ArmLur.am-ը զրուցել է «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Լիլիթ Բեգլարյանի հետ: Մենք ամփոփել ենք նախընտրական քարոզարշավը, փորձել ենք Բեգլարյանից պարզել, թե ինչ արդյունք ունի իրենց դաշինքը, արդյոք իրենց հաջողվեց հանրությանը ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը: Խոսել ենք նաեւ արտաքին հարաբերությունների, հայ ռազմագերիների վերադարձի, ինչպես նաեւ առաջիկա անելիքների մասին:
-Շատ ակտիվ մասնակցում եք քարոզարշավին, մարզերում եւ Երեւանի տարբեր վարչական շրջաններում եք եղել: Ի՞նչ ստացաք հանրությունից, եւ հանրությունն ի՞նչ ստացավ ձեզանից: Ինչո՞ւ պետք է ընտրել «Պատիվ ունեմ» դաշինքին:
-Նախ ասեմ, որ մինչ բուն քարոզարշավ սկսելը մենք եղանք մարզերում: Այսինքն՝ յուրաքանյուր մարզում առնվազն երկու անգամ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները եղել են, բայց դա ինքնանպատակ չէր: Մենք այցելեցինք, որպեսզի տեղում հասկանանք մարդկանց խնդիրները, հավաքագրենք, գույքագրենք իրենց հետաքրքրող հարցերը: Դրանք հետագայում մի մասը դարձան մեր նախընտրական ծրագրի: Այդպես մենք փորձեցինք մեր նախընտրական ծրագիրը մասնակցային դարձնենք: Ծրագիրն արդեն ներկայացնելուց հետո՝ պաշտոնական քարոզարշավի մեկնարկից հետո եւս շարունակվեցին մեր այցերը թե՛ մարզերում, թե՛ Երեւանի տարբեր վարչական շրջաններում: Շատ խնդիրներ կան, որ բնակիչներին անհանգստացնում են, առաջին հերթին՝ սոցիալ-տնտեսական հարցերը, բայց ամեն ինչը մղվում են ետին պլան, քանի որ իրենք առաջնային ունեն անվտանգության խնդիր: Այսինքն՝ եթե մարզեր կային, որ առաջ չէին էլ մտածում անվտանգության մասին, այս պահին իրենք ամեն առավոտ արթնանում ու տեսնում են մի քանի մետրի վրա կանգնած թուրք զինվորին. դա դառնում է իրենց առաջնային խնդիրը: Մեր դաշինքը մեծ տեղ է հատկացնում անվտանգային խնդիրների լուծմանը:
-Ի՞նչ է առաջարկում «Պատիվ ունեմ»-ը: Ի՞նչ անենք, որ ապրենք անվտանգ երկրում:
-Առաջնային խնդիրը մարդիկ են, որոնք մոլորվում ու գերի են ընկնում: Գերիների մասով մենք ունենք խայտառակ իրավիճակ: Վերջին 15 գերիները երբ վերադարձան, իհարկե, բոլորս ուրախ ենք, բայց հարց՝ քանի՞ գերիներ են դեռ այնտեղ մնացել: Նախ ունե՞նք հստակ թիվ, թե քանի գերի ունենք: Մենք նույնիսկ չգիտենք, թե քանի անհետ կորած ունենք: Սերժ Սարգսյանը հրապարակեց փաստաթուղթ, ըստ որի՝ զինծառայողների ապահովագրության հիմնադրամը դեռ ապրիլ ամսին զեկուցել էր ՀՀ կառավարությանը, որ մեր անհետ կորածների թիվը կազմում է 1064: Իսկ մեր կապիտուլյանտ իշխանությունը հպարտությամբ ամբիոնից հայտարարում է, որ մեր անհետ կորածների թիվը կազմում է 321: Տարբերությունը պատկերացնո՞ւմ եք: Դրանցից յուրաքանչյուրը մարդկային ճակատագիր է: Եթե մեր պետությունը՝ որպես ինստիտուտ, ունակ չէ տարրական թվերին տերապետել, էլ մենք ինչի՞ ենք սպասում: Նույնիսկ հասարակ հկ-ն կկարողանար այդպես կառավարեր իր ռեսուրսը: Իսկ մենք չունենք ոչ մի պետական ինստիտուտ, որն իր գործը կատարում է նորմալ՝ բացառությամբ մարդու իրավունքների պաշտպանի: Բացի այդ, մենք վերադարձրել ենք 15 գերու՝ ականապատ քրատեզների դիմաց: Արդյոք դա համաչա՞փ է:
-Ի՞նչ եք կարծում, համաչա՞փ է:
-Բնականաբար, ոչ: Նախ ինչո՞ւ մենք պետք է իրենց քարտեզներ տրամադրենք, երբ նոյեմբեր 9-ի փաստաթղթով կետ ունենք, որով բոլորը բոլորի դիմաց փոխանակում պետք է լիներ: Ինչո՞ւ առաջին հերթին հենց այդ կետին չեն հետեւել: Հողերը հանձնելու ժամկետներ պահելու պարտադի՞ր էր, ադրբեջանական պահանջները բավարարելու համար ժամկետները պարտադի՞ր էին, շատ շտապում էինք իրենց ուղածները բավարարել, մեր երկրի պատառներն իրենց տալ, բայց երբ հերթը հասնում է հոգ տանել մեր տղաների մասին, մենք անտարբեր ենք: Ինձ մոտ տպավորություն է, որ այդ տղաները, կարծեք, պատանդ են պահվում ու իրենք այդ փաստն օգտագործում են ըստ նպատակահարմարության:
ԱԳՐԵՍԻՎ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
Դեռ ապրիլ ամսին մեր Արտաքին գործերի նախարարությունը հերքում էր, որ չկա ականապատ տարածքների քրատեզների հանձնման մասին օրակարգ: Մենք դրանից հետո տեսանք, որ Ադրբեջանի դեսպանը դիմեց Բայդենին, հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ արեց հայաստանին քարտեզները տրամադրել: Փաստորեն, եթե ապրիլից կար նման օրակարգ, ինչո՞ւ էին մեզ ստում: Եվ եթե այդ ժամանակվանից նման հնարավորություն կար, ապա ինչո՞ւ այն ժամանակ չվերադարձվեցին գերիներին: Կապիտուլյանտի համար 1-2 ամիսը նորմալ ժամանակահատված է գերի մնալու հարցում, բայց մենք չենք պատկերացնում, թե այդ տղաներն ամեն օր ինչերի միջով են անցնում:
Ապրիլի 6-ին հայրենի խորհրդարանում հայտնվեց մի պատգամավոր՝ Վահագն Ալեքսանյան անվամբ, որը համարում է, թե Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ուսապարկն էլ 2018 լիներ քվերաթերթիկում, կդառնար պատգամավոր: Ալքեսանյանն այս հայտարարություն արել էր դեռեւս հունվարի 9-ին, երբ հայտնի դարձավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է լքել Սոֆյա Հովսեփյանը:
ՔՊ կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանի այս սկանդալային հայտարարությունից հետո հանրությունը նրան սկսեց ճանաչել որպես իշխանության «ուսապարկ», քանի որ ինքը նույն տրամաբանությամբ էր հայտնվել ՔՊ ցուցակում, այնուհետեւ եկել խորհրդարան:
28-ամյա Վահագն Ալեքսանյանը Իջեւանում 2019թ. ավարտել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետը: Արաբագետ է: Վահագն Ալեքսանյանը խորհրդարանի այն պատգամավորների թվին է դասվում, որ եթե անհրաժեշտ է լինում «հարձակվել» ընդդիմության վրա, ինչ-որ քննադատող հայտարարությամբ հանդես գալ, ապա նրան տալիս են այդ բովանդակությամբ տեքստ, ու վերջինս սկսում է ԱԺ ամբիոնից խոսել: Նշենք, որ այժմ էլ Վահագն Ալեքսանյանը ՔՊ նախընտրական ցուցակում է, զբաղեցնում է 77-րդ համարը, ու պարզվում է հայրենի իշխանություններին Ալքեսանյանը դեռեւս պետք է ընդդիմության վրա «հարձակումներ» գործելու համար:
Ի դեպ, մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ ուսապարկ-պատգամավորը, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պասիվ երիտասարդներից է եղել, բավական տհաճ պատմության կիզակետում է հայտնվել: Տարիներ առաջ, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մարզերի բնակիչների համար բարեգործական ակցիա է իրականացնում եւ մեծ քանակությամբ ալյուր ու այլ սննունդ է ուղարկում մարզեր, Վահագն Ալեքսանյանը եւ իր մի քանի ընկերներ իրենց համակարգողի հետ գողացել են գյուղացիներին հասանելի մեկ բեռնատար ալյուր:
Մենք պարզեցինք նաեւ, որ Վահագն Ալեքսանյանն անշարժ գույք չունի, ունի 2011 թվականի արտադրության «Կիա Սորենտո» ավտոմեքենա, 6 միլիոն դրամ գումար եւ 1100 դոլար:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ՉԻ ԳՈՀԱՑՆՈՒՄ
Ակնհայտ է, որ որքան էլ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը նախընտրական քարոզարշավ է իրականացնում եւ այդկերպ փորձում նաեւ ծառայություն մատուցել ներկա իշխանություններին, սակայն, որպես քաղաքական գործիչ, հանրության լայն զանգվածների կողմից այնքան էլ չի ընկալվում: Եվ հենց դա է պատճառը, որ նրա մարզային այցելությունները բազմամարդ չեն լինում, եւ շատերը հետաքրքրություն չեն ցուցաբերում նրա, նրա ծրագրերի նկատմամբ։ Իսկ դրա պատճառներն ավելի խորն են, եւ հանրությունը դեռ չի մոռացել, որ Արամ Սարգսյանը եղել է վարչապետ, սակայն չի կարողացել ծրագրեր իրականացրել, հատկապես հոկտեմբերի 27-ի արյունալի դեպքերից հետո չի կարողացել նպաստել դեպքերի բացահայտմանը։
Եվ որքան էլ այս քարոզարշավի ժամանակ ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը փորձում է բարձրացնել Արամ Սարգսյանի վարկանիշը, իր պաստառների կողքին փակցնում է Արամ Սարգսյանի պաստառները եւ քաղաքացիներին թաքուն նաեւ հորդորում նրան ընտրել, սակայն դա էլ չի օգնում Արամ Սարգսյանին վարկանիշ բարձրացնել։ Եթե ամփոփենք «Հանրապետություն» կուսակցության քարոզարշավը ու հնարավորությունները, ապա ակնհայտ է՝ չնայած իշխանությունների գործադրած բոլոր ջանքերին՝ Արամ Սարգսյանն այդպես էլ չի ընկալվում, ու մարզպետներին հրահանգները դժվար թե օգնեն գործին:
ԵՐԿՈՒ ՍԵԶՈՆՈՎ
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նախագծերի փաթեթ է շրջանառության մեջ դրել, որով առաջարկում է բացօթյա հանրային սննդի ծառայությունը կազմակերպել երկու սեզոնով՝ ամառային եւ ձմեռային։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ Երեւանի տարածքում կթույլատրվի ամառային՝ մայիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը ներառյալ, եւ ձմեռային՝ նոյեմբերի 1-ից մինչեւ ապրիլի 30-ը, հանրային սննդի ծառայություն կազմակերպման համար: Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից տարածքներում ամառային եւ ձմեռային սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար սահմանվել է 10 հազար դրամ տուրք՝ մեկ քառակուսի մետրի համար: