Արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է քաղաքական հավաքներին երեխաների մասնակցության հետ կապված խնդրահարույց, ինչպես նաեւ նրանց լավագույն շահերը խախտող իրավիճակներ.
- Խիստ մտահոգիչ են երեխաների մասնակցությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում այն հավաքներին, որտեղ հնչում են ատելություն ու վիրավորանք, բռնության հետ ասոցացվող խոսքեր: Առկա են նաեւ երեխաների ներկայությամբ հայհոյանքի խոսքեր հրապարակային հնչեցնելու դեպքեր:
Օրինակ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ երեխաների մասնակցությամբ ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ համայնքում քարոզարշավի ընթացքում հնչեցրել է այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «…հունիսի 20-ից հետո մենք անպայման գալու ենք նրանց հետեւից, եւ այդ բոլոր քրեական թափթփուկները պառկելու են ասֆալտների վրա» կամ «եթե որոշ գեղացի թափթփուկ պաշտոնյաներ հասկանում են միայն ուժի լեզուն, ուրեմն Հայաստանի Հանրապետությունը նրանց հետ կխոսի ուժի լեզվով: Եվ ես ձեզ խոստանում եմ՝ բոլոր այդ թափթփուկները պառկելու են Ագարակի ասֆալտներին»:
Այս համատեքստում հատկապես անընդունելի է երեխաների մասնակցությամբ նախընտրական քարոզարշավին նման կոչեր անելը՝ դրանով երեխաների համար եւս ստեղծելով ատելության մթնոլորտ: Երեխաներն այս հարցերի նկատմամբ առավել խոցելի են նաեւ այն պատճառով, որ նրանց մոտ այդ խոսքերը կարող են արագ փոխակերպում ստանալ:
Երեխաների ծնողները, խնամակալները եւ պատասխանատու այլ անձինք հենց իրենք պետք է երեխաներին քաղաքական բնույթ ունեցող նման հավաքներին ներգրավելու նպատակահարմարությունը դիտարկեն նաեւ այս փաստերի հաշվառմամբ:
- Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումն արձանագրել է հրապարակումներ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մասնակցությամբ տարբեր մարզերում անցկացվող նախընտրական հավաքներին վարչական լծակների գործադրմամբ, դպրոցների տնօրենների հորդորով կազմակերպված խմբերով ուսուցիչների եւ աշակերտների ներգրավվածության վերաբերյալ:
Քաղաքական բնույթ ունեցող հավաքներին կազմակերպված խմբերով դպրոցների տնօրենների, ուսուցիչների եւ երեխաների ներգրավվածության, այդ թվում՝ դասերի ժամերին ներգրավվածության դեպքերի մասին են վկայում հրապարակային տարբեր աղբյուրներով տարածվող տեսանյութերում դպրոցի տնօրենների եւ ուսուցիչների որոշ մեջբերումներ:
Վարչապետի պաշտոնակատարի կողմից ՀՀ Արարատի մարզի Արեւշատ գյուղում անցկացվող նախընտրական հավաքին եւս մասնակցել են դպրոցի տնօրեն, ուսուցիչներ եւ աշակերտների խմբեր, որի կապակցությամբ դպրոցի տնօրենը նշել է. «Երեխաներն ուզեցին, մենք որոշեցինք թող մասնակցեն, ոչինչ, անմիջապես հետո կգնանք դասի»: Ուսուցիչներից մեկն էլ նշել է, որ «երեխաներ չեն, հիմնականում ուսուցիչներ են: Դասարանները կիսված են, մի մասն այսօր տանն են, դասի չեն, իրանք են ավելի շատ: Ովքեր որ դասի են, կգնան դասի»: Այսպիսով, ուսուցիչը հաստատել է, որ աշակերտների մի մասը քարոզարշավին մասնակցում են դասերի ժամերին: Այս իրավիճակը հատկապես խնդրահարույց է աշակերտների կրթության իրավունքի ապահովման տեսանկյունից:
Պետք է գիտակցել, որ խաղաղ հավաքներին երեխաների մասնակցության իրավունքի իրացում չէ, երբ երեխաները դասերի ժամերին ներգրավվում են քաղաքական բնույթ ունեցող հավաքների։
- Արձանագրվել է նաեւ «Փաստերի ստուգման հարթակի» հրապարակումն այն մասին, որ տեղեկություններ են ունեցել հունիսի 8-ին Գորիսում «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքին մարդկանց մասնակցությունն ապահովելու նպատակով համայնքի մանկապարտեզների մի քանի տնօրենների հրահանգ տալու վերաբերյալ։ Հրապարակված հեռախոսազրույցի ժամանակ Գորիսի մանկապարտեզներից մեկի տնօրենը հայտնում է, որ մասնակցության վերաբերյալ հրահանգ եղել է:
- Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումն արձանագրել է երեխաների կողմից քարոզչական բնույթ ունեցող գրություններով հագուստով, պաստառներով շրջելու, պաստառներ փակցնելու կամ պատռելու, տարբեր կուսակցությունների թռուցիկներ բաժանելու, քարոզարշավի ընթացքում երեխաներին ծափ տալ, ինչպես նաեւ քաղաքական բնույթի որոշակի վանկարկումներ անել հորդորելու դեպքեր:
Օրինակ՝ Արարատում, Բյուրեղավանում, Մասիսում, Որոտանում իշխող կուսակցության քարոզարշավի ընթացքում Վարչապետի պաշտոնակատարի, ինչպես նաեւ այլ անձանց հորդորով երեխաների խմբի կողմից արվել են իշխող կուսակցությանն աջակցող քարոզչական վանկարկումներ: Արձանագրվել է նաեւ երեխաներին թռուցիկների բաժանման գործընթացում ներգրավելու դեպք:
- Արձանագրվել է երեխաների կողմից «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզչական գրությամբ գլխարկն այրելու, դա տեսանկարահանելու եւ համացանցում տարածելու դեպքը, որն խիստ մտահոգիչ է եւ ավելի է խորացնում նախընտրական քարոզչության ընթացքում առանց այդ էլ տարածում գտած ատելության մթնոլորտը, այդ թվում՝ երեխաների շրջանում, որը չի բխում երեխաների լավագույն շահերից:
- Քաղաքական գովազդային արշավների հետ կապված՝ արձանագրվել է, երբ երեխաները լուսանկարվել են կուսակցության քարոզչական թռուցիկներով, պաստառներով, եւ լուսանկարները տարածվել են կուսակցության ֆեյսբուքյան էջերով: Օրինակ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Ապարանի տարածքային կառույցի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է երեխայի լուսանկար՝ տվյալ կուսակցության թռուցիկը ձեռքին:
Պաշտպանն արձանագրում է, որ խաղաղ հավաքներին, այդ թվում՝ քաղաքական, երեխաների մասնակցության արգելք գոյություն չունի։ Այնուամենայնիվ, հավաքներին երեխաների մասնակցության հարցը դիտարկելիս անհրաժեշտ է առաջնորդվել երեխաների լավագույն շահերին առաջնահերթ ուշադրություն դարձնելու հրամայականով՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակները: Պետք է միշտ նկատի ունենալ երեխայի լավագույն շահերը՝ որպես բացարձակ արժեք, եւ այն, որ դրանցով չառաջնորդվելը երեխայի իրավունքների խախտում է:
ԾԵԾԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Երեկ Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել ռազմական ոստիկանության մայորի ծեծի եւ քաղաքապետարանի կողմից կառույցի հիմնադրամներից մեկի կնոջ առաջ կոնկրետ պահանջներ դնելու մասին:
Armlur.am-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ ռազմական ոստիկանության մայորը, որը դաժան ծեծի է ենթարկվել, ԱԱԾ պահեստազորի սպաների միության անդամ Կարեն Հակոբյանի որդին է եղել: Կարեն Հակոբյանը ԱԱԾ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության նախկին պետն է, կոչումով գնդապետ է:
Իսկ, ահա, քաղաքապետարանի ենթակայության տակ գործող պետական հիմնարկի աշխատակիցը, որին քաղաքապետարանից զանգահարել եւ պահանջներ են դրել նրա առջեւ, ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի կինն է եղել:
ԱԱԾ պահեստազորի սպաների միության տարածած հայտարարությունում ասվում էր. «Մայիսի 30-ին հարձակում է եղել իր տան բակում մեքենան կայանող ռազմական ոստիկանության մայորի վրա։ Դաժան ծեծի արդյունքում ստանալով ծանր մարմնական վնասվածքներ՝ սպան շտապօգնության մեքենայով ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Այս ամենը հաստատող տեսագրությունը կա, մեքենայի պետհամարանիշը ֆիքսված է, հարուցվել է քրեական գործ, սակայն մեր «փառապանծ» իրավապահներն առ այսօր չեն կարողանում բացահայտել հանցագործին։ Ավելին՝ տուժողի հետ որեւէ քննչական գործողություն չի իրականացվել։ Վերը նշված ավագ սպան մեր կառույցի խորհրդի անդամներից մեկի որդին է։ Ինչ, ինչ, գոնե հանուն համազգեստի պատվի պիտի բացահայտվեր այս գործը։ Հունիսի 16-ին Երեւանի քաղաքապետարանից կապ են հաստատել մեր կառույցի հիմանդիրներից մեկի տիկնոջ հետ, որը քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հիմնարկի աշխատակից է, եւ պահանջել անձնական էջում լայքերով կամ որեւէ այլ կերպ չարձագանքել ԱԱԾ պահեստազորի սպաների միության հրապարակումներին։
Հետեւել է տիկնոջ շատ կտրուկ, արժանավայել հակադարձումը՝ չներխուժել անձնական տիրույթ, չխոչընդոտել ի նպաստ հայրենիքի սեփական քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելուն։ Պաշտոնյայի արձագանքից ենթադրվում է հետեւելիք քայլեր։ Սա է իրականությունը, այսպիսին է նիկոլական Հայաստանը։ Մենք հասկանում ենք այս գործողությունների իմաստը, եւ դուք գիտեք, որ կարող ենք կտրուկ հակազդել։ Զգաստացե՛ք»։
ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ
Նախօրեին Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար են բախվել երկու ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով մեքենաներից մեկում գտնված 14-ամյա պատանին տեղափոխվել է Արարատի ԲԿ, որտեղից էլ տեղափոխվել է Երեւան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Այս մասին ասել է «Սուրբ Աստվածամայր» բկ խոսնակ Գեւորգ Դերձյանը: Երեխան ունի զուգակցված վնասվածքներ, դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածներ, որովայնի սալջարդ: Վիրահատվել է, կատարվել է անհրաժեշտ բժշկական բոլոր միջամտությունները: Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Երեխան գտնվում է բժիշկների հսկողության տակ, նախօրեին նրան տեսակցել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գեւորգ Սիմոնյանը: Հիշեցնենք, որ լուրեր են շրջանառվում՝ երեկ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի Toyota Land crauser մակնիշի մեքենան մեծ արագությամբ ընթանալիս Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ հարվածել է դիմացից ընթացող Նիվա մակնիշի ավտոմեքենային։ Հարվածի հետեւանքով մեքենայում գտնված 14-ամյա անչափահաս երեխան լուրջ վնասվածքներ է ստացել։