Սիսիան քաղաքում շտաբերի խուզարկության օպերացիան աննախադեպ խայտառակություն է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը։
«Հաստատված տեղեկություն ենք ստացել այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության կողմից կազմակերպվել է «Հայաստան» դաշինքի Սյունիքի մարզում, մասնավորապես Սիսիան քաղաքում, բոլոր շտաբերի խուզարկության օպերացիա:
Խուզարկության հիմքը, ըստ դատարանի որոշման, հանդիսացել է քվեաթերթիկ տպելու սարքի որոնումը: Նշվածի վերաբերյալ աբսուրդը կայանում է նրանում, որ նման սարք գոյություն ունենալ չի կարող, քանի որ քվեաթերթիկները տպագրվում են բացառապես հատուկ տպարանների կողմից, որոնցից եւ ոչ մեկը չի կարող շտաբում տեղակայված լինել:
Միաժամանակ տեղեկություն ունենք, որ խուզարկության որոշումը կայացվել է ոչ թե Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, այլ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից: Նպատակը նշված գործողության հանդիսանում է «Հայաստան» դաշինքի համակիրների գործունեության պարալիզացումը հենց ընտրությունների օրը, ինչը աննախադեպ է եւ նախկինում երբեւէ չհանդիպած խայտառակություն:
Ավելին, շտաբի պատասխանատուներին առանց որեւէ պատճառի ընտրությունների օրը տեղափոխում են Սյունիքի մարզից Երեւան, իբր բացատրություն վերցնելու նպատակով:
Հորդորում ենք իրավապահ մարմիններին վերադառնալ օրինականության դաշտ: Դիմում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր օրինական միջոցները «Հայաստան» դաշինքի բնականոն գործունեության եւ քվեարկության գործընթացը անհապաղ վերականգնելու նպատակով:
Դիմում ենք նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին՝ ստեղծված իրավիճակը խիստ վերահսկողության տակ պահելու նպատակով»,- նշվում է հայտարարության մեջ։