Լուսանկարն արվել է Հանրապետության հրապարակում
Ընտրությունների վերահսկման կոմիտեն Հանրապետության հրապարակից լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ. «Օրենքը թույլ է տալիս նմանաբնույթ քարոզչական նյութեր օգտագործել բացառապես քարոզչական միջոցառման ժամանակ, այլ ոչ թե դրանից 8-10 ժամ առաջ։ Պահանջում ենք վերացնել խախտումը»։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ ուր պետք է դիմի անձը հաշմանդամության կարգավիճակ ստանալու համար:
Մարինե Հակոբյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե անձն ունի առողջական խնդիրներ՝ հաշմանդամության կարգավիճակ ստանալու, ապա նա կարող է դիմել իրեն համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն (պոլիկլինիկա), որտեղ անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական եւ վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, իսկ տեւական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաեւ բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո, անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում նրան կուղեգրի բժշկասոցիալական փորձաքննության՝ տրամադրելով համապատասխան ուղեգիր:
Ուղեգրի առկայության դեպքում բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու նպատակով անձը կարող է գրավոր դիմել իր բնակության վայրը սպասարկող ԲՍՓ հանձնաժողով՝ դիմումին կցելով առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության` ներկայացնելով տեղեկանք փաստացի բնակության վայրից:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ բակալավրի կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար:
Իրինա Օհանյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար դիմորդը ներկայացնում է հետեւյալ փաստաթղթերը` լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ), 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի), անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական):
Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող, անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, զինվորական գրքույկ եւ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի եւ ծառայողական բնութագրի մասին: Արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր, միջազգային եւ հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները, ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաեւ փաստաթղթերն ընդունելու եւ ձեւակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ եւ ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար եւ վճարովի համակարգերի: