավաքների կազմակերպիչներն իրենք, ելույթ ունեցողներն են ներկայացնում՝ որպես ՀՀ վարչապետ»:

 

 

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետական եկամուտների կոմիտեում տեղեկություններ են ձեռք բերվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում միմյանց շահառու երկու ընկերություն օղու արտադրությամբ զբաղվել են փաստացի մի վայրում, սակայն ալկոհոլային խմիչքների արտադրություններ իրականացնելու ծանուցումներում նշել են այլ հասցեներ՝ խախտելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները:

 

Օպերլիազորների կողմից առաջ են քաշվել նաեւ վարկածներ այդ տնտեսվարող սուբյեկտների կողմից կեղծ ձեռնարկատիրությամբ, հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ չվճարելու, ինչպես նաեւ ակցիզային դրոշմանիշեր իրացնելու հանցագործությունների նախապատրաստման վերաբերյալ: Բացի այդ, առաջացել են հիմնավոր կասկածներ, որ ընկերությունները, չունենալով թորած ալկոհոլային խմիչքների եւ խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության իրականացման ծանուցումներ, արտադրում են նաեւ ցորենի սպիրտից պատրաստված օղի։

Վերցվել են ալկոհոլային խմիչքների նմուշներ, եւ նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Եթե փորձաքննության արդյունքում հիմնավորվի, որ ընկերությունների կողմից արտադրվել են ոչ թե մրգային, այլ ցորենի օղիներ, ապա ընկերությունների կողմից պակաս վճարված պետական տուրքը կկազմի 30 միլիոն դրամ։ Բացի պակաս վճարված  տուրքի գումարներից, ՀՀ հարկային օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն՝ ենթակա է գանձման «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքին համապատասխան ծանուցման ենթակա գործունեությունն առանց ծանուցման իրականացնելու համար տուգանք 300 միլիոն դրամ՝ ցորենի օղի արտադրելու համար, միաժամանակ ենթակա է վերահաշվարկման ընկերության ակցիզային հարկի պարտավորությունների չափը:

Ընկերությունները խախտել են նաեւ ՀՀ հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, այսինքն՝ օղիների վաճառքը ձեւակերպել են օրենքով նախատեսված նվազագույն գներից ցածր գներով, որի արդյունքում թաքցրել են իրական հարկվող օբյեկտները: Պարզվել է նաեւ, որ արտադրված ալկոհոլային խմիչքների վրա փակցված ակցիզային դրոշմանիշերի վերաբերյալ էլեկտրոնային եղանակով կատարվել են սխալ վերագրումներ, մասնավորապես՝ տարբեր տարողության օղիները դրոշմավորված էին գինու համար նախատեսված ակցիզային դրոշմանիշերով։ Նշված իրավախախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ ՀՀ հարկային օրենսգրքի 424-րդ հոդվածով:

Պարզվել է նաեւ, որ ընկերություններից մեկը իր կողմից շշալցված արտադրանքը դրոշմավորել եւ իրացրել է մյուս ընկերության կողմից ստացված ակցիզային դրոշմանիշերով։ Այսինքն՝ առկա են սահմանված կարգով ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի օտարման կամ ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով ապրանքների դրոշմավորման առերեւույթ հանցագործության հատկանիշներ։ Նշված արարքը առերեւույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ:

 

 

ՍՐԲԱՏԵՂԻՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գեղաշենի «Լույս Գերեզման» կոչվող սրբատեղիում կատարված սպանության վերաբերյալ: «2021թ. հունիսի 15-ին՝ ժամը 23:00-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի, որովայնի կտրած-ծակած բազմաթիվ վերքեր, պրոֆուզ արյունահոսություն հեմոռագիկ շոկ չորրորդ աստիճան, գիտակցության բացակայություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գեղաշեն գյուղի 41-ամյա բնակիչ, ով վիրահատարանում մահացել է: Կատարված մեծածավալ քննչական եւ դատավարական գործողությունների, ինչպես նաեւ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. հունիսի 15-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Գեղաշեն գյուղում գտնվող «Լույս Գերեզման» կոչվող սրբատեղիում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 41-ամյա տղամարդուն դանակով հարվածներ է հասցրել Կամարիս գյուղի 35-ամյա բնակիչը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են արնանման հետքեր, տղամարդու հագուստներ, այլ իրեր ու առարկաներ: Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ: Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավվել է: Կատարվում է նախաքննություն»,-նշված է հաղորդագրության մեջ:

 

 

 

ՄԵՂԱՎՈՐ ՃԱՆԱՉՎԵՑ

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, մեղավոր ճանաչվեց ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաեւ անձի առեւանգումը կազմակերպելու համար։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հրապարակեց Նարեկ Սարգսյանի գործով դատավճիռը: Ըստ այդմ՝ Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5,5 տարվա ազատազրկման՝ հաշվակցելով Սարգսյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը։ Ըստ այդմ, նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 3,5 տարի ժամկետով ազատազրկումը: Նշենք, որ նախորդ դատական նիստին մեղադրող դատախազը միջնորդել էր մեղավոր ճանաչել Սարգսյանին առաջադրված մեղադրանքում եւ դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով։ Նարեկ Սարգսյանն ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքները եւ միջնորդել գործը քննել արագացված կարգով: Հիշեցնենք՝ հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերման պահին ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

 




Լրահոս