Դերասանուհի Անի Լուպեն տեւական ժամանակ է` լուռ է: ArmLur.am-ը զրուցել է դերասանուհու հետ՝ պարզելու համար, թե ինչով է պայմանավորված նրա լռությունը, եւ ինչու չի երեւում հեռուստաէկրաններին:
«Հեռուստանախագծերում նկարահանվելու առաջարկներ դեռեւս չունեմ, այս պահին ավելի շատ զբաղված եմ թատրոնով, բայց կարող եմ հստակ ասել, որ առաջիկա նորություններս թատրոնի հետ կապված չեն լինելու, իհարկե փակագծերը բացել չեմ ուզում, դրանց մասին կհայտնեմ ամառային արձակուրդներից հետո՝ սեպտեմբեր ամսին: Հիմա մտածում եմ միայն հանգստիս մասին: Անկեղծ ասած, «Ազիզյաններ» սիթքոմից հետո մի քանի նախագծերի առաջարկներ եղան, որոնք հետաձգվեցին նախ կորոնավիրուսի, ապա պատերազմի պատճառով: Մեզ համար սարսափելի դարձած կորոնավիրուս համավարակը հաղթահարելն ավելի հեշտ եղավ, քան պատերազմը: Հանդիսատեսը թատրոնում ինձ կարող է տեսնել տարբեր ժանրերում: Կերպարներս տարբեր են, հատուկ ուղղվածություն կամ կապրիզներ չունեմ: Խաղում եմ ե՛ւ Լուսինե Երնջակյանի, ե՛ւ Արա Երնջակյանի ներկայացումների մեջ, ինձ գտնում եմ, կարելի է ասել, ամեն կերպարում: Հանդիսատեսի հետ մեր կապը շատ ջերմ է, շատ հարազատ, մտերմիկ, համենայնդեպս մեր թատրոնում է այդպես է, ուրիշ թատրոնների մասին ասել չեմ կարող»,- նշում է դերասանուհին:
Անի Լուպեի կարծիքով՝ իր եւ հանդիսատեսի միջեւ սահմաններ գծված չկան, արտիստ հանդիսատես կապը պետք է շատ ամուր լինի, միմյանց լրացնող. «Ես չեմ հասկանում այն դերասաններին, ովքեր հանդիսատեսի հայացքներից կաշկանդվում են, մտածում են իրենց արտաքինի, նույնիսկ դեմքի կնճիռների մասին, որոնք կարող են նկատելի լինել հանդիսատեսին: Ես զարմանում, նոր մոդա՞ է, որ կնճիռներ պետք է չլինեն: Ես կարծում եմ, որ պետք է լինեն, դրանք շատ գեղեցիկ են, օրինակ՝ ծիծաղի հետեւանքով առաջացած կնճիռները, աչքերի կողքի կնճիռները ուրախության, որոնք ժպիտի թողած հետքերն են, ես նման բաներից չեմ նեղվում, այլ, հակառակը, շատ եմ սիրում»:
Անդրադառնալով այսօր աղջիկների միանման տեսքին՝ դերասանուհին ընդգծում է, որ նորամուծություններին դեմ չէ, բայց դրանք պետք է լինեն գեղեցիկ:
«Ես դեմ չեմ յուրաքանչյուր նորամուծություններին եւ նորմալ եմ համարում, որ շատ կանայք եւ աղջիկներ դիմում են տարբեր վիրահատական միջամտությունների: Ես ինքս նման միջամտությունների երբեւէ չեմ դիմել եւ կարծում եմ, որ կարիք էլ չեմ ունենա, քանի որ ես ինքս ինձ այս տեսքով շատ եմ սիրում եւ ես ինքս ինձ հետ համերաշխ եմ: Դա անհատական որոշում է, մարմինն իրենցն է, եւ իրենք են որոշողը, ես իրենց փոխարեն ցավ չեմ զգում: Ես ինքս վիրահատական միջամտության դիմել եմ միայն քթի համար, քանի որ ունեի խնդիր, որը շտկելիս կատարեցինք նաեւ փոքրի պլաստիկա, իսկ թեթեւ կոսմետիկ միջամտությունների մասին, կարծում եմ, խոսելն անիմաստ է, քանի որ դրանք պարտադիր են խնամված տեսք ունենալու համար»,- հավելում է դերասանուհին:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄՆՋԱԽԱՂԻ ԹԱՏՐՈՆԸ ՆՈՐ ՏՆՕՐԵՆ ՈՒՆԻ
Երեւանի մնջախաղի պետական թատրոնի տնօրեն է նշանակվել դերասան, ռեժիսոր Մանվել Խաչատրյանը:
Այս մասին տեղեկանում ենք թատրոնի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջից:
«Բոլորիս մաղթում ենք բարի երթ եւ բեղմնավոր գործունեություն։ Թող նոր ընթացքը զուգորդվի լի դահլիճներով եւ չմարող ծափահարություններով»,- ասվում է հաղորդագրության տեքստում:
Ավելի վաղ թատրոնից հայտնել էին, որ հունիսի 15-ին ավարտվել է Մնջախաղի թատրոնի տնօրեն Արամ Խոջոյանի պաշտոնավարման ժամկետը:
«Վերջին 10 տարում սկզբում՝ որպես տնօրենի օգնական, այնուհետեւ՝ տնօրեն, Արամ Խոջոյանն իր երիտասարդական ավյունով եւ աշխատունակությամբ մեր թատրոնը բարձրացրեց մի նոր մակարդակի, եւ ապացուցվեց, որ մնջախաղի արվեստը խորությամբ իմացող ու մենեջմենթի նրբությունները խելացի կիրառող տնօրենը պետք է արձանագրեր այնպիսի արդյունքներ, որպիսիք չենք ունեցել թատրոնի 47-ամյա պատմության ընթացքում:
Մենք թատրոնում նրան Արամ ենք դիմում: Այդպես ինքն էր ուզում: Եվ բնական է, որ թատրոնում պիտի ձեւավորվեր ընտանեկան մթնոլորտ:
Շնորհակալություն, Արա՛մ ջան»,- նշել էր թատրոնի անձնակազմը:
Մանվել Խաչատրյանը ծնվել է 1981 թվականի ապրիլի 12-ին: Ավարտել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը։ 2008 թվականից աշխատում է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան եւ ռեժիսոր:
Թատրոնում խաղացել է մի շարք դերեր՝ Ա. Չեխովի «Օ՜ մադամ, Օ՜ միսյե» (Գրիշկա եւ Լիվանով), Ռ. Կավոզիի «Ֆելդֆեբել Բաթերֆլայ» (Մարկո), Գ. Սլուցկու «Մոլագարը» (Մոլագար), Պ. Գլադիլինի «Ուրիշ մարդը» (Նա), Կ. Գոլդոնիի «Խառնաշփոթ Կյոջիում» (Տոֆֆոլո), Ն. Գոգոլի «Ռեւիզոր» (Խլեստակով), Ս. Դովլաթովի «Աբանամատ» (Տոլիկ), Ա. Շիրվանզադեի «Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ» կամ «Մորգանի խնամին» (Ժորժ), Վ. Ժերեբցովի «Խնջույք ամառանոցում» (Պետյուն), Դարիո Ֆոի «Ազատ զույգը» (Տղամարդ), Ա. Կուլիչկովի եւ Ս. Շեւչենկոյի «9 ամիս» (անսպասելի հղիացած), Ն. Էրդմանի «Ինքնասպանը» (Հայր Ելպիդ), Ու. Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետ» (Բենվոլիո), Գ. Դորիի «Փղերի երկար ուղին» (Մարկո), Հովհ. Թումանյանի «Քաջ Նազարը» (Հարսանքատեր, գյուղացի), Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» (Արջամուկ) եւ այլն։
2012 թվականին «Մոլագարը» ներկայացման մեջ Մոլագարի դերի համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում:
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՀԱՂԹԱՆԱԿԸ
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է 3։0 հաշվով հաղթանակը Շվեյցարիայի հավաքականի նկատմամբ Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրում եւ 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճելը։ «Լոկատելին բացառիկ խաղ ցուցադրեց։ Կիսապաշտպանի համար հեշտ չէ երկու գոլ խփել։ Առաջին գոլը հրաշալի թիմային գործողության արդյունք էր, իսկ երկրորդը վճռվեց անհատական վարպետությամբ։ Ամբողջ թիմը բարձրության վրա էր։ Հինգ օրում երկրորդ հանդիպումն էր, ինչը կրկնակի հաճելի է դարձնում այս արդյունքը։ Մենք լավ խաղացինք, բարդ հանդիպում էր։ Շվեյցարիան ուժեղ եւ ֆիզիկապես ամուր թիմ է։ Որոշակի խնդիրներ ունեինք սկզբում, բայց հետո ամեն ինչ կարգավորվեց, եւ արժանի հաղթանակ տարանք։ Տղաները գերազանց աշխատանք կատարեցին։ Միշտ պետք է հավատալ, որ ամեն գրոհը կարող է ավարտվել գոլով։ Հենց այդպես տեղի ունեցավ, երբ Լոկատելին փոխանցում կատարեց Բեռարդիին եւ զուգահեռ առաջ գնաց դարպասի ուղղությամբ»,- Մանչինիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ առաջին տուրում իտալացիները 3։0 հաշվով հաղթել էին Թուրքիային, իսկ խմբային փուլի վերջին տուրում հունիսի 20-ին կմրցի Ուելսի թիմի հետ։
ԿՄԻԱՆԱ ԿԱՏԱԼՈՆԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻՆ
«Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտարարել է, որ Նիդերլանդների հավաքականի 27-ամյա հարձակվող Մեմֆիս Դեպայը առաջիկա օրերին կմիանա կատալոնական ակումբին։ «Դեպայը դեռ չի տեղափոխվել «Բարսելոնա», բայց մոտ է դրան։ Գործարքը մոտ է կնքմանը։ Ես ցանկանում է նրան ձեռք բերել դեռ հունվարի, բայց եթե հիմա էլ դա տեղի ունենա, հրաշալի կլինի։ Մենք գիտենք, թե ինչ կարող ենք անել միասին»,- Կումանի խոսքը մեջբերում է Voetbal International-ը։ Սպասվում է, որ տրանսֆերի պայմանագիրը կողմերը կկնքեն այս շաբաթ, իսկ Դեպայը «Բարսելոնային» կմիանա Եվրո-2020-ում Նիդերլանդների մրցելույթի ավարտից հետո։ Դեպայը կկնքի երեք տարվա պայմանագիր։ Նրա աշխատավարձը կկազմի տարեկան 5 միլիոն եբրո։
Դեպայը «Լիոնում» է հանդես գալիս 2017 թվականից։ Ֆրանսիայի ավարտված առաջնությունում նա մասնակցել է 36 հանդիպման, խփել է 20 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։