ՄԻՊ ներկայացուցիչները «Հայաստան» դաշինքի բողոքի հիման վրա մեկնել են Սիսիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոք է ներկայացրել այն մասին, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը տվել է խուզարկություններ կատարելու որևէ հիմնավորում չունեցող թույլտվություն, որի հիման վրա անօրինական արարքներ են կատարվում Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի իրենց շտաբերի ղեկավարների նկատմամբ:

Ըստ բողոքի՝ դատարանի թույլտվության հիմքում նպատակը նշվել է քվեաթերթիկներ տպելու սարքեր, քվեաթերթիկներ և ընտրական գործընթացի հետ կապված այլ նյութեր հայտնաբերելը: Մասնավորապես, բողոքով բարձրացվել է հարց այն մասին, որ իրենց «Հայաստան» դաշինքի 4 անդամների իրավապահ մարմինները տեղում քննչական գործողություններ անելու փոխարեն հատուկ նպատակով են ցանկանում բերման ենթարկել Երևան, ինչն էլ նշանակում է, որ ողջ քվեարկության օրն այլևս նրանք հնարավորություն չեն ունենա մասնակցել ընտրական գործընթացին և դրանով ամբողջությամբ կկազմալուծվի իրենց դաշինքների շտաբերի գործունեությունը Սիսիանում:

Ինչպես տեղեկացրին ՄԻՊ աշխատակազմից, բողոքի հիման վրա Սյունիքի մարզ գործուղված Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մեկնել են Սիսիան քաղաք: Նրանք տեղում կստուգեն նշված բողոքի հետ կապված բոլոր հանգամանքները, ինչպես նաև պարզաբանումներ կստանան, թե ինչպիսի ծանրակշիռ հիմնավորումներով են առանձին քննչական կամ այլ դատավարական գործողություններ նախատեսվում իրականացնել Երևանում՝ հատկապես նկատի ունենալով քվեարկության օրվա տևողությունը, շտաբի ներկայացուցչներին մարզից Երևան տեղափոխելու ճանապարհի և Երևանում քննչական գործողությունների համար ծախսված ժամանակահատվածը:

Այս պահի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ իրավական չափանիշը պետք է լինի այն, որ Ոստիկանությունը կամ մյուս իրավապահ մարմիններն իրենց գործողությունները կատարեն առավելապես այնպես, որ ընտրական գործընթացին մասնակցության հետ կապված որևէ քաղաքական ուժի աշխատանքների համար հատկապես քվեարկության օրը խոչընդոտներ չառաջանան:




Լրահոս