ՄԱՆԴԱՏՆԵՐԸ ՓՈԽԱՆՑՎԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանում ներկայացրեց, թե ինչ կլինի, եթե նոր խորհրդարան անցնող երկու ընդդիմադիր ուժերը, օրինակ, հրաժարվեն իրենց մանդատներից: Մուկուչյանն այս հարցին անդրադարձավ ԿԸՀ-ում: «Այս փուլում մանդատների հրաժարման ինստիտուտ, որպես այդպիսին, ամրագրված չունենք: Իհարկե, կարող է լինել տարբերակ, որ, ենթադրենք, թեկնածուները, որոնց հատկացվում են մանդատներ, հրաժարվում են մանդատներից՝ ինքնաբացարկ հայտնելու միջոցով»,-ասաց Մուկուչյանը:

 

Նա նշեց, որ մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջեւ, որոնք Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով պետք է ստանան այդ մանդատները, նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող: Հարցին՝ եթե համամասնական ցուցակի բոլոր անդամները հրաժարվեն, ինչ կլինի, Մուկուչյանն ասաց՝ կնշանակի, որ ոչ ոք մանդատ չի ստանա, խորհրդարանում կմնան այն ուժերը, որոնք կան: Հարցին, թե արդյոք օրենքի բաց կա այստեղ, նա դժվարացավ պատասխանել՝ հավելելով, որ խնդիրն առանձին վերցրած չեն ուսումնասիրել: Նա դժվարացավ հստակ վերջնական պատասխան ներկայացնել, թե արդյոք այդ դեպքում կարող են լինել նոր ընտրություններ:

Նա հիշեցրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթներն ավարտվում են արդյունքների ամփոփմամբ, ընտրության արդյունքների վերաբերյալ որոշման ընդունմամբ եւ մանդատների տրամադրմամբ: Անդրադառնալով ընտրությունների օրը հոսանքազրկման դեպքերին՝ Մուկուչյանը վստահեցրեց, որ փորձել են համապատասխան ծառայությունների միջոցով առավելագույնը կարճ ժամկետում վերականգնել: Նա հիշեցրեց, որ այդ կապակցությամբ տվել են պարզաբանումներ, որ տեխնիկական սարքավորումների աշխատանքի հետ կապված խափանումներ չեն եղել: «Կային համապատասխան մարտկոցներ, որոնք հնարավորություն էին տալիս նույնիսկ հոսանքազրկման պարագայում շարունակել աշխատանքը, քվեարկության ընթացքը նկատի ունեմ: Խնդիր էր լինում տեսախցիկների հետ կապված, որոնք անջատվում էին, բայց հոսանքը վերականգնելու պարագայում դրանք անմիջապես վերականգնվում էին»,-ասաց նա:

Հարցին, թե ինքն այդ հոսանքազրկումներն արդյոք պատահականություն է համարում, Մուկուչյանն ասաց, որ նման դատողություն անելու համար պետք է ունենալ լուրջ հիմքեր:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ նախնական արդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը:

 

 

 

ՄԱՆԱԽԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Ազատամարտիկ Արթուր Այվազյանը, որն ավելի հայտնի է Մանախ մականունով, բերման է ենթարկվել, որից հետո ձերբակալվել։ Այս մասին ArmLur.am-ին հայտնել է նրա փաստաբանը` Արա Զաքարյանը: «Ձերբակալելու ոչ մի պատճառ չեն հայտնում, միայն ասում են՝ խուլիգանություն կատարելու համար, բայց ինչ խուլիգանություն, երբ, որտեղ՝ որեւիցե տեղեկություն մեզ չեն հայտնում»,- ասել է նա։ Փաստաբանի խոսքով՝ Այվազյանն անժամկետ հացադուլ է հայտարարել. «Այվազյանը համարում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Վարչապետի խոստացված այն մուրճը, որը շուտով գործի են դնելու, սկսվեց Արթուր Այվազյանից»։ Արա Զաքարյանի պնդմամբ՝ ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոք է ներկայացրել դատարան։

 

 

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑԵԼ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ադրբեջանի Լաչինի շրջանում Հայաստանի կողմից անտառների ոչնչացման կապակցությամբ: Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով գլխավոր դատախազությանը, հայտնում է, որ Հայաստանը մեղադրվում է արժեքավոր եւ բազմամյա ծառերով անտառների կանխամտածված ոչնչացման միջոցով Վայրի բնության եւ շրջակա միջավայրի պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի խախտման, էկոլոգիական ահաբեկչության մեջ: Զեկույցում նշվում է, որ «հետաքննության արդյունքում հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ցուցումով դրա զինված ուժերը հերթական անգամ ցուցադրել են իրենց բարբարոսությունը եւ ապօրինաբար հատել են տարբեր տեսակի 1818 ծառ Լաչինի շրջանում՝ իր յուրահատուկ բուսական եւ կենդանական աշխարհով», պատճառվել է էական վնաս: Հարուցվել է քրեական գործ:

 

 

ԳՈՐԾԸՆԹԱՑ

Հայաստանի  Հանրապետության գիտության կոմիտեն կազմակերպում է գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման հայտերի ընտրության մրցույթ: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախախարարության փոխանցմամբ՝ մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել ՀՀ պետական բյուջեից գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրում ընդգրկված գիտական պետական կազմակերպությունները կամ բուհերը ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար գիտական սարքերի/սարքավորումների ձեռքբերման նպատակով: Գործընթացն իրականացվում է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի օգոստոսի 12-ի N 1028-Ա/2 հրամանով հաստատված Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի կարգի:

 

 

ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողները Արամի փողոցից գծային բաժին բերման են ենթարկել 43-ամյա Համլետ Թ.-ին, որը մայիսի 31-ից Ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

Երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել թմրամիջոցների ապօրինի իրացմանն օժանդակելու համար: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի իրացմանն օժանդակելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ երկու երիտասարդներ գումար վաստակելու նպատակով 2020թ. նոյեմբեր ամսից «Տելեգրամ» կայքի օգտատերերից  ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել եւ փոխադրել թվով 5 առանձին փաթեթներում փաթեթավորված՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1.42 գրամ հաստատուն քաշով «A-PVP» տեսակի եւ թվով 34 փաթեթների մեջ փաթեթավորված, խոշոր չափերով՝ 23.86 գրամ հաստատուն քաշով կանեփի բուսական խոշոր մանրացված զանգված հանդիսացող Մարիխուանա տեսակի թմրամիջոցներ: 2021թ. հունվարի 29-ին երիտասարդները բերման են ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից: Նրանց անձնական, ինչպես նաեւ ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են վերոհիշյալ խմբաքանակի թմրամիջոցները:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երկու երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրանց մասով նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ: Թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը մասնակից մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Փրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Ռազմական գործողություններից անմիջապես հետո սկսված որոնողական աշխատանքների ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներից մինչ այսօր հայտնաբերվել եւ տարհանվել է 1580 աճյուն: Ժամանակ առ ժամանակ հայկական ու ադրբեջանական կողմերը կատարել են դիերի փոխանակում:




Լրահոս