ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՂԵՎՈՐՆԵՐԻ ՀՈՍՔԸ ՆՎԱԶԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այս տարվա առաջին չորս ամիսներին բեռնափոխադրումների աճ է արձանագրվել: Ընդհանուր բեռնափոխադրումները, անցած տարվա համեմատ, ավելացել են 17.7 տոկոսով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ երկաթուղային բեռնափոխադրումները նվազել են 7 տոկոսով, որից բեռների արտահանումը նվազել է 11.5 տոկոսով, իսկ ներմուծումը պակասել է 25.6 տոկոսով: Ավտոտրանսպորտով ընդհանուր բեռնափոխադրումների ծավալներն են աճել 34.4 տոկոսով: Ի դեպ, ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները ըստ իրենց նպատակի դիտարկելու դեպքում տեսնում ենք, որ արտահանումը ավելացել է 27.9 տոկոսով, ներմուծումը՝ 18 տոկոսով, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումները աճել են 44.5 տոկոսով:

 

Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ընդհանուրի մեջ շատ փոքր թիվ է կազմում, բայց նույնիսկ այդ փոքր ծավալների դեպքում էլ անկում է արձանագրվել 4.1 տոկոսով, արտահանման դեպքում` 18.7 տոկոս, իսկ ներմուծումը, հակառակը, ավելացել է 23.5 տոկոսով:

Բացի այս, մեր հանրապետությունում ընդհանուր ուղեւորափոխադրումների ոլորտում նվազման միտումը շարունակվում է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ դրանք նվազել են 15.4 տոկոսով: Մեզ հայտնի դարձավ, որ ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալը, անցած տարվա համեմատ, ավելացել է 15.8 տոկոսով: Անկում արձանագրվել է նաեւ երկաթուղով ուղեւորափոխադրումների ոլորտում. ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալների՝ երկաթուղով ուղեւորափոխադրումները նվազել են 4.9 տոկոսով, իսկ ավտոմոբիլային ուղեւորափոխադրումները՝ 22.1 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց ուղեւորափոխադրումների ընդհանուր ծավալը նվազել է 27.8 տոկոսով: Ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալների անկման պատճառը թերեւս մեկն է` ուղեւորների նվազումը: Այլ կերպ ասած՝ արտագաղթը չի կարող իրեն զգացնել չտալ: Բնական է, որ նրանց բացակայությունը պետք է ազդի ուղեւորափոխադրումների ծավալների վրա: Մեկ ուշագրավ տվյալ եւս՝ էլէկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումները, անցած տարվա համեմատ, աճել են 29.5 տոկոսով: Էլեկտրատրանսպորտ ասելով՝ տվյալ դեպքում խոսքը Երեւանի մետրոյի մասին է: Մետրոյով ուղեւորափոխադրումների ծավալների աճն էլ թերեւս պայմանավորված է այն հանգամանքով, որ Երեւանի քաղաքապետարանը ավտոբուսային երթուղիներ է պարբերաբար հանում շահագործումից, եւ երթուղիներն այնպես է ձեւափոխել, որ մարդիկ մայրաքաղաքի մի ծայրից մյուսը գնալիս ստիպված լինեն անպայման երկու տրանսպորտից օգտվել:

Բացի այս, «մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալների աճը կազմել է 1.7 տոկոս: Ավելին՝ բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում պաշտոնական վիճակագրությունը արտահանման եւ ներկրման տարանջատում չի անում, քանի որ ընդհանուր խոսքը ներկրման մասին է, այն էլ՝ կոնկրետ մեկ տեսակի ապրանքի` գազի: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան անցած տարի ավելացել է:

Ս.Հ.

 

 

6 ԱՄԻՍ ԱՆՑ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում կատարված մեծածավալ, անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ջրվեժ գյուղի բնակչի սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

 

Տուժողը, կնոջ եւ երեխաների հետ բնակվելով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, զբաղվել է ավտոմեքենաների վաճառքով, այդ թվում՝ ավտոմեքենաները ՀՀ տեղափոխելու եղանակով, իսկ 2020թ. հուլիսին վերադարձել է Հայաստանի Հանրապետություն եւ բնակվել Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասում:  Նշված գործընթացի կազմակերպման հարցում նրան աջակցություն է ցուցաբերել իր ծանոթը, որն իր տանը կից ավտոտեխսպասարկման կետում զբաղվել է ավտոմեքենաների վերանորոգմամբ: 2019-2020թթ. Ջրվեժի բնակիչը  բանավոր համաձայնությամբ, գումարը մաս-մաս վճարելու պայմանով ծանոթին է վաճառել իրեն պատկանող «MERCEDES-BENZ»  մակնիշի 4 ավտոմեքենա` ընդհանուր 11.000.000 ՀՀ դրամ արժողությամբ, ինչպես նաեւ շինարարական գործիքներ 4.000.000 ՀՀ դրամ արժողությամբ: Արդյունքում տղամարդը պարտավորվել է մաս-մաս վերադարձնել շուրջ 15.000.000 ՀՀ դրամ գումար, սակայն իր պարտավորությունները կատարել է մասնակի եւ վերադարձրել է միայն 1.500.000 ՀՀ դրամ: Պարտք մնացած առանձնապես խոշոր չափերի գումարը վերադարձնելու պարտականությունից ազատվելու, այդկերպ որոշակի նյութական օգուտ ստանալու նպատակով վերջինս որոշել է ապօրինաբար կյանքից զրկել պարտապանին: 2020թ. հոկտեմբերի 31-ին` ժամը 13:55-ին, տուժողը միայնակ այցելել է ծանոթին պատկանող ավտոտեխսպասարկման կետ, որտեղ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ վերջինս հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Ջրվեժ գյուղի բնակչին դիտավորությամբ զրկել է կյանքից, ապա նրա դին տեղափոխել է Կոտայքի մարզի Կապուտան գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատված ու թաղել հողի ծածկույթի տակ: 2021թ. ապրիլի 28-ին նշված վայրից հայտնաբերվել է վերջինիս  դին` գանգի շրջանում վնասվածքներով:2021թ. հունիսի 9-ին որոշում է կայացվել՝ տուժողի ծանոթին  ՀՀ քրեական 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, եւ հայտարարվել է հետախուզում: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

5 ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ

Բագրատաշեն գյուղի 38-ամյա բնակիչ Սեդրակ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն  բանի համար, որ նա 2020թ. հուլիսի 7-ին՝ ժամը 14.15-ի սահմաններում, իրենց տան բակում գործող ավտոլվացման կետի գործունեության օրինականությունը ստուգելու նպատակով ժամանած, իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող օպերլիազորներ Դանիել Աթոյանից, Արմեն Ծատուրյանից եւ Կարեն Սարգսյանից տեղեկանալով, որ նրանք հանդիսանում են  պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցներ, չի ենթարկվել  նրանց պահանջին՝ գործունեություն ծավալելու համար որպես տնտեսավարող հաշվառվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։ Նա այդ պատճառով, Դանիել Աթոյանի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ  կապված, նրա նկատմամբ  գործադրել է առողջության համար վտանգավոր բռնություն. ավտոլվացման կետի կողմից վերցնելով բահ՝ հարվածել է նրա աջ ձեռքին, որի հետեւանքով վերջինիս առողջությանը պատճառվել է թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով՝ աջ նախաբազկի փափուկ հյուսվածքների սալջարդի, ենթամաշկային արյունահավաքի. արյունազեղման եւ քերծվածքի տեսքով։ Նույն օրը՝ ժամը 14:15-ի սահմաններում, Ս. Մինասյանը բահով հարվածներ է հասցրել ՀՀ ՊԵԿ-ին պատկանող «Տոյոտա Կորոլլա» մակնիշի ծառայողական ավտոմեքենայի տանիքին, առջեւի դիմապակուն եւ շարժիչի ծածկոցին։ Ս. Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով եւ 185 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ 2020թ. սեպտեմբերի 3-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը, քննելով Ս. Մինասյանի խափանման միջոցի հիմնավորվածության  հարցը, որոշել է նրա խափանման միջոց  կալանքը փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ։  2021թ. հունիսի 11-ին դատարանը Ս. Մինասյանին  դատապարտել է 5 տարի մեկ ամիս 3 օր ժամկետով ազատազրկման, նաեւ 370 հազար դրամի չափով տուգանքի՝ ՊԵԿ ծառայողական ավտոմեքենային պատճառած վնասի համար։ Ս. Մինասյանը հայտնեց, որ նշված միջադեպի ժամանակ ՊԵԿ աշխատող Կարեն Սարգսյանի կողմից իրեն մարմնական վնասվածք է  է պատճառվել, սակայն դրա վերաբերյալ քրեական գործը կարճվել է։ Խնամքին երկու անչափահաս տղա, մանկուց հաշմանդամ քույր ունեցող Ս. Մինասյանն  ասաց, որ իր 6 տարեկան տղան այդ միջադեպից մեծ վախ է ապրել, ամեն անգամ իրավապահ համակարգի աշխատողները, երբ ավտոմեքենա լվանալու համար գալիս են իր ավտոլվացման կետ, տղան վախեցած ասում է. «Հայրի՛կ, եկել են քեզ ծեծելո՞ւ»։ Ս. Մինասյանը Զորական գյուղում նախըըտրական արշավի ժամանակ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին  եւ մոտ 6 րոպե ներկայացրել իր  նկատմամբ կայացած իր կարծիքով ոչ իրավաչափ դատավճիռը։ Ս. Մինասյանի պաշտպան Վրեժ Ներկարարյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռի դեմ Վերաքննիչ բողոք  է ներկայացնելու։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս