ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Ժնեւում երկարատեւ բանակցություններ են ունեցել եւ քննարկել մի շարք հարցեր, այդ թվում՝ Արցախյան հակամարտության հարցը: ԱՄՆ վարչակազմը, մանրամասներ հայտնելով բանակցություններից, անդրադարձել է նաեւ ուկրաինական ճգնաժամի կարգավորումը մեռյալ կետից շարժելու հարցին:
«Նրանք (նախագահները) խոսել են ոլորտների մասին, որոնցում ունենք իրական, հստակ տարաձայնություններ՝ սկսած Ուկրաինայից, որտեղ նախագահ Բայդենը հաստատել է մեր հանձնառությունն այդ երկրի անկախությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաեւ քննարկել են՝ կա՞ն նախադրյալներ Մինսկի գործընթացը տեղից շարժելու համար»,- օդանավում լրագրողներին ասել է Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը։
Երեկ բանակցություններիվ հետո երկու երկրների ղեկավարներն առանձին-առանձին մամուլի ասուլիսով են հանդես եկել եւ խոսել, թե ինչի է շուրջ են պայմանավորվել:
Բանակցությունների արդյունքների մասին խոսելիս նաեւ ԱՄՆ նախագահը շեշտել է, թե դրանց հաջողված կամ չհաջողված լինելու մասին հնարավոր կլինի խոսել վեց ամիս հետո, սակայն երկուսն էլ ընդգծել են, որ բանակցություններն անցել են հանգիստ ու կառուցողական մթնոլորտում: Բայդենը կարեւորել է Պուտինի հետ անձամբ շփվելու հանգամանքը:
Պուտինն էլ է Բայդենի հետ հանդիպումը դրական է գնահատել՝ ընդգծելով, թե դրա ընթացքում «ոչ մի թշնամանք չի եղել»։ «Ես հերթական անգամ համոզվեցի, որ Բայդենը փորձառու մարդ է», – նշել է Պուտինը:
Բացի այդ, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը պայմանավորվել են համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի թույլ չտան Իրանին միջուկային զենք ձեռք բերել: Բայդենը շեշտել է նաեւ, որ կարեւոր է թույլ չտալ Աֆղանստանում ահաբեկչության վերածնունդը, եւ որ այս հարցում նույնպես Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի շահերը համընկնում են։
Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ջո Բայդենի հետ քննարկվել է ռազմավարական կայունությունը, առեւտրային հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգությունն ու կիբերանվտանգությունը:
«Մոտավորապես, հավանաբար, բոլորին հայտնի են թեմաները՝ ռազմավարական կայունություն, կիբերանվտանգություն, տարածաշրջանային հակամարտություններ, առեւտրային հարաբերություններ: Այո, խոսել ենք Արկտիկայում համագործակցության մասին»,- ասել է Պուտինը:
Կրեմլի մամուլի ծառայությունը նաեւ հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մենք՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, նշում ենք, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ցույց են տվել, որ նույնիսկ լարվածության ժամանակ նրանք կարող են առաջընթացի հասնել ռազմավարական ոլորտում կանխատեսելիության ապահովման, զինված հակամարտությունների ռիսկերի նվազեցման եւ միջուկային պատերազմի սպառնալիքի նվազեցման համատեղ նպատակների իրականացման գործում:
Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի վերջին երկարաձգումը վկայում է միջուկային սպառազինությունների վերահսկման մեր հանձնառության մասին։ Այսօր մենք վերահաստատում ենք հավատարմությունը այն սկզբունքին, ըստ որի՝ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, եւ այն երբեք չպետք է սանձազերծվի։
Այդ նպատակներին հասնելու համար Ռուսաստանն ու ԱՄՆ-ն մոտ ժամանակներս համատեղ երկկողմ երկխոսություն կսկսեն ռազմավարական կայունության շուրջ, որը կլինի առարկայական եւ եռանդուն: Նման երկխոսության միջոցով մենք ձգտում ենք հիմք դնել սպառազինությունների նկատմամբ ապագա վերահսկողության եւ ռիսկերի նվազեցման միջոցառումների»:
Ն.Հ.
ՍԱՐՍԱՓՈՎ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Հայաստան ապրանք ներկրող գործարարների զգալի մասը շտապում է իր կողմից ներմուծվող ապրանքների մաքսազերծումն ու պահանջվող այլ գործարքներն արագ ավարտել՝ մտավախություն ունենալով, որ Հայաստանում կարող են քաղաքական փոփոխություններ լինել, ու մաքսազերծման գործընթացը վերադառնա իր հին մեթոդներին: Մեզ հետ զրույցում Արարատյան մաքսատան հաճախորդներից մեկը, ով զբաղվում էր էլեկտրատեխնիկայի ներմուծումով, նշեց, որ չնայած այս իշխանությունների բազմաթիվ ձախողումների ու Արցախի հարցում մեր պարտությանը՝ այնուամենայնիվ երեք տարի է, ինչ պակասել կամ դադարել են «լեւի» գումարները, զարտուղի ճանապարհով մաքսազերծումները ու, այսպես կոչված, իբր թե Արցախի համար պահվող գումարների գանձումը: Գործարարը նշեց նաեւ, որ իրականում անհատը նույն չափի գումար է դուրս տալիս, բայց գիտենք, որ այն հաստատ գնում է պետական բյուջե: «Մենք ո՛չ նիկոլական ենք, ո՛չ քոչարյանական, բայց ճիշտը ասելը շանտղություն չէ, հիմա մարդիկ նորմալ, արագ ու առանց խնդիրներ սարքելու իրենց գործն են անում, իսկ եթե բան փոխվեց, ու էլի անցան հին մեթոդների, երկրից գնալը կփրկի մեզ»,- նշեց մեր զրուցակիցը, ով չցանկացավ հրապարակել իր անունը:
Շատ հետաքրքիր իրավիճակ է՝ չբացառելով, որ իշխանության ձգտող ընդդիմությունն իսկապես ունի դրական նպատակներ, իսկապես չի ցանկանում վերադառնալ նախկին համակարգին, սակայն մարդկանց մեջ վախ կա, ինչպես ասում են, աչքը տեսածից է վախենում, ու թերեւս նախկինում գործած արատավոր բարքերի շնորհիվ է, որ Նիկոլ Փաշինյանն այսքանից հետո մնում է իշխանության, մի բան էլ հիմա իր թիմում պնդում են, որ հավաքելու են 60 % ձայն:
ԿՔՆՆԱՐԿԻ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանից վերադառնալուց հետո, մեկնաբանելով Հարավային Կովկասում իրավիճակը, ասել է, որ տարածաշրջանում վստահության բարձրացման համար Հայաստանը պետք է Ադրբեջանին փոխանցի ականապատ տարածքների քարտեզները. գրում է «Անադոլու» գործակալությունը: Ըստ Էրդողանի` «դժվար թե Մոսկվան մտադրություն ունենա հետաձգելու Զանգեզուրի միջանցքի ստեղծումը: Ընդհակառակը, կա աջակցելու տրամադրվածություն»: «Մոսկվան նույնպես սատարում է այս գաղափարին, որը նշանակալի ներդրում կունենա տարածաշրջանի զարգացման գործում: Այս միջանցքը կծառայի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի շահերին: Շուտով մենք երկկողմ հանդիպում կունենանք Պուտինի հետ», – ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը շեշտել է, որ Անկարան պատրաստ է քայլեր ձեռնարկել Կովկասի տարածաշրջանում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:
ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ Վրաստան մուտք գործող մինչեւ 10 տարեկան երեխաների համար հանվել է PCR թեստ ներկայացնելու պահանջը։ Մինչեւ 10 տարեկան երեխաների համար չի գործի նաեւ ժամանումից 72 ժամ հետո եւս մեկ PCR թեստ հանձնելու պայմանը։
ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ։ Նրանք քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղիները։ Վ. Հարությունյանը նշել է, որ հայկական կողմը հարգանքով է վերաբերվում գործընկեր պետությունների եւ կառույցների՝ խնդիրը խաղաղ կարգավորելու կոչերին՝ հավելելով, որ հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է. Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները պետք է առանց որեւէ նախապայմանի լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները։ Նախարարները քննարկել են նաեւ ՀՀ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի՝ հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում ՀՀ ԶՈՒ հետ համատեղ ռուս սահմանապահների տեղակայման հարցը։
ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԱՆՑՈՒՄԸ
ԱԺ արտահերթ ընտրություններին մնացել է 2 օր, եւ այս ընթացքում շատ է շրջանառվում այն տեսակետը, թե որ դեպքում տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ։ Ի՞նչ է ասում օրենքը? ընտրությունների երկրորդ փուլ կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե որեւէ ուժ խորհրդարանում չունենա մանդատների 50 տոկոսից ավելին, ինչը ենթադրում է 105 մանդատից առնվազն 53-ը։ Այդ դեպքում 6 օրվա ընթացքում առավելագույնը 3 ուժեր կարող են կազմել կոալիցիա, բայց եթե այդ դեպքում էլ չապահովեն մանդատների 50 տոկոսից ավելին, ապա Հայաստանում տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ։ Միեւնույն ժամանակ այն կուսակցություններն ու դաշինքները, որոնք առաջին փուլի ժամանակ կհաղթահարեն համապատասխանաբար ընտրողների 5 եւ 7 տոկոսի շեմերը, անկախ երկրորդ փուլի արդյունքներից՝ կստանան իրենց մանդատները։ Իսկ երկրորդ փուլին կմասնակցեն առավելագույն ձայներ հավաքած 2 քաղաքական ուժերը։ Երկրորդ փուլում հաղթած ուժը կստանա այնքան լրացուցիչ մանդատ, որպեսզի ունենա ԱԺ տեղերի 54 տոկոսը:
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ
Կառավարությունը հավանություն է տվել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին սահմանադրական օրենքի, Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի եւ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերին: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Վճռաբեկ դատարանում վարչական գործերի քննության իրականացումը մասնագիտացված վարչական պալատի միջոցով, ինչպես նաեւ հնարավորություն ընձեռել Բարձրագույն դատական խորհրդին առավել ճկուն մեխանիզմներով ապահովել դատավորների թեկնածուների եւ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրումը: