Արդար Հայաստան» կուսակցության առանցքը հայ մարդն է՝ իր հոգսերով, իր խնդիրներով, իր երազանքներով ու նպատակներով: Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իր ուղերձում այս մասին ասել է «Արդար Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյանը:
«Մենք սպառող հասարակությունից պետք է դառնալ ստեղծող ու արտադրող հասարակություն՝ սկսած գիտական գիտելիքից, վերջացրած սեփական պետությունը պաշտպանելուն ուղղված տարբեր ռազմական համալիրների ստեղծմամբ, ինչու չէ նաև դրանց իրացմամբ այլ շուկաներ: Ըստ էության, Արդար Հայաստանի առանցքը հայ մարդն է՝ իր հոգսերով, իր խնդիրներով, իր երազանքներով ու նպատակներով: Ամեն ինչ պետք է ուղղված լինի մարդու բարեկեցությունն ապահովելուն ու նրա խնդիրները լուծելուն: Մենք Հայաստանը տեսնում ենք ամբողջապես կոռուպցիայից զերծ, կրթված հասարակություն ունեցող, կայացած, մրցունակ կրթական ու առողջապահական համակարգերով, բարձր տեխնոլոգիաներով հագեցած, որակապես նոր գյուղով հարուստ ու զարգացած պետություն: Մենք պարտավոր ենք առաջիկա տարիներն օգտագործել տնտեսական վատթար իրավիճակը կայունացնելու, որակապես նոր զինված ուժեր ձևավորելու, Հայաստանի անվտանգային միջավայրն առավել կենսունակ դարձնելու, մեր երկրի դեմոգրաֆիական իրավիճակը բարելավվելու, բոլորի համար հավասար ու նպաստավոր պայմաններ ձևավորելու, իրապես արդար ու անաչառ դատական համակարգ կայացնելու, օրինականությունն ամբողջությամբ վերականգնելու համար»,- նշել է Նորիկյանը:
Ըստ «Արդար Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուի՝ Հայաստանում բարիք ստեղծող, արժեք ստեղծող մարդիկ, ազնիվ գործարարները որևէ խնդիր չպետք է ունենան և չեն ունենա: Նորիկյանը ընդգծում է՝ նրանց համար պետք է ստեղծել հնարավոր բոլոր նպաստավոր պայմանները՝ ստեղծելու, արտադրելու, արտահանելու և կառուցելու համար, պետք է ամենալավ պայմանները ստեղծել տաղանդավոր ու հաջողակ մարդկանց համար, ովքեր իրենց հետևից կտանեն հազարներին:
«Հայաստանը պետք է դարձնել հաջողակ մարդկանց ու հաջողության հասնելու երկիր: Պետությունը պետք է դառնա հաջողակ մարդկանց ապավենը և հենվի այդ մարդկանց վրա, իսկ առիթի ու հնարավորություն դեպքում՝ ավելի մեծ շանս տա՝ գործունեություն ծավալելու համար: Հավատացե՛ք, աշխարհի որևէ երկիր հաջողության է հասել հաջողակ մարդկանց համառության, աշխատասիրության, նախանձախնդրության ու նպատակասլացության շնորհիվ: Այդ մարդկանց վրա է երկիր պահելու բեռը: Իմ խորին համոզմամբ, երկիրը կարող է զարգանալ միայն տքնաջան աշխատանքով, ժողովրդի բարեկեցությունը կարող է բազմապատկվել միայն բարիք ստեղծելով ու արարելով, ժողովրդի թիվը կարող է դառնալ 10 միլիոն, անգամ 110 միլիոն, եթե հայրենիքում ապրելը դառնա արժանապատիվ ու անվտանգ, վերջապես՝ երկիրը կարող է դառնալ գերզարգացած, եթե ունենա հզոր արդյունաբերություն: Առանց արդյունաբերության, մեր երկիրն ապագա չունի, ուզում եք՝ դարերով խոսենք, ինչպես խոսում ենք դարեր շարունակ… Եկեք մտածե՛ք հզոր արդյունաբերություն ստեղծելու մասին և շարժվենք առաջ՝ կոնկրետ քայլերով: Ուրեմն՝ Վե՛ր կաց Հայաստան և ցույց տուր, որ դու բարեկեցիկ և անվտանգ ապրելու իրավունք ունես, Վե՛ր կաց, Հայաստա՛ն, ընտրի՛ր, քվեաթերթիկ համար 1, արդա՛ր Հայաստան…»,- եզրափակել է Նորիկյանը: