«Մինչ իշխանությունը, մրցակիցներին մուրճով վախեցնելով, քարոզարշավ է իրականացնում, երեկ ադրբեջանական 9 զինծառայող գողացել է Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը եւ նոր ծնված հորթը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ծնունդով Վարդենիսից Թագուհի Թովմասյանը, ապա ներկայացրել տեղի ունեցած դեպքից որոշ մանրամասներ:
Վերին շորժայում բնակիչը արթնացել է ադրբեջանական կրակոցից եւ պարզել, որ ադրբեջանական զինծառայողները կրակում են իր խոշոր եղջերավոր կենդանիների ուղղությամբ, որոնք այդ պահին գտնվել են բաց տարածքում` իր բնակության վայրի անմիջական հարեւանությամբ:
Արագ գնացել է դեպի կենդանիները եւ պարզել է, որ 1 կովը եւ նոր ծնված հորթը չկան: Քիչ անց նկատել է, որ ադրբեջանական թվով 9 զինված ծառայող կովին եւ հորթին քշում է դեպի իրենց դիրքեր։ Մյուս հովիվների հետ միասին փորձել են հետ բերել կենդանիներին, որոնք այդ պահին սկսել են վազել դեպի հովիվների կողմը:
Սակայն ադրբեջանական զինծառայողները սկսել են կրակել կենդանիների ուղղությամբ եւ վնասելով կովի ոտքը` թույլ չեն տվել, որ հասնեն հովիվներին: Կրակոցներ են արձակվել նաեւ հովիվների ուղղությամբ: Այնուհետեւ հովիվները դիտարկել են, թե ինչպես են արդեն գողությունից 4 ժամ անց` ժամը 09:30-ի սահմաններում, ադրբեջանական զինծառայողներն իրենց դիրքերում մորթում կովին:
Պատգամավորն ահազանգում է՝ ադրբեջանական զինծառայողները կատարում են բացահայտ հանցավոր արարքներ` ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի եւ այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու եւ ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելու դիտավորությամբ:
Ի դեպ, այստեղ տեղին է արձանագրել, որ նրանք այդպես էլ չեն վերադարձրել ՀՀ քաղաքացիներից վերջերս գողացած կենդանիները (Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա, Սյունիքի մարզի Արավուս, Խնածախ գյուղեր եւ այլն):
ArmLur.am-ը Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի համայնքների ղեկավարներից հետաքրքրվեց, թե իրենց ենթակայության տակ գտնվող գյուղերից քանի գլուխ անասուն է անցել կամ գողացվել ադրբեջանցիների կողմից: Օրինակ՝ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսե Շադունցի խոսքով՝ վերջին ամիսներին նման դեպքեր շատ են արձանագրվում:
«3 գլուխ խոշոր եղջերավոր անասուն Արավուս գյուղից են անցել, 6 գլուխ ձի՝ Կոռնիձորից, իսկ Խնածախ գյուղից էլ տաս օրը մեկ մեկ-երկու գլուխ անասուն անցնում է, հետ ենք բերում, բայց կարծեմ մեկ թե երկու գլուխ մնացել է իրենց մոտ: 42 գլուխ խոշոր եղջերավոր անասուն սահմանն անցել են, տարել են, դրանից 39-ը հետ ենք բերել, 3-ը մնացել է այնտեղ: Առայժմ փոխհատուցման մասին խոսք չկա, թե հետագայում ինչ կլինի, չեմ կարող ասել»:
Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը ArmLur.am-ի հետ զրույցում եւս արձանագրեց, որ իրենց մոտ նման դեպքեր շատ են լինում, բայց մեր զրույցի պահին հիշեց ընդամենը երկու դեպք՝ մեկ խոշոր եղջերավոր անասուն Տիցմայրի կողմից, մյուսը՝ Դավիթ-Բեկ-ից:
Իսկ, ահա, Կութի գյուղում դեռ չեն կարողանում հետ բերել 5 ընտանիքի եկամտի միակ աղբյուրը: Խոսքը հունիսի 5-ին ադրբեջանցիների կողմից առեւանգված 81 կովերի մասին է:
Կութի օպերատոր Ատոմ Ղարիբյանի խոսքով՝ 81 գլուխ անասունների մեջ միայն 7-8 գլուխը կաթնատու չեն: «Մեր շուկայական գներով մոտավոր մեկ կովն արժե 400 հազար դրամ: Հիմա ամենաշատ կաթ տալու ժամանակն է: Մեկ կովն օրական 15 լիտր կաթ է տալիս, եթե կոպիտ հաշվենք, ապա մեկ կովն օրական 3000 դրամ փող է տալիս մի ընտանիքին»:
Պարզվում է՝ անասուններին հետ բերելու ուղղությամբ ոչինչ չի արվում: Համենայնդեպս, կառավարությունից այս խնդրի շուրջ ծպտուն չեն հանում. միայն երկրի թիվ մեկ դեմքը շարունակում է մուրճը ձեռքին պտտվել ՀՀ մարզերով:
Իսկ մինչ այդ, ArmLur.am-ի պարզ հաշվարկով, օրինակ՝ կութեցիները կորցրել են 32 մլն 400 հազար դրամի խոշոր եղջերավոր կենդանի: Իսկ եթե հաշվարկենք այն, որ յուրաքանչյուր ընտանիք մեկ օրում մեկ կովից ստանում էր 3000 դրամի եկամուտ, կորուստները զգալի չափերի են հասնում. այն գերազանցում է 3 մլն դրամը: Իսկ մեկ գլուխ ձիու արժեքը մոտ 250 հազար դրամ է. Կոռնիձորում առեւանգված ձիերի ընդհանուր արժեքը մոտ 1.5 մլն դրամ է:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՄԱՐԶՊԵՏԻ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ
Տավուշի նախկին մարզպետ, այժմ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը համացանցում գրել է «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինի հետ իր հանդիպման մասին, նշել, որ տիեզերական հետազոտությունների բնագավառում Հայաստանը մեծ հավակնություններ եւ ներուժ ունեցող երկիր է, ուստի մեր երկրի համար անչափ կարեւոր է տիեզերական ծառայությունների եւ տեխնոլոգիաների զարգացումը եւ այդ շրջանակներում համագործակցությունն ու փորձի փոխանակումը: Հայկ Չոբանյանը հայտնել է, որ «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինի հետ հանդիպման ժամանակ ինքը քննարկել է Հայաստանում տիեզերական ոլորտի զարգացման շրջանակներում հնարավոր համագործակցությանը վերաբերվող հարցեր։ Հ. Չոբանյանի գրառումը տավուշցիների շրջանում մեծ քննադատություններ է առաջաջրել: Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Վազգեն Մարգարյանը գրել է, որ Հայկ Չոբանյանը Տավուշը տիեզերք դարձրեց, հիմա էլ Հայաստանն է տիեզերական երկիր դարձնելու։ Հայկ Չոբանյանը Տավուշի մարզպետ աշխատելու ժամանակ աչքի է ընկել իր անիրատեսական, տիեզերական խոստումներով։ 2019թ. մայիսի 17-ին Իջեւանի տարածաշրջանի Ենոքավան գյուղում որպես մարզպետ իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ տված մամուլի ասուլիսում Հայկ Չոբանյանը խոստացավ, որ որ առաջիկա 5 տարվա ընթացքում արտերկրից 5 հայ ընտանիք կվերաբնակեցնի Տավուշի մարզում, նա հայտարարեց այդ կապակցությամբ «Վերադարձ» ծրագրի մասին։ Նույն այդ ասուլիսի ժամանակ Հ. Չոբանյանը հայտարարեց, որ առաջիկա երկու տարում, այսինքն՝ 2019-2021 թվականներին Տավուշում չօգտագործվող գյուղատնտեսական հողեր չեն լինի։ Արտերկրից հայ ընտանիքներ չվերաբնակվեցին Տավուշի մարզում, մարզում գյուղատնտեսական չօգտագործվող հողերն էլ հազարավոր հեկտարներ են կազմում։
ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՔՎԵՆԵՐ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Տավուշի մարզի համայնքներից հայտնում են, որ Ռուսաստանում բնակվող ՀՀ կամ երկքաղաքացիություն ունեցող անձինք ժամանում են Հայաստան՝ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ղեկավարած ՔՊ-ի օգտին քվեարկելու համար։ Սովորաբար ռուսաստանաբնակ տավուշցիները հայրենի մարզ են ժամանում հուլիսի վերջին կամ օգոստոսի առաջին կիրակին տոնվող Վարդավառին մասնակցելու համար, անցյալ տարի նրանք կորոնավիրուսի պատճառով Հայաստան չեկան։ Հայտնի չէ, թե ով է ֆինանսավորում նրանց նախընտրական այցերը։ Ըստ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության՝ ՀՀ ընտրողների թիվը 2 միլիոն 583 հազար է, երբ փաստացի ՀՀ բնակչությունը այդքան չկա։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԻ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄԸ
Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, խորհրդարանականների եւ ԱԳ նախարար Սիգրիդ Կաախի միջեւ մանրամասն քննարկում է ծավալվել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի եւ հետագա զարգացումների շուրջ։
Քննարկման ընթացքում Նիդերլանդների տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող պատգամավորները ԱԳ նախարարին ուղղել են տասնյակ հարցեր ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքների, ԵՄ-Ադրբեջան համագործակցությունը դադարեցնելու, Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու, ագրեսիայի հետեւանքները վերացնելու, Թուրքիայի սադրիչ դերակատարման եւ համանման այլ թեմաների վերաբերյալ։
Նիստից առաջ Նիդերլանդների ԱԳ նախարար Սիգրիդ Կաախը 4 էջանոց նամակ էր ուղղել խորհրդարանին, որում անդրադարձ է կատարել Ղարաբաղյան հիմնախնդրի պատմությանը, կարգավորման գործընթացին, Արցախի դեմ սանձազերծված ագրեսիային, ինչպես նաեւ հետպատերազմական զարգացումներին եւ հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությանը։
Մասնավորապես, խորհրդարանին ուղղված նամակում Սիգրիդ Կաախը վերահաստատել է Նիդերլանդների դիրքորոշումը միջազգային միասնական գործողությամբ նպաստելու հակամարտության վերջնական կարգավորմանը՝ հավելելով, որ Նիդերլանդները մտադիր է այսուհետ եւս շարունակել ԵՄ եւ ԵԱՀԿ շրջանակներում տարվող աշխատանքները։ Բացի այդ, Սիգրիդ Կաախը վերահաստատել է նիդերլանդական կողմի այն դիրքորոշումը, համաձայն որի՝ «բոլոր ռազմագերիները պետք է անհապաղ հայրենադարձվեն»՝ մասնավորեցնելով, որ Նիդերլանդները շարունակելու է սույն հարցի բարձրաձայնումը։
ԱԳ նախարարի պաշտոնակատարը նամակում նաեւ անդրադարձ է կատարել այսպես կոչված «Ռազմական ավարի պուրակի» բացմանը՝ նշելով, որ նման քայլերը «թշնամանք են հրահրում»: Սիգրիդ Կաախը վերահաստատել է մշակութային ժառանգության պահպանման կարեւորությունը եւ շեշտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության գործուղումը տարածաշրջան, ռազմական հանցագործությունների համար պատասխանատվություն ենթարկելու անհրաժեշտությունը, անդրադարձ կատարել հակամարտության արդյունքում տուժածներին հումանիտար օգնության հատկացման հարցին եւ սահմանազատման ու վստահության վերականգնման հարցերում ԵՄ հնարավոր աջակցությանը։