ԱՄՆ-ն հորդորել է Հայաստանի քաղաքական ուժերին հարգել ընտրությունների արդյունքները և խուսափել քաղաքական վրեժխնդրությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Այս մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

«Մենք ողջունում ենք դիտորդական առաքելության կողմից ընտրությունների ընդհանուր դրական գնահատականը: Ուրախ ենք, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելության նախնական գնահատականով մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հիմնականում հարգվել են, ընտրապայքարի մասնակիցները հնարավորություն են ունեցել ազատ քարոզչություն իրականացնել, դրական է գնահատվել նաեւ ընտրությունների օրվա ձայների հաշվարկը:

Մենք կիսում ենք դիտորդական խմբի մտահոգությունները մրցապայքարի հիմնական ուժերի շրջանում տիրող բորբոքիչ հռետորաբանության վերաբերյալ։ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին հորդորում ենք հաստատվելուն պես հարգել այս ընտրությունների արդյունքները, մտահոգության տեղիք տվող հարցերի կարգավորման համար կիրառել ընտրական բողոքների համար սահմանված իրավական գործընթաց և խուսափել քաղաքական հաշվեհարդարներից, որպեսզի Հայաստանը շարունակի հետամուտ լինել իր ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ ու բարեկեցիկ ապագային»,- հորդորել է ԱՄՆ-ը:

Նշվում է, որ Միացյալ Նահանգները միտված է ամրապնդել գործընկերությունը Հայաստանի հետ՝ հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա:

«Մենք ողջունում ենք Հայաստանին բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերում ձեռքբերումները և խրախուսում շարունակել այս ուղին՝ հայ ժողովրդի 2018-ի սպասումներին համապատասխան: Մենք բոլոր կողմերին հորդորում ենք հարգել օրենքի գերակայությունն ու ժողովրդավարական սկզբունքները և սպասում նոր կառավարության հետ համագործակցությանը»,- նշել է պետդեպարտամենտը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանում ՄԱՆ-ի դեսպան Լին Թրեյսիին ու դեսպանատան աշխատակազմին՝ նվիրվածության և քրտնաջան աշխատանքի համար:




Լրահոս