ԱՆԱԿՆԿԱԼ ԱՐԴՅՈՒՆՔ՝ «ԲԱՐԳԱՎԱՃ»-Ի ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի հետ՝ հասկանալու՝ արդյոք սպասելի էին ընտրության նման արդյունքները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար:

 

-Ընտրությունների ընթացքն ամփոփվել է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է այն քաղաքական ուժերին, որոնք անցել են խորհրդարան: Ձեր գնահատականն է հետաքրքիր. ինչպիսի՞ խորհրդարան ենք ունենալու:

-Դեռ հաշվարկներից քիչ ժամանակ է անցել: Ես նայեցի, որ ուժեր կան, որոնք դիմել են Սահմանադրական դատարան: Ես հիմա չեմ կարող մեկնաբանել, թե ինչպիսի խորհրդարան է սպասվում: Ամեն դեպքում, էս ավարտական պրոցեսը նոր է վերջացել, պետք է վերլուծենք, հասկանանք, որից հետո կկարողանանք համապարփակ գնահատական տալ: Նոր է ավարտվել, բոլորս եղել ենք ընտրատեսամասերում, շտաբներում, մինչեւ լուսադեմ նստել ենք, այս պահին ես ինքս էլ վերլուծություն չունեմ ձեռքիս տակ:

-Պարո՛ն Մանրիկյան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար անակնկա՞լ էր խորհրդարանում չլինելը, թե՞ այս ժամանակահատվածում՝ քարոզչության ընթացքում, ձեզ համար պարզ էր, որ հանրությունը այդքան էլ չի վստահում «Բարգավաճ Հայաստանին»:

-Չէ, մեզ համար նախ մեծ անակնկալ էր, որովհետեւ «Բարգավաճ»-ը կուսակցություն է, որը միշտ ունենում էր մարզային հանդիպումներ: Դրանք շատ բազմամարդ էին, եւ այդ հանդիպումներից եկող արձագանքերը թե՛ մարզերում, թե՛ Երեւանում, թե՛ գյուղական համայանքներում շատ դրական է եղել: Բավականին մեծ դրական ռեզոնանց է եղել, եւ այս պատկերն իհարկե անակնկալ է:  Դրա համար եմ ասում, որ պետք է համապարփակ ժամանակ, որպեսզի  հասկականք: Որպես Երեւանի ավագանի՝ Երեւանում հանդիպել ենք վարչական շրջաններում, մեր համաքաղաքացիների հետ հանդիպումներն անցել են բազմամարդ: Այդ տպավորությունն ու ընտրություններից ստացված ցուցանիշները իրար չեն համապատասխանում:

-Այսինքն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար ե՞ւս անհասկանալի հարցեր կան: Անընդունելի բաներ կա՞ն:

-Անձամբ ինձ համար անակնկալ է, եւ ես պետք է վերլուծություն անեմ՝ հասկանալու: Ես ինքս մասնացկել եմ Երեւանում՝ տարբեր վարչական շրջաններում հանդիպումների, եւ դրանց ընթացքում արժանացել ենք քաղաքացիների ջերմ վերաբերմունքին: Հիմա նման արդյունքները անհասկանալի են:

-Հնարավո՞ր է՝ Նիկոլ Փաշինյանը կեղծեր ընտրությունները: Քվեատուփերի հետ կապված կասկածներ ունե՞ք, որ հնարավոր է՝ լցոնումներ են իրականացվել: Ականատես եղե՞լ եք նման պատկերի:    

-Մամուլում եղան բազում հրապարակումներ, տարբեր մարզերում եւ Երեւանի վարչական շրջաններում ինչ-ինչ խնդիրներ են կազմվում: Համապատասխան մարմինները քննելուց հետո կտան իրենց գնահատականը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ այս ամենը պետք է հաշվի առնի եւ իր վերջնական եզրափակիչ արձանագրությունը կազմի: Դրանից հետո արդեն պարզ կլինի: Բայց մենք բոլորս արդեն տեսել ենք, թե ինչիպիսի խնդիրներ են եղել:  Տարբեր լրատվականներ տեսանյութեր են հրապարակել:

-Հետընտրական պրոսեցը, ըստ Ձեզ, ակտի՞վ է լինելու: Կարծում եք՝ ընդդիմությունը փողոց դուրս կգա՞:

-Այս պահին ստույգ ոչինչ ասել չեմ կարող: Հանդիպումներով շատ քարոզարշավ ենք ունեցել, հետո շատ փլված ընտրական օր, անքուր գիշեր, եւ այս ամենը վերլուծելու համար ժամանակ է պետք: Պետք է վերլուծել այս ամենը, հանգստանալ, որից հետո պետք է խոսել անելիքների մասին: Ինչ կապված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, կարծում եմ՝ առաջիկայում կտանք մեր կարծիքը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԺԳՈՀՈՒՄ Է

Ադրբեջանը դժգոհում է Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների կետերի չկատարումից։ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների որոշ կետեր իրականացվում են, որոշ կետերի իրականացումը ձգձգվում է։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ճեպազրույցում Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդիի հետ հանդիպումից հետո։ «Ես տեղեկացրի իմ ղազախստանցի գործընկերոջը իրենց հողեր 100 հազար հարկադրյալ տեղահանվածի վերադարձի անհրաժեշտության մասին։ Մենք նաեւ քննարկեցինք պոտենցիալ համագործակցությունն այդ ուղղությամբ»,- ասել է ադրբեջանցի նախարարը։ Փաստը, որ Ադրբեջանը չի վերադարձնում գերեվարված հայերին՝ նրանց օգտագործելով որպես շանտաժի եւ բան կորզելու զենք, Բայրամովը շրջանցել է լռությամբ։

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՁԱՅՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաշվարկն ավարտվել, եւ հայտնի են արդյունքները: Խորհրդարան են անցնում Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Արթուր Վանեցյանի գլխավորած քաղաքական ուժերը: Սակայն 2018 թվականի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների հետ համեմատ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը 197 հազար քվե պակաս է ստացել:

Ըստ ԿԸՀ ներկայացրած տվյալների՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 2 մլն 595 հազար 334 է, որից ընտրություններին մասնակցել է 1 մլն 282 հազար 411-ը կամ 49,4 տոկոսը: «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեարկել է 687 հազար 414 մարդ։ Իսկ, ահա, 2018-ի արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը 2 մլն 593 հազար 140 մարդ էր, որից ընտրություններին մասնակցել էր 1 մլն 261 հազար 105 քաղաքացի, իսկ «Իմ քայլը» դաշինքին կողմ էր քվեարկել 884 հազար 864 քաղաքացի։ Սա նշանակում է, որ 2018-ից 3 տարի հետո Նիկոլ Փաշինյանի օգտին է քվեարկել 197 հազար 450-ով ավելի պակաս քաղաքացի։

Եթե 2018 թվականին ԼՀԿ-ն ստացել էր  80 047 ձայն, ապա այս անգամ ստացավ ընդամենը 15 571 ձայն, իսկ, ահա, խորհրդարանական մյուս ուժը՝ ԲՀԿ-ն, 103 801 ձայնի փոխարեն՝ այս անգամ ստացել էր 50 419 ձայն: Այսպիսով, բոլոր ուժերի քվեեները պակասել են:

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԸ ԴԻՄԵԼՈՒ Է ՍԴ

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է ԱԺ արտահերթ ընտրություններին։ Հայտարարությունում ասվում է. ««Հայաստան» դաշինքն իր երախտագիտությունն է հայտնում 2021թ. հունիսի 20-ի ՀՀ ԱԺ ընտրություններում դաշինքին աջակցած եւ իր օգտին քվեարկած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Այն վստահություն է ներշնչում, որ երկրի մասին մտահոգ մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ ոչ միայն տեսան հայ ժողովրդի առջեւ ծառացած գոյութենական սպառնալիքները, այլ նաեւ իրենց հավանությունը տվեցին «Հայաստան» դաշինքի կողմից առաջարկած լուծումներին:

 

«Հայաստան» դաշինքը վերահաստատում է իր մոտեցումը, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները խիստ վիճահարույց են եւ վստահություն չեն ներշնչում: Մենք ունենք լուրջ հիմքեր՝ այս ընտրությունները ոչ լեգիտիմ համարելու եւ հայտարարելու, որ այսպիսի արդյունքներով ԱԺ-ն չի արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը: Մեր դիտարկումները եւ դաշինքի նախընտրական շտաբներից եկած տեղեկատվությունը փաստում են, որ խախտումները սկսվել են ընտրության օրվանից շատ ավելի վաղ: Իսկ բուն ընտրության օրը բազմաթիվ տեղամասերից մեր վստահված անձանց ահազանգերի նախնական ամփոփումը վկայում է, որ խոսքը գնում է ընտրության արդյունքների համակարգված եւ նախապես պլանավորված կեղծարարության մասին:

Մասնավորապես՝

ձեւավորվեց ոչ մրցակցային ընտրական միջավայր, գործող իշխանության կողմից զանգվածաբար օգտագործվեցին վարչական ռեսուրսները, ձեռնարկվեցին ընտրական ահաբեկման առերեւույթ գործողություններ:

Ընտրահաշվարկը սկսելուն պես բազմաթիվ տեղամասերում տեղի ունեցան էլեկտրաէներգիայի անջատումներ: Խոսքը գնում է մարզերի ամբողջական, առանձին համայնքների մասին՝ Արմավիր, Լոռի, Շիրակ, Արագածոտն եւ այլն:

Բազմաթիվ տեղամասերում արձանագրվեցին այդ բնակավայրերին օտար մեծ թվով քաղաքացիների առկայություն եւ քվեարկություն, որը հիմք է տալիս ենթադրելու, որ գործել է շրջիկ մոբիլ խմբերի կեղծարարության համակարգ:

Անհերքելի իրողություն է բանակի անթաքույց ուղղորդված քվեարկությունը, որն իշխանության համար ապահովել է մեծաքանակ ձայներ:

Առկա է խորը կասկած, որ գործել է ընտրությունների ծրագրային ապահովման կեղծարարություն, որն ի սկզբանե բացառում է օբյեկտիվ արդյունքների հնարավորությունը:

Առանձին համայնքներում իշխանության կողմից քողարկված ընտրակաշառքի դեպքերի մասին ահազանգեր կան:

«Հայաստան» դաշինքն օգտագործելու է ընտրության արդյունքները վիճարկելու ողջ գործիքակազմը, այդ թվում՝ դիմելու է Սահմանադրական դատարան: Դաշինքը սկսում է քաղաքական կոնսուլտացիաներ ընտրություններին մասնակցած այլ ուժերի հետ միասնական ՍԴ դիմելու հնարավորությունը քննարկելու համար»:

 




Լրահոս