Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Մատտեո Մեկաչիին և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլային, ովքեր դիտորդական առաքելություն են իրականացրել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում:
Հյուրերը նախագահ Սարգսյանին տեղեկություններ են ներկայացրել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ ԽՎ-ի և ԵԽ ԽՎ-ի համատեղ դիտորդական առաքելության ընթացքում կատարված աշխատանքների, ընտրական գործընթացի վերաբերյալ իրենց դիտարկումների մասին, ինչպես նաև փոխանցել պատրաստված զեկույցի ամբողջական տարբերակը:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կառույցների ղեկավարներին և հանձինս նրանց՝ դիտորդական առաքելությանը, կատարված աշխատանքների համար:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանում ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների ամրապնդման կարևորության, ինչպես նաև Հայաստանի հետ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի համագործակցության մասին: Անդրադարձ է եղել մասնավորապես նախագահական ինստիտուտի հետ փոխգործակցությանը:
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենն ու ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար նշել են, որ իրենց կառույցները տարիներ շարունակ համագործակցում են Հայաստանի հետ և պատրաստակամ են շարունակելու աջակցությունը ժողովրդավարական ինստիտուտների կարողությունների զարգացմանը: