Ինչ է սպասվում «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար Արմեն Չարչյանին. ով է նրա կալանքի հարցը քննող դատավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է Հատուկ քննչական ծառայությունը «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի 20-րդ համար Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացրել։ Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցվելու որոշում է կայացվել:

Չարչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հրաժարվել է ցուցմունք տալ, և վերջինս պնդում է, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումն իր մեջ պարունակում է քաղաքական երանգներ: Ըստ քրեական գործի` Մայր աթոռին պատկանող հիվանդանոցի տնօրենը իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:

Արդյունքում, այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ քննվելու է Չարչյանի կալանքի տանելու հարցը: Իսկ ինչով է հայտնի դատավոր Մելիքսեթյանը եւ դատական համակարգը ինչ կասկածներ ունի դատավորի որոշման մասով: Բանն այն է, որ դատական համակարգում քննարկվում է այն վարկածը, որ դատավոր Մելիքսեթյանը կալանքի կտանի Չարչյանին՝ հաշվի առնելով ամուսնու գործոնը:

Մասնավորապես, ArmLur.am-ը գրել էր, որ Սյունիքում ապրիլի 21-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի արդյունքում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեն հարցաքննել է 40-ից ավել անձանց: Ավելին հրապարակել էինք, որ շուրջ 35 անձի կալանավորելու համար միջնորդություն էր ներկայացվել դատարան, սակայն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Տաթեւիկ Գրիգորյանը, Վահե Միսակյանը, Մանվել Շահվերդյանը, Կարեն ֆարխոյանը, Վարդան Գրիգորյանը, Արտուշ Գաբրիելյանը մերժել էին նախաքննական մարմինների միջնոդությունները եւ Սյունիքի մարզում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներին կալանքի չէին տարել եւ դատարանի դահլիճից վերջիններս ազատ էին արձակվել: Սակայն միակ դատավորը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանն էր բավարարել էր քննիչի որոշումը եւ կալանքի էր տարել ակցիայի մասնակիցներից մեկին:

Դատական համակարգը ուսումնասիրել եւ պարզել էին, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանի ամուսինը ոստիկանության Ապարանի քրեական հետախուզության բաժնի պետն է: Չի բացառվում, որ դատավոր Մելիքսեթյանը ոստիկան ամուսնու գործոնից ելնելով է բողոքի ակցիայի մասնակցին կալանքի տարել: Ուստի այս դեպքում էլ դատական համակարգում կանխում են, որ դատավոր Մելիքսեթյանը իրավապահ համակարգի դեմ դուրս չի գա:

Քնար Մանուկյան




Լրահոս