«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշումը դժվարությամբ է կայացրել՝ հաշվի առնելով այն, որ ընտրություններին մասնակցում էին վարչական, ֆինանսական, մեդիա ահռելի ռեսուրս ունեցող քաղաքական ուժեր: Այս մասին ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ, ընտրական ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնող Լևոն Զուրաբյանը` ամփոփելով նախընտրական քարոզարշավը:
«Մենք հասկացանք մի բան, որ ճշմարտությունը ամենակարևոր բանն է: Միշտ ասել ենք ճշմարտությունը, դրա շնորհիվ կարողացել ենք հաղթել պատերազմում, բայց նաև դրա պատճառով շատ հաճախ տուժել ենք, որովհետև ժողովրդին երբեք չենք ցանկացել խաբել, հատկապես չենք ուզեցել մտնել պատրանքների վաճառքի, առևտրի մեջ»,- ասաց Զուրաբյանը:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահը փայլուն գնահատեց նախընտրական քարոզարշավի արդյունքները:
«Այսօր տեսնում ենք, որ ամենուրեք ունենք ոչ միայն աջակիցներ, որ տարիներով ունեցել ենք, այլ ունենք անսպասելի աջակիցներ: Բազմաթիվ հաղորդումներ են գալիս այն մարդկանցից, ովքեր մեզ տանել չէին կարողանում, մերժում էին այն ամենը, ինչ ասում էինք, երբեք չէի կարող պատկերացնել, որ այդ մարդիկ կարող են մեզ աջակցել և այսօր այդ անսպասելի ձայները մեզ հետ են: Եվ դա մասսայական է, սա փայլուն արդյունք է:
Երկրորդ փայլուն արդյունք այն է, որ բերեցինք երիտասարդությանը մեր կողքը: Երիտասարդությունը պարզվեց ավելի բաց է փաստերը, վերլուծությունը ընկալելու: Պարզվեց, որ երիտասարդները կարծրատիպերով չեն ապրում: Եվ պարզվեց, որ երիտասարդությունն է դառնում մեր ամենահուսալի աջակիցը այս պայքարում»,- եզրափակեց Զուրաբյանը: