«Մինչ իշխանությունը, մրցակիցներին մուրճով վախեցնելով, քարոզարշավ է իրականացնում, երեկ ադրբեջանական 9 զինծառայող գողացել են Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը եւ նոր ծնված հորթը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ծնունդով Վարդենիսից Թագուհի Թովմասյանը, ապա ներկայացրել տեղի ունեցած դեպքից որոշ մանրամասներ: Պատգամավորն ահազանգում է՝ ադրբեջանական զինծառայողները կատարում են բացահայտ հանցավոր արարքներ` ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի եւ այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու եւ ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելու դիտավորությամբ: Ի դեպ, այստեղ տեղին է արձանագրել, որ նրանք այդպես էլ չեն վերադարձրել ՀՀ քաղաքացիներից վերջերս գողացած կենդանիները (Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա, Սյունիքի մարզի Արավուս, Խնածախ գյուղեր եւ այլն): «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 3 գլուխ խոշոր եղջերավոր անասուն Արավուս գյուղից են անցել, 6 գլուխ ձի՝ Կոռնիձորից, իսկ Խնածախ գյուղից էլ տասը օրը մեկ մեկ-երկու գլուխ անասուն անցնում է։ Իսկ, ահա, Կութի գյուղում դեռ չեն կարողանում հետ բերել 5 ընտանիքի եկամտի միակ աղբյուրը: Խոսքը հունիսի 5-ին ադրբեջանցիների կողմից առեւանգված 81 կովերի մասին է: Պարզվում է՝ անասուններին հետ բերելու ուղղությամբ ոչինչ չի արվում: Համենայնդեպս, կառավարությունից այս խնդրի շուրջ ծպտուն չեն հանում. միայն երկրի թիվ մեկ դեմքը շարունակում է մուրճը ձեռքին պտտվել ՀՀ մարզերով: Իսկ մինչ այդ, ArmLur.am-ի պարզ հաշվարկով, օրինակ՝ կութեցիները կորցրել են 32 մլն 400 հազար դրամի խոշոր եղջերավոր կենդանի, իսկ եթե հաշվարկենք այն, որ յուրաքանչյուր ընտանիք մեկ օրում մեկ կովից ստանում էր 3000 դրամի եկամուտ, կորուստները զգալի չափերի են հասնում. այն գերազանցում է 3 մլն դրամը: Մեկ գլուխ ձիու արժեքը մոտ 250 հազար դրամ է. Կոռնիձորում առեւանգված ձիերի ընդհանուր արժեքը մոտ 1.5 մլն դրամ է:
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ իշխանության վերնախավը վերջին օրերին ամեն ինչ արել է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւս միանա իրենց քարոզարշավին ու անպայման ելույթներ ունենա: Ըստ մեր տեղեկությունների՝ բավականին երկար ժամանակ տարբեր մասնագետներ են աշխատել Միրզոյանի հետ, որ նա նախ հանրության հետ սկսի շփվել, փողոց դուրս գալ, ապա խոսի: Նշենք, որ նոյեմբերի 9-ին լույս 10-ի գիշերը երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնելու համաձայնագիր է ստորագրել, խորհրդարանի հարակից տարածքում Միրզոյանին մի խումբ անձինք դաժանաբար ծեծի էին ենթարկել: Վերջինս մի քանի վիրահատություն էր տարել, վերադարձել էր խորհրդարան, բայց կտրականապես իշխանության հետ ինչ-որ միջոցառումների չէր մասնակցում եւ մինչեւ հիմա էլ ոչ մի լրագրողի հարցի չի պատասխանել: Ըստ մեր տեղեկությունների՝ Արարատ Միրզոյանը խզել է նաեւ իր փոխհարաբերությունները իր թիմակիցների հետ, նրանցից որեւէ մեկին անգամ թիկունք չեղավ ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար: Միրզոյանը շատ կտրուկ փոխվել է, որեւէ ձեւով որեւէ մեկը նրա վարքագիծը չի հասկանում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ հանրահավաքից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բավական զայրացած է եղել իր թիմակիցների վրա հրապարակում տապալված հանրահավաքի համար։ Բանն այն է, որ անգամ ամբողջ վարչական ռեսուրսի պայմաններում հրապարակում հավաքվածների թիվը շատ քիչ էր, ինչն էլ զարացրել է Փաշինյանին։ Եվ հենց այս հանգամանքն է նաեւ պատճառ դարձել, որ 20։00-ի փոխարեն հանրահավաքը մեկնարկեց 20։30-ին, որպեսզի կարողանային մարդկանց ավտոբուսներով բերել հանրահավաքների, սակայն դա էլ չի օգնել։ Ամենից շատ Փաշինյանը զայրացել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի վրա, ում վստահված է եղել մարդկանց հավաքագրումը, սակայն նա տապալել է իր աշխատանքը։ Մինչ հանրահավաքի մեկնարկը ՔՊ-ականներն այս ու այն կողմ էին վազում, փորձում մի կերպ իրավիճակը հարթել։ Իսկ հավաքագրումները ակնհայտ էր. մարզպետներին, պաշտոնյաներին հրահանգված է եղել կոնկրետ թիվ ապահովել, եւ բոլոր պատասխանատուներիցցուցակներ են ունեցել, տեղում էլ ներկա-բացակա արել։ Սակայն անգամ սպառնալիքների, աշխատանքը կորցնելու վտանգի առջեւ կանգնելով՝ շատերն այդպես էլ չեն եկել հրապարակ, իսկ եկողներից շատերն էլ, ամեն դեպքում, Փաշինյանին չեն ընտրելու։ Արդեն այսօր այդ նույն վայրում տեղի կունենա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոոչարյանի գլխավորած «Հայաստան » դաշինքի հանրահավաքը. տեսնենք՝ ինչ ներկայություն կունենա ընդդիմությունը։
Այսօր նախընտրական քարոզարշավի վերջին օրն է։ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե կրթության ոլորտում ինչ բարեփոխումներ են առաջարկում ընտրություններին մասնակից ուժերը։ Հետաքրքիր է, որ գրեթե բոլորի ծրագրերում կրթության ոլորտին անդրադարձ կա միայն վերջում։ «Պատիվ ունեմ» դաշինքը խոստանում է, որ 10 տարվա ընթացքում Հայաստանի 2 բուհ կընդգրկվի աշխարհի լավագույն 1000 բուհերի ցանկում։ «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը խոստանում է ներդնել աշակերտակենտրոն ուսուցում, արմատապես վերանայել Ինֆորմատիկա առարկայի ծրագիրը, ավագ դպրոցից սկսած՝ աշակերտներին պատրաստել քաղաքացիական կյանքին։ «Քաղաքացու որոշում» կուսակցությունն առաջարկում է ուսուցիչներին 7 տարին մեկ տալ վճարվող արձակուրդ։ «Քաղաքացու որոշում» կուսակցության կրթական ծրագրի մյուս առաջարկն այն է, որ ծնողները պետք է ունենան երեխային մինչեւ ժամը 18:00-ն դպրոցում թողնելու իրավունք եւ հնարավորություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում ներկայացված է, թե ինչ է արվել վերջին 3 տարիների ընթացքում, եւ ինչեր են արվելու։ Հիմնականում հայտնի միջոցառումներ են՝ շինարարություն, ներառական կրթություն, թվայնացում։ «Հայաստան» դաշինքում կա խոստում՝ նախադպրոցական կրթության հասանելիությունը հասցնել 90-95%-ի։ Դաշինքը խոստանում է չօպտիմալացնել գյուղական փոքր դպրոցները, սոցիալական երաշխիքներ տալ կադրերի պակաս ունեցող գյուղական դպրոցների ուսուցիչներին։